Նոյեմբերի 1-ին ԱԺ առողջապահության, մայրության, մանկության հարցերի և ֆինանսավարկային ու բյուջատեյին հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի և Գագիկ Մինասյանի նախագահությամբ շարունակվել են «ՀՀ 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ առողջապահության ոլորտին վերաբերող քննարկումները, հաղորդում են ԱԺ մամուլի ծառայությունից:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրել է 2013թ. նախատեսվող ֆինանսական հատկացումները` նշելով, որ 2013թ. պետական բյուջեի նախագծով առողջապահության ոլորտի ծախսերը կկազմեն 70,3 մլրդ դրամ, որը 5,1 մլրդ դրամով ավելի է 2012թ. հատկացված միջոցներից:
Ֆինանսների փոխնախարարի տեղեկացմամբ` 2013թ. պետական բյուջեի նախագծով արտահիվանդանոցային ծառայություններին նախատեսվում է տրամադրել 23 մլրդ 910 մլն դրամ, հիվանդանոցային ծառայություններին՝ 27 մլրդ 256 մլն դրամ, հանրային առողջապահական ծառայություններին՝ 3 մլրդ 159 մլն դրամ, «Առողջապահական հարակից ծառայություններ և ծրագրեր» խմբին՝ 11,2 մլրդ դրամ:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրել է առողջապահության ծրագրային քաղաքականությունը՝ նշելով, որ 2013թ. պետական բյուջեով ծրագրված է իրականացնել 50 առողջապահական ծրագրեր, որոնց աճը 2012թ. համեմատ կկազմի 7,8%: Կառուցվածքային առումով պլանավորված ծախսերի 73%-ը ուղղվելու է արտահիվանդանոցային և հիվանդանոցային ծառայությունների փոխկապակցված զարգացմանը: Կարևորվելու է առողջապահական ծրագրերի արդյունավետության, նպատակաուղղվածության, հասցեականության մակարդակի բարձրացումը: Այդ նպատակով 2013թ. ընդլայնվելու են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման մեխանիզմների բարեփոխման, ոլորտի ֆինանսական հոսքերի կառավարման, արդյունավետության բարձրացման քայլերը, ինչը հնարավորություն կտա կանոնակարգել և առավել կանխատեսելի դարձնել բուժօգնության և սպասարկման համար ազգաբնակչության կողմից կատարվող ծախսերը, լեգալացնել առկա ստվերային վճարները, թափանցիկ դարձնել ֆինանսական հոսքերը, և դրանք հստակ մեխանիզմներով ուղղել բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացմանը:
Դերենիկ Դումանյանի խոսքով` 2013թ. առողջապահության ոլորտի հիմնական թիրախը շարունակելու է մնալ բուժօգնության առաջնային օղակի զարգացումը, ինչի համար պլանավորված է ծախսել 24 մլրդ դրամ: Ամբուլատոր պոլիկլինիկական օղակում պլանավորված է մշակել Հայաստանում առավել բարձր մահացության բերող սրտանոթային, ուռուցքաբանական և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման մի շարք ծրագրեր, որոնք կուղեկցվեն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բուժանձնակազմի կատարողականի վրա հիմնված խրախուսական վարձատրության համակարգի ներդրմամբ:
Նախատեսվում է Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու մարզերի 13 համայնքներում կառուցել նոր ամբուլատորիաներ:
Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց անհրաժեշտ դեղեր ապահովելու նպատակով կհատկացվի 4 մլրդ դրամ, ընդ որում` հոգեկան հիվանդությունով տառապող անձանց, չարորակ նորագոյացությունների, շաքարային և ոչ շաքարային դիաբետի բուժման համար ձեռք են բերվելու նոր սերնդի դեղեր:
Դերենիկ Դումանյանը նշել է, որ Երևանում և մարզերում կատարելով միևնույն հատկացումները՝ 2013թ. ակնկալվում է մարզերից Երևան հոսքի կրճատում, ինչը կապահովի բյուջետային միջոցների տարածքային համաչափ բաշխում:
