Տոնական այս օրերին ոչ այնքան հին ու ոչ այնքան բարի ավանդույթի համաձայն քաղաքի բոլոր թաղամասերում պատշգամբներից հնչեցին ճայթուկների ու հրավառությունների ձայներ, ու դրանք, անշուշտ, շատերին ոչ թե ուրախացրին, այլ հարուցեցին ճիշտ հակառակ հույզեր, ոմանց համար էլ պատերազմական հուշեր արթնացրին։ Ու թեև նախաբանիցս գուցե թվաց, որ հիմա միանալու եմ այս պրակտիկան քննադատելուն, իմ մտքին այլ բան է։
Այս ճայթուկները մտքում ունենալով՝ փորձելու եմ տոնական իրարանցման արանքում հասկանալ, թե ինչպես են մեզանում գոյակցում տխրությունն ու ուրախությունը, ինչպես են առնչվում տոնն ու ուրախությունը։ Գուցե այս տեքստում շատ հարցեր հնչեն։ Գուցե այս ընթերցումը նման լինի հարցերով հավաքվող խճանկարի։
Առաջին հարցը, որն ինձ հուզում է ու որին վստահ պատասխան չեմ գտնում, այն է, թե արդյոք ինքը՝ պայթեցնողը, գոնե ուրախանո՞ւմ է։ Ինձ սա հոգեբանորեն կարևոր հարց է թվում, որովհետև կապված է անհատի ներաշխարհի և արտաքին աշխարհին հարաբերվելու հետ։
Իհարկե, ուրախանալու դժվարության հասկանալի պատճառներ կան, որոնք դասագրքային են (հետ)պատերազմական երկրի համար։ Գրեթե նույն բառերով, արդեն չորս տարի, շատերը խոսում են «հավես չունենալու», լիասիրտ ուրախանալու անկարողության մասին։ Հաճախ եմ լսում «էնքան որ գնում ենք առիթներին» կամ «նշում ենք, բայց առաջվա ուրախությունը չկա»։ Թերևս դրան խանգարում է ոչ թե սոսկ կորստի ցավը, այլև շարունակվող սպառնալիքների ու անորոշության բերած տագնապներից, անկարողության զգացումից պաշտպանող-կտրող ապաթիան։ Իսկ ո՞վ գիտի՝ գուցե պարզվի այս անհավես պատկերին նույնքան նպաստում է ամենօրյա դժվար երթևեկության ու աղմուկի բերած հոգնածությունը։ Չգիտենք։ Գուցե պետք չէ ամեն ինչ բացատրել միայն մասշտաբային իրադարձություններով։ Ցանկացած դեպքում տեսանելի է, որ «այստեղ և հիմա» լիարժեք հույզեր ապրելը առկախված է։ Կոպիտ ասած՝ ապրելն արդեն մի քիչ այն չէ, ինչ պիտի անես։ Սա նաև չգրված հանրային պայմանավորվածության պես մի բան է դառնում և սկսում փոխադարձ վերահսկվել։ Այսինքն՝ ավելանում է բարոյականացնող, գրաքննող տարրը, որտեղ ոչ թե անգամ ուրախանալու դրվագներին, այլ վիշտը հաղթահարելու փորձերին (օրինակ՝ որդեկորույս մոր հարդարված արտաքինին) հաճախ թարս են նայում։ Գուցե սադրանքի պես հնչի, բայց ստացվում է, որ հրավառությունը քննադատողները որդեկորույս մոր հանդեպ նրբանկատություն են պահանջում, բայց այնքանով, որ չխաթարվի նրա սգալը, որովհետև այդ հոգեվիճակից դուրս նրան տեսնելն էլ մի ուրիշ դժվարություն է։
Եվ այստեղ է, որ ևս մի հարց է ծագում ինձ մոտ․ իսկ արդյոք մենք մինչ պատերազմը ուրախանալու հետ լա՞վ էինք և որպես դրա մի դրսևորում՝ ուրիշի ուրախանալու հետ լա՞վ էինք։ Մի մասը կասի՝ իհարկե, մյուսները, հուսամ, դադար կտան ու նորից կմտածեն։ Ես մտածում եմ, որ իրար համար հույզերի ոստիկան աշխատելն այդքան լավ չէր ստացվի, եթե դրա մշակութային հիմքերը, փորձը չլինեին։ Եթե մենք ուրախությանը տեղ տվող մշակույթ լինեինք, նույնիսկ հետպատերազմում պիտի ավելի լավ կարողանայինք դիմավորել դրա դրսևորումները, ու խոսքս բնավ ճայթուկների մասին չէ։ Դրանց մասին՝ ավելի ուշ։
Ճիշտն ասած, հանրորեն դրսևորվող ուրախության հանդեպ բացասական վերաբերմունքը ես տեսել եմ տարիներ շարունակ կամայական այլ համատեքստում։ Այն, որ մեզանում դրական, կենսահաստատող կամ ես-ը ընդգծող հույզերն արտահայտելը չխրախուսված է, կարելի է ամեն քայլափոխի համոզվել։ Օրինակ՝ տրանսպորտում կամ փողոցում բարձրաձայն ծիծաղող երիտասարդ ընկերախմբի կամ երիտասարդ մեկի (իսկ եթե կին է, անգամ՝ ժպտալու) համար միշտ կան սաստող հայացքներ, ոլորած աչքեր։ Անգամ փոքրիկների անուշ, զվարթ հարցերը հանրային տրանսպորտում ամենից հաճախ արժանանում են «շշ», «շշ» պատասխանի։
Փոխարենը տխրության ցուցադրում՝ ինչքան ուզես։ Ու դիմացինին տխրեցնելը, կարծես թե, նույնպես։ Եվ բացասական հույզերի մնացած շարքն էլ (թերևս բացառությամբ զայրույթի) խնդիր չունի․ իրար կերեք ինչքան կուզեք, դա չի հակասում վատ լինելուն։ Գուցե այս մշակութային «հարմարանքներն» են, որ հեշտացնում են պատերազմից հետո ծաղկող ամոթանքի մշակույթը, հատկապես՝ սոցցանցերում։
Իսկ կյանքը շարունակվում է համաձայն իր օրենքների, որոնք ավելի լայն ու բազմաշերտ են, քան այն, ինչ սահմանել և վերահսկում ենք միմյանցում։ Մարդիկ տարբեր պատճառներով՝ տոկունության բնական պահանջով, երիտասարդ լինելու տարիքային փաստով կամ թեկուզ թեթև խառնվածքի բերումով ձգտում են ուրախանալ՝ այսպիսով գիտակցաբար կամ ենթագիտակցաբար վերահաստատելով իր մեկ կյանքը լիարժեք ապրելու իրավունքը։ Ավելին, թեև կարծրատիպերով մտածող մեկին զարմանալի կթվա, բայց և՛ գրականությունը, և՛ մեր իրականությունը առատ են վկայությամբ, որ հենց մահվանն առերեսող իրադարձությունները կարող են բերել կյանքի արժևորման, կյանքից կառչելուն՝ թե՛ անհատական մակարդակում, թե՛ հավաքականորեն։ Կարող եք հեռու չգնալ և խոսեցնել պատերազմից եկած տղաներին։ Կարող եք է՛լ ավելի մոտ մնալ և ինքնանդրադարձով դա հայտնաբերել։
Եվ ահա ևս մի հարց իմ կողմից․ արդյոք ամոթանք տվողը միշտ և բոլոր պայմաններում տխո՞ւր է, ուրախության առիթների չի՞ մասնակցում, գռեհիկ անեկդոտների վրա չի՞ հռհռում ընկերների հետ, չի՞ բերկրում իր թոռանը գրկելիս։ Մի խոսքով՝ խստորեն հետևո՞ւմ է ուրիշի համար սահմանած գլխիկորության արարողակարգին։ Ինչպե՞ս է ստացվում, որ այդ պահանջներին հատկապես զգայուն է դառնում, երբ դիմացինն է ուրախ։ Եթե ուրախ առիթ ունի, ինչպե՞ս է կազմակերպում դրա և իր բարոյական պահանջների համապատասխանությունը։
Մենք հաճախ ուրախանում ենք կիսամաչելով, արդարանալով, «երեխաների համար» և այլն, այսինքն՝ այո, թաքուն։ Անգամ ինքներս մեզնից։ Գուցե այդ պատճառով է, որ սեփական ուրախ առիթից հետո և կամ խնամքի սրահում սպասարկվելիս որևէ հակասություն չզգալով մարդը կարող է ամոթանք տալ համաքաղաքացուն, որը «տժժում է»։ Որովհետև ներքուստ հենց ինքը մինչև վերջ իր ուրախությունը չի ճանաչում, չտեսնելու է տալիս, հետևաբար՝ չի խնդրականացնում։ Ինքնամոռաց՝ նա ասես հանկարծակի հայտնաբերում է մեկ ուրիշի ուրախությունը, համերգի գնալը, խնամվելը և այլն։ Եվ այս ինքնամոռաց դիրքից և՛ հարմար է, և՛ շատ համոզիչ՝ մյուսին քննադատելով ծիսականորեն վերականգնել խիղճն ու թոթափել մեղքի զգացումը։
