Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության 12,5 տոկոս բաժնետոմսերը կանցնեն Հայաստանի կառավարությանը։ Համապատասխան պայմանագիրն այսօր ստորագրել են էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Ալոյանը:
Գևորգ Պապոյանն ասել է, թե այս պայմանագրի ստորագրումը նշանակում է, որ հաջողությամբ հաղթահարվել են բոլոր փուլերը, իրականացվել է շատ մանրամասն աշխատանք, իսկ բոլոր ռիսկերը կամ հնչած մտահոգությունները փարատվել են. «Սա մի մեգապրոյեկտ է, որը հանգեցնելու է ավելի քան հազար աշխատատեղերի ստեղծմանը, պետական բյուջե հարկերի տեսքով վճարումներ կատարելուն, բայց, որ ամենակարևորն է, նպաստելու է տվյալ համայնքի զարգացմանը։ Մենք հավատում ենք այս նախագծի հաջողմանը» (Armradio)։
Հայկ Ալոյանն ասել է, որ Ամուլսարի հանքի շինաշխատանքները կսկսվեն առաջիկա եռամսյակում, իսկ բուն շահագործումը նախատեսվում է 2025-ի չորրորդ եռամսյակում:
Հինգշաթբի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն իր տարեվերջյան ասուլիսին հայտարարել է, որ ֆինանսների նախարարությունն ուսումնասիրում է «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած փաստաթղթերի փաթեթը՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նպատակով վարկի ներգրավման համար պետական երաշխիք տրամադրելու հարցը։
Ենթադրվում է, որ «Լիդիան Արմենիա»-ի 12,5 տոկոս բաժնեմասի փոխանցումը Հայաստանի կառավարությանը պետական երաշխիքի տրամադրման գործոնով։
Ավելի վաղ ՍիվիլՆեթի հետաքննությունը պարզել էր, Եվրասիական զարգացման բանկի կողմից Ամուլսարի ծրագրի 150 մլն դոլարի ֆինանսավորումը տապալվել է։ Հայաստանի կառավարությանը նվիրատվությամբ հանձնվելիք 12,5 տոկոս բաժնեմասի պայմանագրի կնքումը առնվազն հինգ անգամ հետաձգվել էր։ Դա կասկածներ էր հարուցում, որ Ամուլսարի հանքի շահագործման համար ֆինանսական միջոցների փնտրտուքի հարցում արդյունքներ չկայինն։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՍիվիլՆեթին հրաժարվել էր պարզաբանել, թե ինչու Եվրասիական զարգացման բանկի վարկը չի հաստատվել։
Ամուլսարի ոսկու հանքավայրի նախապատմությունը
2014-ին Հայաստանի կառավարությունը Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման իրավունքը տվեց «Լիդիան Արմենիա» (նախկինում՝ «Գեոթիմ») ընկերությանը։
Հանքավայրի շահագործման դեմ բողոքի ցույցեր էին մինչև 2018-ի հեղափոխությունը։ 2018-ից հեղափոխությունից հետո բնապահպան-ակտիվիստները և տեղի բնակիչները երկար ժամանակ փակել էին դեպի հանքավայրի տարածք տանող ճանապարհները։ Ոսկու հանքավայրի շահագործման գործընթացում հնարավոր խախտումների մասով հարուցվեց քրեական վարույթ, անցկացվեցին փորձաքննություններ, իսկ վարույթը 2021-ի դեկտեմբերին կարճվեց։ Բնապահպանները ահազանգում են, որ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի Ջերմուկ առողջարանային քաղաքին և ընդհանրապես Հայաստանի ջրային համակարգին, քանի որ այդ տարածքից սկիզբ առնող ջրերը հոսում են Սևանա լիճ՝ Հայաստանի քաղցրահամ ջրի գլխավոր ամբարը։
«Լիդիան Արմենիան» նախատեսում է նվազագույնը 25 տարի շահագործել հանքը՝ տարեկան 75-100 մլն դոլարի հարկեր, տուրքեր վճարելով։ Ընկերությունը հանքավայրում ոսկու պաշարները գնահատել է 70 տոննա։
Լիա Ավագյան
Civilnet











