Բաքվում կալանքի տակ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ հարուցված քրեական գործերն ուղարկվել են դատարան: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, փոխանցում է Report գործակալությունը։
Բաքվի դատարանը 15 անձի վերաբերյալ մեկ վարույթում գտնվող գործը կքննի 2 548 դրվագով: Մեղադրանք է առաջադրվել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին, Դավիթ Ալավերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Վասիլի Բեգլարյանին և Էրիկ Ղազարյանին:
Նրանք մեղադրվում են «ագրեսիվ պատերազմի պլանավորելու և վարելու, ցեղասպանության, բնակչության բնաջնջման, ստրկության, տեղահանության, խոշտանգում իրականացնելու, վարձկանություն, ահաբեկչություն, հանցավոր կազմակերպություն ստեղծելու» համար։
Ադրբեջանի դատախազությունը «համագործակցության կոչ է արել Հայաստանի իրավապահ մարմիններին՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ կասկածյալներ և վկաներ գտնվում են Հայաստանի տարածքում»։
***
Ադրբեջանական գերության մեջ է 23 հայ զինծառայող և քաղաքացիական անձ, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձինք են: Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։ 23 գերիների թվում են նաև Արցախի 8 ներկա ու նախկին պաշտոնյաները։
Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել է, որ հայկական կողմը փաստական տվյալներ ունի 44-օրյա պատերազմից հետո ևս 32 գերիների առկայության մասին, սակայն այս անձանց բռնի անհետացման փաստն Ադրբեջանը հերքում է:
https://civilnet.am/news/809597/%d5%bc%d5%b8%d6%82%d5%a2%d5%a5%d5%b6-%d5%be%d5%a1%d6%80%d5%a4%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6-%d6%81%d5%b4%d5%a1%d5%b0-%d5%a1%d5%a6%d5%a1%d5%bf%d5%a1%d5%a6%d6%80%d5%af%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%bd%d5%ba%d5%a1%d5%bc%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%ba%d5%a1%d5%b7%d5%bf%d5%ba%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80/
Civilnet











