Վաղ առավոտից ավտոբուսի վարորդները գործադուլ են հայտարարել։ Վարորդներից մեկը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ իրենց խոստացել են աշխատավարձերի բարձրացում, բայց խոստումը չեն կատարել։
Այս պահին Երևանի կանգառները մարդաշատ են։ Հատուկենտ ավտոբուսներ են գործում։

Քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտարարել է, որ վարորդների կողմից «հերթական անգամ առաջ են քաշվում անտրամաբանական պահանջներ, որոնք զուգորդվում են շանտաժի դրսևորումներով»։
«Ինչպես գիտեք, վերջին ամսվա ընթացքում հանրությանը պարբերաբար առիթ ենք ունեցել հայտնելու, որ միասնական տոմսային համակարգի ներդրմանը զուգահեռ էականորեն կրճատվել է ստվերային շրջանառությունը, և այս գործընթացը շարունակական է լինելու։ Չնայած վարորդների կողմից բարձրացված աշխատանքային բնույթի հարցերը պարբերաբար լուծում են ստացել, ինչպես նաև վարորդներին հայտնել են, որ ստվերային շրջանառության կրճատմանը զուգընթաց բարելավվելու են աշխատանքային պայմանները, այնուհանդերձ, ինչպես վերը նշվեց, մեծ թվով վարորդների կողմից հերթական անգամ առաջ են քաշվում անտրամաբանական պահանջներ, որոնք զուգորդվում են շանտաժի դրսևորումներով»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Կոստանյանը։
Նա հիշեցնում է, որ ամսվա ընթացքում 15 օրվա համար վարձատրությունն առանց հարկերի MAN ավտոբուսների վարորդների դեպքում կազմում է 401,500 դրամ, Zhong Tong-ի դեպքում՝ 309,500 դրամ, Gazel City-ի դեպքում՝ 219,500 դրամ:
«Վերոնշյալ գործողություններին տրվելու է գնահատական աշխատանքային օրենսդրության շրջանակներում, ինչպես նաև դիմելու ենք պատկան մարմիններին՝ վերոնշյալ արարքներին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով»,- նշել է Հայկ Կոստանյանը։
Civilnet











