Գլխավոր Լրահոս

Ինչո՞ւ է իջեցվում գնաճի թիրախը, բացատրում է ԿԲ փոխնախագահը

Ինչո՞ւ է իջեցվում գնաճի թիրախը, բացատրում է ԿԲ փոխնախագահը

Արշալույս Մղդեսյան

Հայաստանի Կենտրոնական բանկի՝ գնաճի թիրախը 4%-ից 3% իջեցնելու որոշումը երկարաժամկետ ռազմավարական քայլ է. «ՍիվիլՆեթ Բիզնեսի» հետ զրույցում ասում է Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը։ 

Նրա խոսքով՝ գնաճի թիրախի իջեցումը երկարաժամկետ ռազմավարական որոշում է, որը հիմնված է երկրի ֆինանսական համակարգի զարգացման վրա և համահունչ է միջազգային փորձին: Դա պայմանավորված չէ ընթացիկ տնտեսական իրավիճակով, այլ հիմնված է 18-ամյա փորձի վրա:

«Մենք այս որոշումը կայացրել ենք շատ ավելի շուտ: 2022-ի դեկտեմբերին ես անգամ Ազգային ժողովի ամբիոնից եմ ասել, որ գնաճի 4% թիրախը երկարաժամկետում բարձր ցուցանիշ է: Այդ ժամանակ մեզ մոտ գնաճը 8%-ի էր հասնում»,- ասաց Նուրբեկյանը:

Ներկայացնելով վիճակագրությունը` ԿԲ փոխնախագահը նշեց, որ 2006-ից ի վեր Հայաստանում միջին գնաճը կազմել է 3,9%: Սա, ըստ նրա, վկայում է երկրի՝ գնաճը թիրախին մոտեցնելու հաջող փորձի մասին: Նուրբեկյանը, սակայն, նշում է, որ գները Հայաստանում դեռ բավականին տատանողական են: «Մենք հարցումներ ենք արել քաղաքացիների գնաճային սպասումների վերաբերյալ, և շատ է լինում, երբ տեսնում ենք, որ գնաճը նվազում է, բայց մարդկանց գնաճային ընկալումները և սպասումները ավելի բարձր են»,- բացատրում է նա:

Ըստ Արմեն Նուրբեկյանի՝ զարգացող երկրները սովորաբար ավելի բարձր գնաճային թիրախ են սահմանում՝ վստահ չլինելով գնաճը կառավարելու իրենց կարողության վրա: Զարգացած երկրներում, ընդհակառակը, գնաճի թիրախը սովորաբար 2-3% միջակայքում է:

«Մենք արդեն ունենք մոտ 18 տարվա փորձ գնաճի թիրախավորման և կարողանում ենք ապահովել 4%-ը: Հետևաբար պատճառ չկա, որ  մենք 3% թիրախին չանդրադառնանք: Մենք նաև շատ համապարփակ վերլուծություն ենք հրապարակել, որը ցույց է տալիս, որ դա երկարաժամկետ հեռանկարում հանգեցնելու է տոկոսադրույքների նվազեցման»:

Տնտեսական աճի և գնաճի փոխկապակցվածությունը

Գնաճի թիրախային ցուցանիշի իջեցմանը զուգահեռ Հայաստանում ակտիվացել են քննարկումներն առ այն, որ դա բացասաբար է անդրադառնալու տնտեսական աճի վրա: 

Նուրբեկյանը համաձայն չէ այս տեսակետի հետ և համարում է այն «ամենատարածված միֆերից մեկը»:

«Ակադեմիական գրականությունը և էմպիրիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ ուղիղ հակառակը՝ զարգացման հետ երկրները գնաճի թիրախը իջեցնում են: Տնտեսական աճի վրա ազդեցությունը երկարաժամկետ տեսանկյունից միանշանակ դրական է, կարճաժամկետ տեսանկյունից կարող է ունենալ բացասական փոքր ազդեցություն»,- բացատրում է նա:

Անհուսալի վարկերի խնդիրը և նոր լուծումները

Կառավարության նախաձեռնած՝ մինչև 1 միլիոն դրամ անհուսալի վարկերի մարման ծրագիրը, ըստ Նուրբեկյանի, առաջին հերթին սոցիալական նշանակություն ունի և ուղղված է ֆինանսական ներգրավվածության բարձրացմանը:

«Մենք ունենք ֆունդամենտալ խնդիր. 100 հազարավոր մարդիկ կան, որոնք երեք տարուց ավել չեն կարողանում իրենց վարկերը մարել: Այս մարդիկ ֆինանսական համակարգից այլևս չեն կարողանում օգտվել: Հարց է առաջանում՝ ինչպես կարելի է այդ մարդկանց բերել այնպիսի դաշտ, որ իրենք կարողանան ֆինանսական համակարգից օգտվեն», - նշում է Նուրբեկյանը:

Նա չի շտապում գնահատել չաշխատող վարկերի մի մասի մարմանն ուղղված կառավարության նախաձեռնության արդյունավետությունը` նշելով, որ վաղաժամ է հստակ եզրահանգումներ անել: Ասում է, որ հարցը քննարկվել է Կենտրոնական բանկի հետ և եզրակացությունը եղել է դրական: 

ԿԲ փոխնախագահը գոհունակությամբ է նշում, որ ներկայում  չաշխատող վարկերի մակարդակը շատ ցածր է՝ 1,2-3,2%: Սակայն ԿԲ-ն նախազգուշական միջոցներ է ձեռնարկում՝ հնարավոր ռիսկերից խուսափելու համար:

«Կենտրոնական բանկի դերն այն է, որ հենց այն ժամանակ, երբ ցուցանիշները շատ լավն են, պահուստներ ձևավորի: Դրա համար է, որ մենք վերջին որոշմամբ հակացիկլիկ բուֆերը բարձրացրինք 0,25 տոկոսային կետով՝ հասցնելով այն 1,75%-ի: Սա էական թիվ է. բանկերի շահույթներից էական մաս մենք դնում ենք կապիտալի մեջ, որպեսզի իրենք ապագա չսպասված շոկերը կարողանան կլանել»։

Նուրբեկյանը նաև նշում է` ճիշտ ֆինանսական քաղաքականությունն այն է, որ լավ ժամանակներում պատրաստվում են «վատ ժամանակներին»: Այս սկզբունքով է առաջնորդվում ԿԲ-ն՝ ապահովելով երկրի ֆինանսական համակարգի կայունությունը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում