Գլխավոր Լրահոս

Նախկին ֆուտբոլիստ, Արևմուտքի քննադատ. Վրաստանը նոր նախագահ ունի

Նախկին ֆուտբոլիստ, Արևմուտքի քննադատ. Վրաստանը նոր նախագահ ունի

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) շաբաթ օրը կայացած նախագահական ընտրություններից հետո Վրաստանի հաջորդ նախագահ է հռչակել նախկին ֆուտբոլիստ և հակաարևմտյան Ժողովրդական իշխանություն կուսակցության անդամ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ակնկալվում է, որ Կավելաշվիլին պաշտոնը կստանձնի դեկտեմբերի 29-ին:

ԿԸՀ-ի տվյալներով՝ Կավելաշվիլին 300 հոգանոց ընտրական կոլեգիայից ստացել է 224 ձայն, ընդ որում մնացած անդամների մեծ մասը, որոնք ներկայացնում են ընդդիմությունը, բոյկոտել են գործընթացը։

Նիստը բոյկոտողների թվում են եղել «Աբխազիայի Ինքնավար Հանրապետության» Գերագույն խորհրդի առնվազն երեք անդամ՝ «Աբխազիայի վտարանդի կառավարությունը», ներառյալ նրա նախկին նախագահ Թեմուր Մժավիան:

Խորհրդի մեկ այլ անդամ՝ Զուրաբ Ջղուբուրիան, ի սկզբանե հրաժարվել էր մասնակցել քվեարկությանը՝ հայտարարելով, որ «չի կարող» աջակցել «ռուսական մտածելակերպով» թեկնածուին, իսկ խորհրդի ամենահայտնի անդամ Ադա Մարշանիան խորհրդարանում իր քվեաթուղթը գցելիս հայտարարել է, որ փչացնում է իր ձայնը:

Սա երկրի պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ նախագահն ընտրվում է ընտրական կոլեգիայի միջոցով՝ 2017-ի սահմանադրական փոփոխությունից հետո:

Կավելաշվիլին միակ թեկնածուն էր, որն առաջադրվել էր իշխող Վրացական երազանք կուսակցության կողմից նոյեմբերի 27-ին:

Նա քաղաքականություն է մտել որպես Վրացական երազանքի պատգամավոր 2016-ին և ամենասուր ձևով է արտահայտվել Վրաստանի արևմտյան գործընկերների հասցեին՝ իշխող կուսակցության հակաժողովրդավարական քայլերի և ինստիտուցիոնալ բարեփոխումների բացակայության վերաբերյալ նրանց քննադատության պատճառով: Կավելաշվիլին եղել է նաև Վրաստանի օտարերկրյա գործակալի մասին օրենքի հեղինակների թվում։

2022-ին Կավելաշվիլին պաշտոնապես հեռացավ Վրացական երազանքից՝ այլոց հետ միասին հիմնելու Ժողովրդական իշխանություն կուսակցությունը: Շարունակելով աջակցություն հայտնել իշխող կուսակցությանը՝ խմբավորումը խոստացավ ավելի բացահայտ հակազդեցություն հայտնել Արևմուտքին, քան ինքը՝ Վրացական երազանքը, որն այն ժամանակ զգուշավոր էր թվում իր արևմտամետ ընտրազանգվածն օտարելու հարցում:

Այս ամսվա սկզբին խորհրդարանում Ժողովրդական իշխանությունը լքեց Վրացական երազանք խմբակցությունը՝ ստեղծելու այն, ինչ նրանք անվանում էին «առողջ ընդդիմություն»: Քննադատները պնդում են, որ այս քայլն արվել է քննադատությունից խուսափելու համար, թե Վրացական երազանքը միակուսակցական խորհրդարան է ղեկավարում:

Ցուցարարները վիճարկում են Կավելաշվիլիի ընտրությունը, քանի որ ընդդիմությունը աջակցում է Զուրաբիշվիլիին։

Իր առաջադրումից անմիջապես հետո Կավելաշվիլին՝ ռուսական Սպարտակ-Ալանիա Վլադիկավկազ և անգլիական Մանչեսթեր Սիթի ֆուտբոլային ակումբների նախկին խաղացողը, քննադատության է արժանացել որպես «առանց դիպլոմի» մարդ, որը չունի բարձրագույն կրթություն։

Թեև բարձրագույն կրթության աստիճանի բացակայությունը չի զրկում թեկնածուին Վրաստանի նախագահի պաշտոնում առաջադրվելու իրավունքից, շատերը հիշեցնում են, որ 2015-ին նա չկարողացավ առաջադրվել Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում հենց այդ պատճառով:

Շաբաթ օրը վաղ առավոտյան ցուցարարները հավաքվել էին Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ՝ իրենց դիպլոմները ձեռքին կամ ֆուտբոլ խաղալով՝ բողոքելու քվեարկության դեմ։ ԿԸՀ-ի պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո ցուցարարների մի մասը սեւ ծուխ է բաց թողել։

Նորընտիր նախագահի անունի հայտարարությունից անմիջապես հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ողջունել է լուրը՝ ասելով, որ «ավելի քան 20 տարի Վրաստանը չի ունեցել հայրենասեր և հոգեպես ու հոգեբանորեն հավասարակշռված նախագահ»։

«Այս առումով Միխեիլ Կավելաշվիլիի նախագահությունը վերափոխիչ կլինի մեր երկրի համար»,- ասել է նա։

Նորընտիր նախագահի լեգիտիմությունը մերժողների թվում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը խոստացել է մնալ իր պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը չի համաձայնել նոր ընտրություններ նշանակել:

Զուրաբիշվիլիի որոշումը պաշտպանել են բոլոր չորս հիմնական արևմտամետ ընդդիմադիր կուսակցությունները, որոնք նույնպես հրաժարվել են վերցնել իրենց մանդատները, որ ստացել են հոկտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում:

Շոթա Կինչա, OC Media

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում