«Տարածաշրջանային հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի պետությունները», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպմանը։
Ըստ ադրբեջանական մամուլի՝ Ահմադիանը Բաքու է այցելել ադրբեջանական կողմի հրավերով։
Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ զրուցակիցները քննարկել են քաղաքական խնդիրներ, այդ թվում՝ 3+3 ձևաչափը, անվտանգային, պաշտպանական և տնտեսական ոլորտներ՝ հատկապես կարևորություն տալով էներգետիկ և տրանսպորտային միջանցքների հարցերին։
Առանցքային թեմաներից է եղել «Արաքսի միջանցք» ծրագիրը, որով Ադրբեջանը Նախիջևանին պետք է միանա նոր ճանապարհով՝ Զանգելանով․ այն անցնելու է Հայաստանի հարավային սահմանից շուրջ 5 կմ հեռավորության վրա։
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը Բաքվից հետո ժամանել է Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի պաշտոնակից Արմեն Գրիգորյանը։ Նախատեսված է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Civilnet