2013թ. կկառուցվեն Վանաձորի, Մեղրու բուժկենտրոնները, իսկ Աբովյանի, Ղափանի, Բերդի և Ալավերդու բժշկական կենտրոնները կվերանորոգվեն և կվերազինվեն ամբողջությամբ:
Երևանում կսկսվեն օնկոլոգիական նոր կենտրոնի շինարարության և հեմատոլոգիական կենտրոնի վերանորոգման և վերազինման աշխատանքները, որի համար կտրամադրվի 10 մլրդ դրամ:
Նույն օրը Հակոբ Հակոբյանի և Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ սոցիալական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որտեղ ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը և ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրել են «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված սոցիալական ոլորտի ֆինանսական ցուցանիշները և ծրագրերը:
Սոցիալական ոլորտի ծախսերը կկազմեն 303 մլրդ 206 մլն դրամ կամ 2012թ. պետական բյուջեով հաստատվածից 4 մլրդ 112 մլն դրամով պակաս: «Սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ» ծրագրով նախատեսվում է 18 մլրդ 986 մլն դրամ, իսկ «Շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ» ծրագրով նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 101,6 մլն դրամ: Տեղեկացվել է որ «Սոցիալական կենսաթոշակներ» ծրագրով նախատեսվում է տրամադրել 9 մլրդ 867 մլն դրամ. աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի 31 345,.8 դրամ` 2012թ. 31 254,5 դրամի դիմաց: «Կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստ» ծրագրով նախատեսվում է տրամադրել 4 մլրդ 880,4 մլն դրամ: Թաղման նպաստի չափը պահպանվել է 200 հազ. դրամի սահմաններում: «Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն» ծրագրի ծախսը, պահպանելով 2012թ. համար նախատեսված չափը, կազմում է 37 մլրդ 105,8 մլն դրամ: Ծրագրով նախատեսվող նպաստառուների թվաքանակը կազմում է 104 685 ընտանիք, իսկ նպաստի միջին ամսական չափը՝ 29 537,8 դրամ: «Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ» ծրագրով նախատեսվում է հատկացնել 2 մլրդ 419,2 մլն դրամ` պահպանելով երեխայի խնամքի նպաստի ամսական չափը՝ 18 000 դրամ:
Ծախսերը 2012 թվականի նկատմամբ աճում են 43,2 մլն դրամով, որը պայմանավորված է նպաստ ստացողների թվի աճով: «Երեխայի ծննդյան միանվագ նպաստ» ծրագրով նախատեսվում է 4 մլրդ 625 մլն դրամ. ծախսերը 2012թ. նկատմամբ աճում են 63 մլն դրամով, որը պայմանավորված է երեխաների ընդհանուր թվաքանակում 3-րդ և ավելի երեխաների տեսակարար կշռի աճով: «Գործազրկության նպաստ» ծրագրով նախատեսվում է հատկացնել 3 մլրդ 589,3 մլն դրամ՝ գործազրկության նպաստի ամսական չափը պահպանելով 18 հազ. դրամի մակարդակում: «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում» ծրագրով կծախսվի 1,7 մլրդ դրամ (պահպանվել է 2012թ. համար նախատեսված չափը): «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, Հայրենական մեծ պատերազմում և այլ պետություններում մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող դրամական օգնության տրամադրում» ծրագրով ծախսը կազմում է 8 մլրդ 279.9 մլն դրամ` պահպանելով 2012թ. մակարդակը: «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրի ծախսը կազմում է 19 մլրդ 531,5 մլն դրամ` 2012թ. 18 մլրդ դրամի դիմաց:
Նախարարի տեղեկացմամբ` 2013թ. համար կառավարության կողմից գերակա են համարվել՝ կենսաթոշակային ապահովության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը և հաշմանդամների իրավունքների ապահովման հետ կապված ծրագրերը:
Civilnet











