Գլխավոր Լրահոս

Հայաստանը պետք է ուշադիր հետևի Թուրքիա-Իրան-Ռուսաստան-ԱՄՆ քաղաքականությանը. Չըթըրեան

Հայաստանը պետք է ուշադիր հետևի Թուրքիա-Իրան-Ռուսաստան-ԱՄՆ քաղաքականությանը. Չըթըրեան

Կարճ ժամանակամիջոցում Սիրիայի ընդդիմադիր ուժերի մուտքը Դամասկոս անակնկալ էր և ունի թերևս երկու բացատրություն՝ ներքին և արտաքին, ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է Ժնևի համալսարանի դասախոս, քաղաքագետ Վիգէն Չըթըրեանը։

Անդրադառնալով ներքին գործոնին՝ նա ընդգծում է, որ Բաշար Ասադի իշխանական համակարգն ամբողջովին հյուծված էր, և նա փաստացի իշխում էր ավերակների վրա։ Նման պայմաններում ոչ մի խոսք չկար տնտեսական բարեփոխումների կամ զարգացման մասին։ Այդ է պատճառը, ըստ Չըթըրեանի, որ ապստամբ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը, կարողանալով ճեղքել իշխանական ուժերի առաջին դիմադրությունը, հեշտորեն հասավ Դամասկոս։ Չըթըրեանը հավելում է, որ սիրիական համակարգի աղճատվածությունը վերաբերում էր նաև Ասադին ենթարկվող զինված ուժերին, որոնք մեկ ընդհանուր համակարգ չէին։

Ինչ վերաբերում է Ասադի իշխանության փլուզման մեջ արտաքին դերակատարների դերին, ապա քաղաքագետն առաջինը ուշադրություն է դարձնում Իրանին ու Ռուսաստանին։ Մասնավորապես, նա նշում է, որ Իսրայելի դեմ հակամարտության պատճառով Իրանը ռազմական ներկայության տեսանկյունից լայնորեն ներկայացված չէր Սիրիայում, իսկ Ռուսաստանի պարագայում դեր խաղացին նրա թուլացած դիրքերը. նա չկարողացավ ազդել ընթացող զարգացումների վրա։ 

Հետևաբար, Իրանն ու Ռուսաստանը, երկար տարիներ մեծ ռեսուրսներ ծախսելով Սիրիայում, ռազմավարական պարտություն կրեցին։ Ըստ Չըթըրեանի՝ իրանական կողմը վերջին տարիներին ծախսել է 50 մլրդ դոլար Բաշար Ասադի իշխանությունը պահելու համար։ Բացի դրանից, Իրանը զրկվեց Թեհրան-Բաղդադ-Դամասկոս-Բեյրութ շղթայից կամ դիմադրության այդ առանցքից։

Միջազգային դերակատարների թվում հաղթանակ տարավ Թուրքիան, որը Սիրիայում Իրանի ու Ռուսաստանի նկատմամբ ավելի ուժեղ դիրքերի է հասել։ Թուրքական կողմը, բացի «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորոման հետ սերտ կապերից, ուղղակիորեն հովանավորում է «Սիրիայի ազգային բանակի» ուժերին։ Վերջինները կարողանում են լուրջ հաջողություն գրանցել քրդերի դեմ պայքարում՝ գրավելով Թել-Ռըֆաթ և Մանբիջ կարևոր քաղաքները։

Ժնևի համալսարանի դասախոսը, անդրադառնալով քրդերի հարցին, նշում է, որ  Դամասկոսի գրավումը մեծ ազդեցություն չունեցավ նրանց դիրքերի վրա, իսկ Սիրիայում գործող քրդական ջոկատների ապագայի հարցը սերտորեն փոխկապակցված է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական որոշման հետ, որի լիազորությունները ուժի մեջ կմտնեն 2025-ի հունվարի 20-ից։

Ըստ Չըթըրեանի՝ եթե ամերիկյան կողմը որոշի թողնել իր ռազմաբազան քրդերով բնակեցված Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում, իրավիճակը քրդերի շուրջ կպահպանվի, ինչպես նախկինում (ժամանակ առ ժամանակ թուրքական ռմբակոծությունների ներքո)։ Իսկ եթե Վաշինգտոնը որոշի հեռացնել իր ուժերը քրդական շրջաններից, ապա, քաղաքագետի խոսքով, նրանց կսպառնա թուրքական հարձակման վտանգը։ Համենայնդեպս, Չըթըրեանը շեշտում է, որ քրդական ջոկատները այսօր պատերազմի մեջ են Թուրքիայի հովանավորությունը վայելող ուժերի դեմ։

Սիրիայում ձևավորվող նոր կարգերին հետևելով, ըստ քաղաքագետի, Հայաստանում պետք է ուշադիր հետևեն Թուրքիա-Իրան-Ռուսաստան-Միացյալ Նահանգներ քաղաքականությանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում