Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ՝ «Ռուսաստանի Դաշնության շահերի համար Վրաստանի ժողովրդավարական և եվրոատլանտյան ապագան խաթարելու» համար։
Պատժամիջոցների մասին ուրբաթ երեկոյան հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ նշելով, որ Իվանիշվիլին ընդգրկվել է պատժամիջոցների ցանկում՝ համաձայն 14024 գործադիր հրամանի՝ իր և իր կուսակցության գործողությունների համար։
2021-ի ապրիլին հրապարակված գործադիր հրամանը սահմանում է «նոր արտակարգ իրավիճակ, որի ներքո պատժամիջոցներ կարող են կիրառվել այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք նպաստում են Ռուսաստանի Դաշնության վնասակար արտաքին գործունեությանը»։
«Իվանիշվիլիի և «Վրացական երազանքի» գործողությունները քայքայել են ժողովրդավարական հաստատությունները, հնարավոր դարձրել մարդու իրավունքների խախտումները և սահմանափակել հիմնարար ազատությունները Վրաստանում: Ավելին, նրանք խափանել են Վրաստանի եվրոատլանտյան ապագան, որը վրաց ժողովուրդն ընդգծված մեծամասնությամբ ցանկանում է, և որը պարտադրված է Վրաստանի սահմանադրությամբ»,- ասված է Բլինքենի հայտարարությունում:
«Արդյունքում Վրաստանը խոցելի է դարձել Ռուսաստանի համար, որը շարունակում է օկուպացնել Վրաստանի տարածքի ավելի քան 20 տոկոսը»:
Բլինքենը խստորեն դատապարտել է Իվանիշվիլիի ղեկավարության ներքո «Վրացական երազանքի» գործողությունները, «այդ թվում Վրաստանի քաղաքացիների, ցուցարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, իրավապաշտպանների և ընդդիմության ներկայացուցիչների շարունակական և բռնի ճնշումը»:
Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն «պարտավորված է խթանել պատասխանատվությունը Վրաստանում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները խաթարողների համար»:
Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցները սառեցնում են նրա ԱՄՆ-ում գտնվող ակտիվները, եթե այդպիսիք կան, և արգելում են ԱՄՆ քաղաքացիներին և կազմակերպություններին նրա հետ գործարքներ կատարել առանց ԱՄՆ Ֆինանսների նախարարության Արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակի (OFAC) հատուկ թույլտվության:
OFAC-ը նաև ընդհանուր լիցենզիա է տրամադրել, որը թույլ է տալիս ԱՄՆ անձանց գործարքներ կատարել ցանկացած կազմակերպության հետ, որում Իվանիշվիլին ունի 50 տոոս կամ ավելի բաժնեմաս՝ պայմանով, որ կազմակերպությունը ներառված չլինի Հատուկ նշանակված քաղաքացիների և արգելափակված անձանց ցուցակում:
«Այնուամենայնիվ, ԱՄՆ անձանց արգելվում է գործարքներ կատարել անձամբ Իվանիշվիլիի հետ, եթե դա չի բացառվում կամ այլ կերպ չի թույլատրվում OFAC-ի կողմից»,- նշել է OFAC-ը:
Ֆինանսների նախարարությունը նաև արգելել է Իվանիշվիլիին ստանալ 461 մլն դոլար վնասի փոխհատուցումը Credit Suisse բանկի հետ երկարատև դատական վեճի գործով UBS Group AG-ից՝ անդրազգային ներդրումային բանկից, որը 2023-ի մարտին ձեռք էր բերել Credit Suisse բաժնետոմսերը:
2018-ին Credit Suisse-ի նախկին բանկիր Պատրիս Լեսկոդրոնը մեղավոր էր ճանաչվել բարձրաստիճան մի շարք հաճախորդներից, այդ թվում՝ Իվանիշվիլիից խարդախությամբ գումար վերցնելու համար:
2024-ի մայիսի 7-ին Bloomberg-ը հաղորդեց, որ Իվանիշվիլին նոր հայց է ներկայացրել խնդրահարույց բանկի դեմ՝ 220 մլն դոլարի պահանջով: Ըստ հոդվածի՝ Իվանիշվիլիին արդեն շնորհվել է 1,34 մլրդ դոլար Բերմուդայի և Սինգապուրի դատարանների կողմից այս գործի շուրջ, թեև Credit Suisse-ը խոստացել էր բողոքարկել այս որոշումները:
«Դե ֆակտո՝ արդեն պատժամիջոցների տակ»
Իվանիշվիլին Վրաստանի միակ միլիարդատերն է։ Bloomberg-ի կանխատեսմամբ՝ դեկտեմբերի կեսի դրությամբ նրա կարողությունը կարող է գերազանցել 7.6 մլրդ դոլարը։
Պատժամիջոցների մասին հայտարարությունից կարճ ժամանակ անց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է, որ «իրականում ոչինչ չի փոխվել»։
«Դուք գիտեք, որ պարոն Բիձինա Իվանիշվիլին նախկինում էլ դե ֆակտո պատժամիջոցների տակ էր և գրեթե երեք տարի շանտաժի էր ենթարկվում պաշտոնական պատժամիջոցներով: Այժմ այս շանտաժի հիմքերը նույնպես վերացել են: Չգիտեմ՝ ինչն է այժմ փրկելու ընդդիմությանը»,- ասել է նա՝ հավանաբար նկատի ունենալով Credit Suisse-ի հետ վեճը:
«Իրականում ոչինչ չի փոխվել: Դե ֆակտո պատժամիջոցներն արդեն գործում էին, և այս դե ֆակտո պատժամիջոցները՝ ոչ պաշտոնական պատժամիջոցները, գործում էին մեկ բանի պատճառով. այս մարդը [Իվանիշվիլին] չզիջեց մեր երկրի ազգային շահը»:
«Դուք գիտեք, թե ինչ մարտահրավերների առջև էր կանգնած մեր երկիրը 2022-ին, ինչ էին պահանջում թիմից [կառավարությունից], ինչ էին կոնկրետ պահանջում առաջին հերթին պարոն Բիձինա Իվանիշվիլիից, և հենց այն պատճառով, որ նա չգնաց մեր երկրի հիմնարար շահերի, առանցքային շահերի դեմ, հենց դրա համար նախ դե ֆակտո պատժամիջոցներ սահմանեցին, իսկ հիմա, ի վերջո, որոշում են կայացրել [պաշտոնական պատժամիջոցներ սահմանել], որը էական իմաստ չունի»:
«Վերջերս զրույց եմ ունեցել պարոն Բիձինա Իվանիշվիլիի հետ, և նրա դիրքորոշումը ճիշտ նույնն է: [Այս պատժամիջոցներում] առանձնահատուկ ոչինչ չկա: Երեք տարի, քանի որ Բիձինա Իվանիշվիլին ծառայում էր մեր երկրի շահերին, նա դե ֆակտո պատժամիջոցների տակ էր, հիմա այս պաշտոնական պատժամիջոցը կսահմանվի: Առանձնահատուկ ոչինչ: Սա իրականում պարգև է մեր երկրի ազգային շահերը պաշտպանելու համար»:
Յուսեֆ Բարդուկա, OC Media
Civilnet