Ուրեմն, ուրախություն կա, որովհետև չի կարող չլինել։ Պատերի ներսում, բոլորս էլ կասենք, ուրախություն կա, կա վայելքների հազար ու մի ձև։ Սակայն եթե ուրախանում ես, բայց այնպես, որ դրսից ոչ ոք չիմանա, լիովի՞ն ես ուրախանում։ Եվ տխուր մնացող հանրության մեջ որքանո՞վ է հնարավոր անձնապես ուրախ լինել։ Ուրեմն «ինչո՞ւ չի կարելի ուրախանալ» հարցն իրականում հարց է այն մասին, թե ինչու դա չի կարելի անել հանրայնորեն։ Վստա՞հ եք, որ սա միշտ դիմացինի հանդեպ հոգածության, նրբանկատության դրսևորում է։
Եվ արդյոք այն, որ ուրախանալ կարելի է, բայց ոչ հանրորեն, արդեն իսկ հանրային խնդիր չէ։ Ինչո՞ւ վիշտը բոլորինը պիտի լինի, իսկ ուրախությունը՝ անկյունում։ Գուցե այնքան ենք սովորել «մենք»-ի, ընդհանուր իրականության դաշտը սահմանել կոլեկտիվ տրավմայով, որ հանրայնացված ցանկացած ուրախություն «թռցնում է» ուրախացողին «մենք»-ի ծրագրից ու առաջացնում օտարության, չընդունելու ռեակցիա։
Ուրախության հանդեպ մեր վերաբերմունքն անվստահ է, բարդույթավորված, և միմյանց այդ հարցում վերահսկելը ասես մի օրի լինելու, համահարթեցնելու՝ տագնապն իջեցնող փորձերի են նման։ Իսկ հեռանկարում ի՞նչ հետևանքներ ունի միմյանց միայն վշտակից լինելը։ «Մի մարդու պես տխուր»-ը կասկածելի համերաշխություն չէ՞ արդյոք այն ահռելի մարտահրավերներին, որոնց դեմ հանդիման նախ ուժ և առույգություն է պետք։
Մինչ այժմ գրածիցս կարող է ակնհայտ թվալ, թե մեզ որակելու եմ տխրության հասարակություն։ Ուրեմն մի քանի հարց էլ կխնդրեմ հանդուրժել։ Իսկ կարողանո՞ւմ ենք խորապես տխրել։ Իսկ ի՞նչ, եթե մենք թե՛ ուրախությունը, թե՛ վիշտը լղոզում ենք, ոչ թե համադրում։ Ու ինչ, եթե դժվար ուրախանալը ոչ թե տխրելու, այլ չտխրելու երկվորյակն է։ Առնվազն այն պատճառով, որ բոլոր ապրումները սահում են մակերեսին․ խուսափում ենք, օրինակ՝ դիմացինի վրա ենք դնում։ Ինչպես նաև այն իմաստով, որ այդ անիսկական ուրախությունները սվաղում են իսկական տխրությունը, ու արդյունքում ո՛չ այս, ո՛չ մյուս ապրումը իր խորությունը չի ստանում։ Այն խորությունը, որը պետք է վեր-ապրելու՝ միջով անցնելու և դուրս գալու համար։
Անշուշտ, այն, որ մարդիկ չգիտեն՝ ինչպես վերաբերվել ուրախությանը, նաև շատ հասկանալի պրագմատիկ, հիմնավոր ասպեկտներ ունի։ Նախորդ տարիներին տոնածառի և ամանորյա զարդարանքի վրա արվող քաղաքային ծախսերի նպատակահարմարության ու համարժեքության շուրջ վեճը դրա օրինակն է, որտեղ կար և՛ տեղին քննադատություն, և՛, սակայն, անհեթեթության մոտ պահանջը՝ ընդհանրապես չդնելու։ Անձամբ ինձ ավելի մտահոգել է այն, որ այդ ծախսերը չեն ծառայել նրան, ինչին պիտի ծառայեին՝ մարդու սիրտը գեղեցկությամբ, հատուկի ապրումով, սպասումով լցնելուն։ Եվ որ հասարակությանը «ուրախացնելը» այդքան դրվագային, օրացույցային՝ ուրախության «կոճակը» միացնելու մակարդակում է ընկալվում և իրագործվում։ Բայց դե կազմակերպիչներն ու զարդարողները նույն մեր հանրությունից են՝ պատմամշակութային նույն բեռով ու նույն ներկայիս մակարդակով, և երևի այդ պատճառով է, որ այս տարվա հրապարակն էլ, նախորդներն էլ մի տեսակ կցած-կցմցած, վառ, բայց անուրախ կարմիր ու մեծ բաներով է լցված՝ արտացոլելով զոռով, արտաքինից ուրախանալու փորձերը, որոնք ամենից շատ միշտ նման են տպավորելու փորձերի (ճիշտ ինչպես ամանորյա սեղանների մրցավազքը)։
Ես չեմ ճանաչում փողոցում ու պատշգամբներում իրենց ճայթուկներն ու հրավառություններն անող բոլոր մարդկանց և նրանց բնորոշել չեմ կարող։ Դրանք հաստատ տարբեր մարդիկ են։ Գուցե մի մասը չափազանց երիտասարդ է՝ հանրային զգայունության համար, մյուսները գուցե հուսահատ փորձում են իրենք իրենց ուրախացնել կամ ձայների տակ ցավ խլացնել, երրորդները գուցե ընդամենը ի սկզբանե անզգամ են։ Ցանկացած դեպքում անձամբ ինձ համար խնդիրը ոչ թե այն է, որ նրանք ուրախանում են, այլ այն, որ չեն ուրախանում։ Որովհետև այլ ուրախություններ ունեցող չափահաս մարդու համար դա կասկածելի հրճվանք պիտի լիներ, և համարձակվում եմ ենթադրել, որ այդ մարդիկ քիչ են միտք արել, թե ինչով զբաղվելն իրենց իսկապես կուրախացներ։ Ուրեմն նրանք անհաղորդ են ոչ միայն ուրիշին, այլև առաջին հերթին՝ իրենք իրենց։
Գուցե մենք՝ իբրև հանրություն, ձևավորվող քաղաքացու մոտ չենք նպաստում այդ ներքին որոնմանը և հայտնաբերմանը։ Ինձ ուրախության ձախողումն է վշտացնում՝ ոչ միայն այս օրերին, այլև մեր միջին վիճակագրական հարսանիքներին կամ կամայական այլ հավաքույթին, որտեղ կան գերծախսեր, գերբարձր երաժշտություն, գերշատ ուտելիք, գերադրական կենացներ, բայց ուրախություն՝ չգիտեմ։
Իհարկե, յուրօրինակ հակասական ժամանակներում ենք ապրում։ Աշխարհի տարբեր անկյուններում (և ոչ միայն մեզ մոտ) կյանքի վայելքները ու սպառողական մշակույթի էսթետիկան՝ իր նորաձև սրճարաններով, խանութներով, համադրվում է օրական հարյուրավոր, հազարավոր կյանքեր կուլ տվող ռազմական բռնությունների հետ՝ կողք-կողքի։ Տեխնոլոգիայի և արհեստական բանականության վերջին ձեռքբերումներից օգտվելը զուգադրվում է ամենասոսկալի իրադարձությունների մասին լուրեր սպառելով՝ հենց գրպանի էկրանից։ Մենք ասես դատապարտված ենք կյանքի նոր որակը և ողորմելիությունը համադրել ու տառապել դրանց հետ կապված տրամադրությունները համադրելու դժվարությունից։ Վշտի ու տոնելու տարանջատումներն այլևս չեն գործում։ Կյանքը, միևնույն է, շարունակվում է սարսափներին զուգահեռ, որովհետև առօրյա կյանքն ունի իր ինքնաշխատ հրամայականը՝ հենց ապրել։ Հատկապես այսօր կյանքը միագիծ տեսնելը ավելորդ և անգամ վտանգավոր համառություն է։ Եթե ինչ-որ բան այսօրվա կյանքը հուշում է մեզ՝ հենց այդ հակառակները համադրելն է․ այնպես է, որ և՛ ուրախ ենք լինելու, և՛ վշտացած, և՛ թերահավատ, և՛ լավատես, և՛ զգոն, և՛ անջատված ու այդպես շարունակ։
Բոլորիս սրտանց ուրախանալ եմ մաղթում այս օրերին՝ ամեն մեկին իր առիթով, իրար ուրախացնելու փորձերով։ Մաղթում եմ մեզ, որ կարողանանք չխեղճացնել իրար։ Տխուր մարդու տեսնելիս մեր սիրտը տեղը չընկնի ու հակառակը։
Ցանկությունս է նաև, որ մարդիկ ավելի ինքնավերլուծող լինեն, որևէ բան քննադատելիս կամ որևէ բանի արձագանքելիս փորձեն հասկանալ սեփական դիրքը այդ կոորդինատներում։ Փորձեն նկատել՝ արդյոք ուրիշներից ակնկալածի մեջ իրենք իրենց է՞լ են ներառում, թե՞ հարմարավետորեն հեռացնում։
Սոնա Մանուսյան











