Գլխավոր Լրահոս

Ներկայացեք՝ ինչ սեռի եք դուք

Կոտայքի մարզի դատախազ Մեսրոպ Մանրիկյանը գլխավոր դատախազի հրամանով ազատվել է աշխատանքից: Լրատվամիջոցները գրել էին, որ նա ծեծել է «Ռեգնում» գործակալության խմբագրին։ Մեղադրական եզրակացությունում, սակայն, ծեծի մասին խոսք չկա։ Մարդը միայն վիճել է լրագրողի հետ։ Ու դրա համար ազատել են աշխատանքից։ Այսինքն, տիրապետում են իրական փաստերին, բայց լրատվամիջոցներին տեղեկացրել են, որ ոչ մի ծեծ չի եղել։ Լրագրողին սուտ են հանել։ Դատախազների հղփացածության մասին Սերժ Սարգսյանի ահազանգից անմիջապես հետո կայացրել են հղփացած որոշում՝ դատախազը լրագրողին չի ծեծել։ Հասկանու՞մ եք, վեճը և ծեծը երևացող բաներ են, սրանք դատախազին պատիվ չեն բերում։ Իսկ այ, երբ դատախազը իր աշխատասենյակում մեղադրանքի շուրջ բազար է անում հնարավոր մեղավորի կամ անմեղի հետ, չերևացող է։

Ինչ-որ մի բան է կատարվում այս երկրում։ Ամբողջ պետական ապարատը բացահայտում է իր հանցանքները, ինքն իրենով իրեղեն ապացույց է ցանկացած կատարված, կատարվող և կատարվելիք այլ հանցագործությունների։ Սերժ Սարգսյանը սա գիտի, վարչապետը գիտի, գլխավոր դատախազը գիտի։ Բարոյական խնդիրներ են լուծում։ Բայց երբ խոսքը հասնում է առարկայական, ասենք, աշխատավարձերի բարձրացմանը, փող չկա։ Տղերք, բա ինչի՞ եք դատախազին աշխատանքից ազատում։  Բարոյական հաղթանակների հետևի՞ց եք ընկել։ Ուզում եք անճանաչելի՞ դառնալ։ Ուզում եք նախագահի առաջիկա ընտրություններ գնալ մաքուր ձեռքերո՞վ։ Չի լինելու։ Որովհետև գիտենք, թե ինչպես եք անցկացնելու ձեր նախագահին՝ դուք ընտրողներին չեք ծեծելու, չեք սպանելու։ Դուք նրանց հնարավոր է կարմիր գորգի վրա ուղեկցեք ընտրատեղամասեր։ Ժպտաք քվեաթերթիկներ տրամադրելիս։ Սրանք բոլորը երևացող բաներ են։

Բայց մենք հո գիտենք, որ դուք չերևացող հանցագործությունների վարպետ եք։ Ու գիտենք, որ ձեր չերևացող հանցագործությունները անմիջապես բաց ճակատով կհայտարարեն իրենց մասին, եթե հանկարծ ընտրակաշառքները, դպրոցների ուսուցիչներին արվող սպառնալիքները ձեզ քիչ թվան։ Պարզ չէ՞, որ նախապատրաստվում եք նախագահի ընտրություններին։ Ուզում եք ասել, որ այնքան օրինական եք ընդառաջ գնում ընտրություններին, որ կեղծելու մասին խոսք էլ չի կարող լինել։ Դուք հաստատուն քայլերով գնում եք բոլոր կեղծիքներից «ամենաօրինականին»։ Դուք «չերեզ» իմիջ եք գնում կեղծիքներից «ամենաօրինականներին»։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև դուք իշխանության խնդիր եք լուծում, ոչ թե հասարակության։ Որովհետև ձեզ հայտնի չէ կառավարման այլ եղանակ, քան ժողովրդի վրայով իրականացվող կառավարումն է։

Դուք բոլոր նյարդերով տրվել եք նախագահի ընտրությունները հորով-մորով 300 անելուն, որովհետև Սերժ Սարգսյանը գիտի, որ ձեր իրականացրած օրինականությունը նույնքան աշխատող պետք է լինի առաջիկա ընտրությունների համար, որքան ձեր բաժանելիք ընտրակաշառքներն են։ Այլապես, ինչո՞ւ եթերը չի ազատականացվում, ինչո՞ւ է միանգամից երեք հեռուստաընկերություն վրեժ լուծում Լևոն Զուրաբյանից «Միշիկ» բառի համար։ Իշխանության մեջ ո՞վ պետք է պատասխան տա այն հարցին, թե Հ1-ը, Արմենիան և Արմնյուզը ի՞նչ գործ ունեն առանձին վերցրած մեկ փեսայի վրիժառուական զգացումների հետ։ Որևէ մեկը այդ հեռուստաընկերություններից եթեր հեռարձակե՞լ է «Միշիկ» բառը, որ դրան պատասխանում է «Լյովիկ»-ով։ Որևէ մեկը կանչե՞լ է Լևոն Զուրաբյանին և հարցրել՝ եղբայր, էս ի՞նչ ես ասում, էդ մարդը անուն ունի։ Ոչ, թիկունքից եք հարվածում։ Եվ տղամարդու վճռականությամբ Կոտայքի դատախազի՞ն եք գործից ազատում։ Չէ, որ «Լյովիկ»-ն արդեն հրապարակային վեճ է, քաշքշոց, կոնֆլիկտ, մարտահրավեր, նետված ձեռնոց։ Բարոյական հարթության մեջ հաղթե՞լ եք ուզում, սկզբից ներկայացեք՝ ինչ սեռի եք դուք։

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում