Նոյեմբերի 2-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում հրապարակվել են մարզերում իրականացված ստուգումների արդյունքները. 8 տնտեսավարող ստացել է խիստ նախազգուշացում` անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար:
Ինչպես հաղորդում են ՏՊՄՄՀ մամուլի ծառայությունից, իրավախախտ ընկերություններն են` «Արմեն Ղազարյան» ԱՁ, «Մհեր Բարսեղյան» ԱՁ, «Ավգոռ» ՍՊԸ, «Բազիս Ս.Ա.Ռ.» ՍՊԸ, «Դիետ» ՍՊԸ, «Նալբանդյան եղբայրներ» ՍՊԸ, «Ռոստոմ և Զոհրաբ» ՍՊԸ և «Սանի սիթի» ՍՊԸ:
Հանձնաժողովը հայտնաբերել է, որ մի շարք պարենային ապրանքներ իրացվում են օրենսդրության կոպիտ խախտումներով: Դիտանցումների ընթացքում հայտնաբերվել է կարագի անվան տակ վաճառվող բուսասերուցքային սփրեդ և մարգարին, անհայտ ծագման կաթնամթերք, հավկիթ, մսամթերք և այլն:
Վարույթում գտնվող ընկերությունները փոքր բիզնեսի ներկայացուցիչներ են, գործում են արտադրական փոքր ծավալներով և որպես իրավախախտ ընկերություն Հանձնաժողովի տեսադաշտում են առաջին անգամ: Նկատի ունենալով այս հանգամանքերը և նաև այն, որ նրանց հանդեպ կիրառվելիք ֆինանսական պատիժը կարող է էականորեն ազդել ընկերությունների հետագա գործունեության վրա որոշվել է օրենքի շրջանակում անհամեմատ մեղմ պատիժ կիրառել վերջինների նկատմամբ` տալով խիստ նախազգուշացում:
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը զգուշացրել է, որ նույն իրավախախտումը կրկնելու դեպքում վերոնշյալ տնտեսավարողները կենթարկվեն ֆինանսական խիստ տույժի:
Civilnet











