«Այս պահին դիտարկելու բան չունենք». Պետդեպը՝ ՀՀ հետ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին

«Այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունենք». այսպես են պատասխանել Պետքարտուղարությունից «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ։
«Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը հետաքրքրվել էր՝ արդյոք Հայաստանի ու ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների միջև առաջիկայում հանդիպում է նախատեսված՝ երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի տեղափոխելու շուրջ, ինչ փաստաթղթեր են ստորագրվելու Վաշինգտոնի ու Երևանի միջև, արդյոք Վաշինգտոնը մտադիր է շարունակել այդ երկխոսությունը Երևանի հետ ԱՄՆ գալիք վարչակազմի օրոք:
Հունվարի 8-ին Երևանում կայացած ասուլիսին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու, այդ նպատակով առաջիկայում կայանալիք պաշտոնական երկկողմ հանդիպման ու սպասվող փաստաթղթի մասին հարցին, ասաց․ «Նախ, ուզում եմ ասել, որ ռազմավարական բնույթի չենք բարձրացնում, ռազմավարական բնույթն արդեն իսկ կա, ու մենք ունենք ռազմավարական երկխոսություն, որը պայմանավորվել ենք բարձրացնել ռազմավարական գործընկերության: Քննարկվող փաստաթուղթը կամ փաստաթղթերը էս մասին, իհարկե, կան: Եվ նաև ուզում եմ ասել, որ հանդիպում էլ է քննարկվում, նախատեսվում․․․ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող պաշտոնյաների և Միացյալ Նահանգները ներկայացնող պաշտոնյաների [միջև]»:
***
Հունիսի 11-ին Երևանում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի շրջանակներում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հյուրընկալել է ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի ղեկավարած միջգերատեսչական պատվիրակությանը: Ամփոփիչ հանդիպման ընթացքում Հայաստանն ու Միացյալ Նահանգներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ առաջընթացին․ «Ուրվագծվեցին գալիք տարում կապերի խորացման տեսլականը, որը կձևակերպվի Փոխըմբռնման հուշագրով՝ երկկողմ երկխոսության կարգավիճակը բարձրացնելով Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի: Ակնկալում ենք ուրվագծել առաջիկա ամիսներին մեր հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերի կոնկրետ ուղղությունները»,- ասված էր հայտարարությունում։
Civilnet










