Քննարկվում են ռուսական, ամերիկյան, այլ երկրների ատոմակայանների մոդելների առաջարկներ. նախարար

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման նպատակով քննարկվում են տարբեր առաջարկներ՝ հաշվի առնելով դրա տնտեսական ֆինանսական բաղադրիչներն ու այն ժամանակահատվածը, որի ընթացքում հնարավոր կլինի այն գործարկել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 9-ի ասուլիսին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Տարբեր երկրների անուններ են շրջանառվել։ Մենք տարբեր ուսումնասիրություններ ենք իրականացնում, որոնք դեռևս ավարտված չեն»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ քննարկվում են ոչ միայն ռուսական, ամերիկյան, այլ նաև տարբեր երկրների ատոմակայանների մոդելների առաջարկներ, սակայն վերջնական որոշում դեռ չկա։
Խուդաթյանի տեղեկացմամբ՝ կառավարության համապատասխան որոշմամբ ՏԿԵ նախարարության ենթակայությամբ նոր կազմակերպություն է ստեղծվում, որի հաստիքացուցակն ու բյուջեն արդեն իսկ հաստատված է, իսկ առաջիկայում նախատեսվում են համալրումները։
Ըստ գերատեսչության ղեկավարի՝ նոր կազմակերպությունը կզբաղվի հայտերի պատշաճ ուսումնասիրությամբ, ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ, ինչպես նաև շինարարական աշխատանքների որոշակի հսկողությամբ ու տեխնիկական բնութագրերը կազմելով։
«Կազմակերպությունն այս փուլից սկսած՝ ամբողջությամբ ներգրավված է լինելու նոր ատոմակայանի կառուցման գործում՝ մինչև շահագործման հանձնելը»,- ասաց Խուդաթյանը՝ հավաստիացնելով, որ աշխատանքները հնարավորին արագ իրականացնելու համար արվում է առավելագույնը։
Այդուհանդերձ, ըստ նախարարի, նոր ատոմակայանի կառուցման ժամկետները մեծապես պայմանավորված են այն մոդելից, որը կընտրվի։
***
Նախորդ տարվա օգոստոսին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների էներգետիկ գծով փոխնախարար Հակոբ Վարդանյանը ՍիվիլՆեթի տաղավարում զրուցել էր նոր ատոմակայանի կառուցման, դրա նպատակով ընկերություն ստեղծելու, քննարկվող տարբերակների մասին։
Civilnet










