Մի շարք հիվանդություններ, որոնցով զորակոչիկները մեկ տարի տարկետում էին ստանում, կճանաչվեն սահմանափակումով պիտանի զինծառայության համար, եթե մեկ տարվա ընթացքում առողջական վիճակի վատթարացում չլինի։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության դեկտեմբերի 19-ի նիստում։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ որոշ հիվանդությունների դեպքում զորակոչիկին տրվում է տարկետում մեկ տարով այն տրամաբանությամբ, որ մեկ տարվա ընթացքում դիտարկվի՝ հիվանդությունը զարգանում է, թե ոչ։
«Լինում են հիվանդություններ, որ մեկ տարվա ընթացքում հնարավոր է բժշկական միջամտության միջոցով չեզոքացնել։ Փորձը ցույց է տալիս, որ հանրության շրջանում չկա շահագրգռվածություն բժշկական միջամտության միջոցով առողջությունը վերականգնելու։ Սա բերում է նրան, որ ևս մեկ տարվա տարկետում է տրվում, հետո ևս մեկ տարվա և այլն»,- ասաց պաշտպանության նախարարը՝ անվանելով դա զինծառայությունից խուսափելու յուրօրինակ սողանցք։
Պապիկյանը մանրամասնեց՝ եթե մեկ տարով տարկետում ստացանալուց հետո պարզվի, որ վիրահատությամբ հիվանդությունը չեզոքացնելու հնարավորություն է եղել, որը չի արվել, ՊՆ-ն իր միջոցներով կկազմակերի միջամտությունը և սահմանափակումներով ծառայության կզորակոչի այդպիսի անձանց։
Նիկոլ Փաշինյանը թեմայի շրջանակում նշեց՝ Անվտանգության խորհրդի վերջին նիստում հավանության է արժանացել բանակի կերպափոխման նախագիծը։ «Պետք է կերպափոխվի նաև հանրության վերաբերմունքը բանակի նկատմամբ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ բանակի նկատմամբ համընդհանուր դրական վերաբերմունքի պարագայում զորակոչի տարիքի երիտասարդների մեծ մասը չի զորակոչվում բանակ՝ ամենատարբեր առողջական խնդիրների պատճառաբանությամբ։
Վարչապետը երկու հետևություն է անում այս փաստից՝ կամ սերնդի մոտ համատարած առողջական խնդիր կա, կամ՝ իրադրությունների ու օրենքով ընձեռված հնարավորությունների չարաշահում։
Civilnet











