Գլխավոր Լրահոս

Սնուփ Դոգի համերգը չի կայանա, ԿԳՄՍՆ փորձում է վերադարձնել ամբողջ գումարը

Սնուփ Դոգի համերգը չի կայանա, ԿԳՄՍՆ փորձում է վերադարձնել ամբողջ գումարը

Սնուփ Դոգի համերգը չի կայանա։ Այսօր՝ հունվարի 8-ին, ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ ամբողջ տարին բանակցել են համերգի կայացման համար։

«Պետք է գործեն պայմանագրի դրույթները։ Նախատեսված ժամանակահատվածում, քանի որ համերգը տեղի չի ունեցել, մենք արդեն իսկ գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի պետական բյուջե»,- ասած Ժաննա Անդրեասյանը։

Հիշեցնենք, որ կառավարությունը 2,318 մլրդ դրամ էր հատկացրել ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար: Համերգը պետք է տեղի ունենար 2023-ի սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում:

Ասուլիսի ընթացքում Ժաննա Անդրեասյանը անդրադարձավ նաև «Ակադեմիական քաղաք» նախագծին, նրա խոսքով՝ արդեն պատրաստ է գլխավոր հատակագծի հայեցակարգը, դա խոշոր ծրագիր է և պահանջում է ֆինանսական լուրջ ներդրումներ: 

«Այս պահին Ակադեմիական քաղաքի ներդրումային ծրագիրն է կազմվում, որը հնարավորություն է տալիս նաև գործընկերներ ներգրավել տարբեր ուղղություններով: Պետք է ասեմ, որ շատ մեծ ներգրավվածություն կա, այս աշխատանքներին շատ լուրջ ենք վերաբերվում»,- նշեց Ժաննա Անդրեասյանը:

Նախարարն անդրադարձավ բարձրագույն կրթության ոլորտում օտարերկրյա դիմորդներին․ 2024-ին, նախորդ տարվա համեմատ, 36,7 տոկոսով գերազանցել է դիմորդների թիվը։

«Այս ոլորտում էական բարեփոխումներ են տեղի ունեցել թվայնացման տեսանկյունից. թվային հարթակ է ներդրվել, որով կառավարության որոշումների համապատասխան փոփոխություններն էլ արվել են, և արդեն այս տարվանից ընդունելության գործընթացը կդառնա էապես ավելի թափանցիկ և հաշվետվողական թե՛ մեզ համար, թե՛ օտարերկրյա ուսանողների համար»,- ասաց նախարարը:

Ուսուցիչների կամավոր ատեստավորման մասով Անդրեասյանը շեշտեց, որ 8,8 մլրդ դրամ ուղղվում է միայն հավելյալ ծրագրերով ուսուցիչների վարձատրությանը։

«Այս տարվա կամավոր ատեստավորման արդյունքներով ավելի քան 6 100 ուսուցիչ ունի վարձատրության փոփոխություն։ Սա կազմում է ուսուցիչների 20 տոկոսը»,- նշեց նախարարը։

Անդրեասյանի խոսքով՝ 300-400 000 դրամ աշխատավարձ ստանում է ավելի քան 1 600 ուսուցիչ, 400 000-ից ավելի վարձատրվում է ավելի քան 500 ուսուցիչ։

2024-ին կամավոր ատեստավորմանը մասնակցել է շուրջ 6 000 ուսուցիչ, որոնցից 1 500-ը բողոքարկել է արդյունքները։

Ընդհանուր պատկերը բողոքարկման գործընթացից հետո հետևյալն է. 60-69% արդյունք ցուցաբերել է 1 073-ը, 70-79% արդյունք է ցուցաբերել 1 158-ը, 80-89% արդյունք է ցուցաբերել 989-ը, 90-100% արդյունք է ցուցաբերել 600-ը, իսկ 0-59 տոկոս արդյունք է ցուցաբերել 1 162-ը:

Բողոքարկման գործընթացից առաջ ընդհանուր պատկերը հետևյալն էր՝ 0-59 % արդյունք էր ցուցաբերել 1 350 ուսուցիչ, 60-69 %՝ 1 127-ը, 70-79 %՝ 1074-ը, 80-89%՝ 918-ը, 90-100 %՝ 529-ը:

Անդրադառնալով սպորտին՝ նախարարը տեղեկացրեց, որ Կարեն Գիլոյանը հեռացել է ԿԳՄՍՆ նախարարի տեղակալի պաշտոնից։ Պատճառները, ըստ Անդրեասյանի, տարբեր են: Շեշտեց՝ «սպորտի ոլորտում էլ գտնվում ենք բարեփոխումների կարևոր փուլում, և թարմ հայացքը երբեք ավելորդ չէ»։

«2024 թվականին մեր մարզիկները 384 մեդալ են ընդհանուր առմամբ գրանցել: Պետք է նշեմ, որ հատկապես կարևոր եմ համարում, որ ոսկե մեդալների մասնաբաժինն ավելացել է՝ 32 տոկոս նախորդ տարվա 28 տոկոսի համեմատ: Շատ կարևոր եմ համարում, որ կանայք են ավելի մեծ հաջողություններ գրանցել: Եթե նախորդ տարի կանայք 25 մեդալ էին գրանցել, ապա այժմ մեդալներից 50-ը կանանց շնորհիվ գրանցված մեդալներ են»,-  ասաց Ժաննա Անդրեասյանը։

Լիա Ավագյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում