1.2% աճ. նոյեմբերին գրանցվել է վերջին տարիների ամենացածր տնտեսական ակտիվությունը

Հայաստանի տնտեսությունը 2024 թվականի նոյեմբերին արձանագրել է վերջին տարիների ամենացածր աճը՝ ընդամենը 1,2%: Փորձագետների գնահատմամբ՝ կտրուկ անկումը պայմանավորված է թանկարժեք մետաղների ու քարերի վերաարտահանման ծավալների նվազմամբ, որոնց մասնաբաժինն արտահանման կառուցվածքում տարեսկզբի 75%-ից շեշտակի նվազել է:
2024-ի նոյեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) շեշտակի նվազել է՝ կազմելով ընդամենը 1,2%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հատկանշական է, որ նախորդ ամսվա համեմատ ցուցանիշը մնացել է անփոփոխ։
Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած օպերատիվ տվյալների՝ տնտեսության առանձին ճյուղերում արձանագրվել են հակասական միտումներ։ Այսպես, շինարարության ոլորտում գրանցվել է 11,6% աճ, ներքին առևտրի շրջանառությունն ավելացել է 11,5%-ով, իսկ ծառայությունների ոլորտում աճը կազմել է 10,4%։ Արդյունաբերության ոլորտում գրանցվել է զգալի՝ 19% անկում։
2024-ի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ընդհանուր պատկերն առավել դրական է։ ՏԱՑ-ը կազմել է 7,4%, առևտուրն աճել է 18%-ով, շինարարությունը՝ 14,9%-ով, արդյունաբերությունը՝ 7,6%-ով, իսկ ծառայությունների ոլորտը՝ 6,3%-ով։
Նոյեմբերին արտաքին առևտրի ցուցանիշները ևս էական վատթարացում են արձանագրել։ Նոյեմբերին արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 27,4%-ով` կազմելով 1,9 մլրդ դոլար: Ընդ որում, արտահանումը նվազել է 35%-ով` հասնելով 752 մլն դոլարի, իսկ ներմուծումը՝ 21,4%-ով` կազմելով 1,16 մլրդ դոլար։ Նոյմեբերին սպառողական շուկայում գնաճը կազմել է 1,4%, իսկ տասն ամսվա կտրվածքով՝ 0,2%։
Չնայած նոյեմբերի կտրուկ անկմանը` այս տարվա հունվար-նոյեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն այնուամենայնիվ աճել է` նախորդ ամիսներին գրացված աճի առաջանցիկ տեմպի հաշվին:
Այս տարվա 11 ամիսներին արտաքին առտուրը կազմել է 28,18 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 54%-ով։ Արտահանումն աճել է 73,9%-ով՝ 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ հասնելով 12,31 մլրդ դոլարի։ Ներմուծումը կազմել է 15,87 մլրդ դոլար՝ 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրելով 41,5% աճ։
Նոյեմբերին արտաքին առևտրի ծավալների արձանագրված կտրուկ անկում բացասական է անդրադարձել 11 ամիսների դինամիկայի վրա։ Այդ անկումը պայմանավորված է հիմնականում ռուսական թանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանման ծավալների նվազմամբ։
2023-ի նոյեմբերին այս ապրանքախմբերի վերամշակումն ու վերաարտահանումը հանգեցրել է արդյունաբերության 23,8% աճի, սակայն ներկայում այս սխեման գործնականում դադարել է։ Փորձագետների կանխատեսմամբ՝ նման միտումները կպահպանվեն նաև դեկտեմբերին և 2025-ի սկզբին։
Հայաստանի տարածքով այդ ապրանքների դեպի ԱՄԷ և Հոնգ Կոնգ շուրջ մեկ տարի տրած վերարտահանումը նոմինալ առումով հանգեցրել է Հայաստանի արտաքին առտրաշրջանառության և արդյունաբերության թռիչքաձև աճի:
Ըստ Համաշխարհային բանկի տվյալների` թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ու մետաղների (վերա)արտահանումը 2024-ի սկզբին կազմել է Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալի 75%-ը: Այս տարվա կեսից այն սկսել է նվազել, սեպտեմբերին հասնելով 48,5%-ի:
Civilnet










