Ազգային ժողովում շարունակվում են 2013թ. բյուջեի քննարկումները: Օրակարգում են գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ֆինանսավորումը:
Գիտնականների աշխատավարձի բարձրացման հարցը, ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի խոսքով, դեռ քննարկման փուլում է:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը Պավել Սաֆարյանին հարցրեց, թե նախատեսվում է արդյոք երիտասարդ գիտնականններին սոցփաթեթի մեջ ներառել:
«Գիտնականներին սոցփաթեթում ներառելու հարց 2013թ. բյուջեում ներառված չէ»,- պատասխանեց Սաֆարյանը:
Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հետաքրքրվեց, թե ինչպես են պատրաստվում գիտելիքահեն տնտեսություն ստեղծել, երբ գիտությանը չեն տրամադրում նույնիսկ պահանջվող 1% ֆինանասավորումը:
Բագրատյանը բարձրացեց նաև տարեց գիտնականներին սոցփաթեթում ներառելու և և գիտական աստիճանների համար հատկացվող հավելավճարների հարցը:
«Ես կարծում եմ, որ այն ոլորտները, որտեղ մենք տոկոսներ ենք ամրագրել, միշտ պրոբլեմների են հանգեցնում, քանի որ կառավարությանը և ԱԺ-ին տեղ չի մնում քննարկումների և հնարավոր փոփոխությունների համար»,- գիտության ֆինանսավորման սահմանված տոկոս ունենալու մտքին արձագանքեց Սաֆարյանը՝ հավելելով, որ ծրագրեր լինելու դեպքում է պետք ավելացնել գիտության ֆինանսավորումը, ոչ թե ինքնանպատակ:
Անդրադառնալով գիտական աստիճանով պայմանավորված հավելավճարների խնդրին` Սաֆարյանը նշեց, որ կա 700 մլն դրամ գումար թեկնածուների և դոկտորների համար:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի հարցերով հանձնաժողովի անդամ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը գիտնականների աշխատավարձերը համարեց զավեշտալի: «Անիմաստ է խոսել գիտության մասին և աշխատավարձը պահել երկու անգամից ցածր»,- նշեց Մանուկյանը` հավելելով, որ աշխատավարձի բարձրացում հնարավոր է անել` կրճատելով ստվերային տնտեսությունը, շքեղ շինարարությունները:
Civilnet











