Ֆինանսների նախարարությունն ուսումնասիրում է «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած փաստաթղթերի փաթեթը՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նպատակով վարկի ներգրավման համար պետական երաշխիք տրամադրելու հարցը։ Այս մասին հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ այսօր հրավիրած տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին։
ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան ֆինանսների նախարարն ասաց, որ նախարարությունը կարճ ժամկետում կուսումնասիրի ներկայացված փաստաթղթերը, և դրական եզրակացության դեպքում պետությունը կտրամադրի անհրաժեշտ երաշխիքները։
«Այս հանքի շահագործումը կարևոր դեր է խաղալու մեր հաջորդ տարվա և ապագա տարիների տնտեսական աճի ցուցանիշներում։ Մեր աճի կանխատեսումներն անելիս հաշվի ենք առել նաև այն հանգամանքը, որ մյուս տարվա կեսերից հանքը պետք է գործարկվի»,- նշեց Հովհաննիսյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ)՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վարկավորման գործընթացը տապալվել է։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատել էր, որ «վարկը չի հաստատվել»՝ չներկայացնելով պատճառները:
2023-ի փետրվարին էկոնոմիկայի նախարարությունը, հանքավայրի սեփականատեր «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը, որին, ի թիվս ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի, անդամակցում է նաև Հայաստանը, ստորագրել էին հուշագիր։ Դրանով սահմանված 150 մլն դոլարի փաթեթից 100 մլն դոլարը պետք է տրամադրվեր Եվրասիական զարգացման բանկի կողմից, 50 մլն-ը՝ տեղական բանկից, ևս 100 մլն-ը պետք է ներգրավեր «Լիդիան Արմենիա»-ն։
Հուշագրով սահմանվում էր նաև, որ «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը հանձնվում էր կառավարությանը՝ որպես նվիրատվություն։ Այնուամենայնիվ, «Լիդիան Արմենիա»-ում կառավարությանը նվիրատվությամբ հանձնվելիք 12,5 տոկոս բաժնեմասի պայմանագրի կնքումն առնվազն հինգ անգամ հետաձգվել է։
Այնուհետև, դեկտեմբերի 6-ին ասուլիսի ժամանակ Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը հայտնեց, որ Ամուլսարի հանքավայրի վարկավորման հայտը հետ է կանչվել, և ԵԱԶԲ-ն ժամանակավորապես դադարեցրել է իր մասնակցությունը ծրագրում։
Այժմ Հայաստանի կառավարությունից ակնարկում են, որ Ամուլսարի ծրագրի իրագործման համար անհրաժեշտ 150 մլն դոլարի ներգրավման ֆինանսական աղբյուրները կարող են լինել հայկական առևտրային բանկերը։ Բանկերի և հանքը շահագործողների միջև, ըստ էկոնոմիկայի նախարար Պապոյանի, բանակցություններ են ընթանում։
Թեև դեռևս պարզ չէ, թե ինչպես կավարտվեն ֆինանսական միջոցների հայթայթման շուրջ բանակցությունները՝ կառավարությունը նախատեսում է հանքավայրում շինարարական աշխատանքները սկսել 2025-ի առաջին եռամսյակում, իսկ հանքաքարի արդյունահանումը՝ չորրորդ եռամսյակում։
Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանին գտնվող Ամուլսարի հանքավայրում, որը կառավարում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը, երկար ժամանակ աշխատանքները դադարեցված են բնապահպանների և տեղի բնակիչների բողոքների պատճառով։
Արշալույս Մղդեսյան
Civilnet











