Գլխավոր Լրահոս

Վրաստանի նախագահի երդմնակալությունը՝ ցույցերի և միջազգային քննադատության ֆոնին

Վրաստանի նախագահի երդմնակալությունը՝ ցույցերի և միջազգային քննադատության ֆոնին

Միխեիլ Կավելաշվիլին շաբաթ օրը երդվել է որպես Վրաստանի վեցերորդ նախագահ։ Այն ժամանակ, երբ Վրաստանի խորհրդարանի շենքում երդմնակալության արարողությունն էր, շենքից դուրս բողոքի ցույց էր։ Հեռացող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ճանաչել իշխանափոխության օրինականությունը։ Երդմնակալության արարողությանը ներկա էին իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները և նրա հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, իսկ օտարերկրյա դիվանագետներ չկային։

Արտասովոր կեպրով խորհրդարանը լրատվամիջոցներին արգելել է ուղղակիորեն լուսաբանել արարողությունը՝ լրագրողներին թույլատրելով հետևել միջոցառմանը միայն գլխավոր դահլիճից դուրս տեղադրված մոնիտորի միջոցով։

Երբ Կավելաշվիլին երդվում էր, Զուրաբիշվիլին բոցաշունչ ելույթ էր ունենում նախագահական նստավայրի՝ Օրբելիանիների պատմական պալատի դիմաց հավաքված ցուցարարների առջև։ «Ես կհեռանամ այստեղից, կգամ ձեզ մոտ և կլինեմ ձեզ հետ։ Այս շենքը ոչ մեկին չի պատկանում. այն խորհրդանիշ էր, քանի դեռ այստեղ նստած էր օրինական նախագահը։ Ես այս օրինականությունը տանում եմ ինձ հետ»,- հայտարարել է նա։

Զուրաբիշվիլին խիստ քննադատել է իշխող կուսակցությանը և Իվանիշվիլիին՝ «խորը ճգնաժամը» «նոր, ազատ և իրական ընտրությունների» միջոցով լուծելուց հրաժարվելու համար։ Նա Կավելաշվիլիի երդմնակալությունը որակել է որպես «պարոդիա» և դատապարտել կառավարության արձագանքը քաղաքական ճգնաժամին՝ մատնանշելով «սպառնալիքները, ցինիզմը, ճնշումները և բռնությունը»։

Միջազգային արձագանք

Քաղաքական լարվածությունը միջազգային մեծ ուշադրություն է գրավել։ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, լեհ եվրախորհրդարանական Միխալ Շչերբան հրապարակավ ճանաչել է Զուրաբիշվիլիին որպես «Վրաստանի միակ օրինական ներկայացուցիչ»։ ԱՄՆ ներկայացուցիչ Ջո Ուիլսոնը Զուրաբիշվիլիին հրավիրել է մասնակցելու նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը՝ ընդգծելով Ամերիկայի աջակցությունը նրան՝ որպես Վրաստանի օրինական առաջնորդի։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն սոցիալական մեդիայում համերաշխություն է հայտնել վրաց ժողովրդին, իսկ Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը հեռախոսազրույց է ունեցել Զուրաբիշվիլիի հետ՝ վերահաստատելով Վրաստանի ԵՄ ձգտումներին աջակցությունը։

Երդմնակալությունը տեղի ունեցավ կառավարության՝ ԵՄ քաղաքականության փոփոխության դեմ շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն փորձել է նսեմացնել ցույցերի նշանակությունը՝ պնդելով, թե դրանցում ամեն օր «ընդամենը 1000 մարդ» է մասնակցում։ Նա նաև ասել է, թե չի կարող չեղարկել «ավելի քան 1,12 մլն ընտրողների» մանդատը, որոնք հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններում աջակցել են «Վրացական երազանքին»։ Տեղական լրատվամիջոցները և դիտորդական խմբերն այդ ընտրություններում արձանագրել են իշխող կուսակցության կողմից քվեների զանգվածային կեղծումներ։

Քաղաքական ճգնաժամն ավելի լայն միջազգային արձագանք ունի։ Հելսինկյան հանձնաժողովի բարձրաստիճան անդամ, ԱՄՆ ներկայացուցիչ Սթիվ Քոհենը պաշտպանել է Իվանիշվիլիի դեմ ԱՄՆ վերջին պատժամիջոցները՝ դրանք բնութագրելով որպես «ուժեղ և անհրաժեշտ քայլ»՝ ռուսական ազդեցությանը հակազդելու և Վրաստանի ժողովրդավարությունը պաշտպանելու համար։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել միջազգային այլ գործընկերներին հետևել նմանատիպ պատժամիջոցների կիրառմանը։

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Կավելաշվիլին կաշխատի Օրբելիանիների պալատից՝ պնդելով, որ Զուրաբիշվիլին պետք է ազատի շենքը, քանի որ այն «պատկանում է վրաց ժողովրդին և նրանց նախագահին»։ Նա մեղադրել է Զուրաբիշվիլիին «նախագահական ինստիտուտը վարկաբեկելու» մեջ՝ «վրաց ժողովրդի փոխարեն՝ ծառայելով օտարերկրացիներին»։

Հոդվածը պատրաստված է OC Media-ի դեկտեմբերի 28-ի լայվ բլոգի տեղեկատվության հիման վրա։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում