Գևորգ Թոսունյան
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հունվարի 8-ի ասուլիսում պարզաբանեց տրանսպորտային նոր համակարգի հետ կապված խնդիրները՝ QR տոմսերի վավերականության ժամկետից մինչև արտոնությունների տրամադրման կարգ։
Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ տրանսպորտային բարեփոխումները դժվար են ինչպես իրենց՝ պատասխանատու պաշտոնյաների, այնպես էլ քաղաքացիների համար։
«Եթե մենք խոսում ենք նախնադարյան վճարման միջոցների դաշտից դուրս գալու մասին, այո, մի քիչ էլ անհարմար է լինելու, ժողովուրդ ջան, որովհետև մենք ռեֆորմ ենք իրականացնում, ըստ էության, փոխում ենք մի բան, որը երեսուն տարի նույն կերպ ենք արել։ Եթե մենք իրապես ռեֆորմ ենք անում, ոչ թե թռչնակ ենք նկարում, այո՛, եղած վիճակից ավելի լավ վիճակի անցումը հաճախ լինում է բարդ»,- ասաց Գրիգորյանը։
Նա նաև հայտնեց, որ փետրվար և մարտ ամիսներին նախատեսվում է որոշ ավտոբուսներ ու տրոլեյբուսներ համալրել երկրորդ վալիդատորներով, որոնք կհեշտացնեն վճարման գործընթացը, հատկապես՝ պիկ ժամերին։
Արտոնությունները վերաբերում են նաև մարզաբնակների՞ն, թե՞ միայն երևանցիներին
Ուղևորության տոմսերի զեղչեր կստանան միայն Երևանում հաշվառված կենսաթոշակառուները։
«Թոշակառուների դեպքում պարտադիր է ունենալ Երևանի հաշվառում, այսինքն՝ խոսքը Երևանում հաշվառված թոշակառուների մասին է»,- ասաց նա՝ հավելելով, որ տրամաբանությունն այլ է ուսանողների պարագայում։ Քաղաքապետարանը տվյալ դեպքում պետք է համապատասխան շտեմարանից տեղեկություն ստանա, որ, օրինակ, Հայաստանի այլ համայնքում հաշվառված ուսանողը սովորում է Երևանում, և նրա դեպքում կգործի զեղչային տոմսային համակարգը։
«Ուսանողների դեպքում մենք որդեգրել ենք Երևանի բուհում սովորելու տրամաբանությունը։ Այսինքն՝ Երևանում գործող համալսարանում սովորելու դեպքում արտոնությունը հասանելի է»,- ասաց Գրիգորյանը։
Հարց հնչեց, թե արդյոք մասնավոր բուհերի ուսանողների համար ևս գործելու են զեղչեր։ Գրիգորյանն ասաց, որ չի կարող այդ հարցին պատասխանել․ քաղաքապետարանը չի որոշում՝ ով է ուսանող։
«Կա պետական ինստիտուտ, որն անմիջապես առնչվում է այդ կատեգորիայի հետ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Մենք դիմել ենք մեր գործընկերներին՝ խնդրելով տալ թվային շտեմարանին հասանելիություն, և մենք կհարցնենք շտեմարանին, կասի՝ տվյալ շտեմարանում այս կոնկրետ մարդն ուսանող է՝ կօգտվի արտոնությունից»։
Ավելի վաղ Ավագանու որոշմամբ ուսանողների համար սահմանվել է 15, դպրոցականների ու նպաստառուների համար՝ 20, իսկ թոշակառուների համար՝ 30 տոկոս զեղչ։
QR կոդով ուղետոմսերի վավերականության ժամկետների մասին
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը կարծում է, որ քաղաքապետարանը պատշաճ կարգով իրազեկել է ուղետոմսեր գնելիս վավերականության ժամկետի մասին։ Նրա խոսքով՝ այդ որոշումը կայացվել է ավագանու համապատասխան նիստին, որին ներկա էին, այդ թվում՝ ավագանու ընդդիմադիր անդամներ, իսկ արձանագրությունը հրապարակվել է քաղաքապետարանի կայքում։
«Իմ համար իրականում շատ տարակուսելի էր, որ ավագանու որոշ անդամներ զարմանք արտահայտեցին, մինչդեռ դա ավագանու որոշմամբ է սահմանվել։ Այսինքն՝ եթե օրակարգին ծանոթանային, այդ խնդիրը բարձրացնեին, առնվազն ավագանու նիստից իրազեկումը կապահովվեր»։
Գրիգորյանը նշեց, որ որոշակի թերացումներ եղել են, խոստացավ խնդիրը կարգավորել։
Ավելի վաղ ՍիվիլՆեթը գրել էր, որ քաղաքացիներից շատերը անակնալի են եկել՝ պարզելով, որ QR կոդով ուղետոմսերը վավեր են ընդամենը երեք օր։ Պարզել էինք, որ ուղետոմսերի վավերականության ժամկետը կրճատելու որոշումն ընդունվել է Երևանի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի նիստին։ Այն եղել է չզեկուցվող հարցերի ցանկում։ Քաղաքապետարանը, սակայն, չի իրազեկել քաղաքացիներին այս փոփոխության մասին։ #CivilNetCheck-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ևս հաստատել է, որ փաստացի միակ իրազեկումը կայքում հրապարակված նիստի արձանագրությունն է։
«Զբոսաշրջիկը կարողանալու է բանկային քարտով վճարում կատարել»
Սուրեն Գրիգորյանը վստահեցրեց, որ քարտերով հնարավոր է լինելու վճարել ուղետոմսի համար։ Խոսքը անհպում վճարումների մասին է։ Նա նշեց, որ զբոսաշրջիկները ևս կկարողանան այդկերպ վճարել տրանսպորտում։
Լրագրողներից մեկն ասաց, որ ունի չորս քարտ ու չորս անգամ փորձել է, երբեմն չի ստացվել․ «Քանի՞ անգամ ես պետք է փորձեմ։ Դուք խոսում եք որակյալ ծառայությունից, ես էլ որակյալ սպասարկում եմ պահանջելու դրա համար»։
Վերջում փողքաղաքապետը նշեց՝ առկա փաթեթները կարող են և փոխվել, եթե լրացուցիչ փաթեթների կարիք լինի։
Կարդացեք նաև՝
Civilnet











