Գլխավոր Լրահոս

Վրացական երազանքը նոր հարձակումներ է սկսել ԵՄ-ի և Արևմուտքի դեմ՝ հագեցած դավադրության տեսություններով

Վրացական երազանքը նոր հարձակումներ է սկսել ԵՄ-ի և Արևմուտքի դեմ՝ հագեցած դավադրության տեսություններով

Վրաստանի իշխող Վրացական երազանք կուսակցությունը դավադրության տեսություններով լի երկար հայտարարության մեջ պնդել է, որ հակավրացական «Պատերազմի գլոբալ կուսակցությունը» վերահսկվում է «Խորը պետության» կողմից:

ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից Վրաստանի իշխանությունների դեմ սահմանվող պատժամիջոցների ֆոնին Վրացական երազանքի քաղաքական խորհուրդը երկար հայտարարություն է հրապարակել՝ սուր քննադատելով բոլոր այն երկրներին, հաստատություններին և քաղաքական գործիչներին, որոնք մասնակցել են այդ գործընթացին:

Վրացական երազանքի՝ հունվարի 8-ին հրապարակած տեքստի համաձայն՝ պատժամիջոցները «հակավրացական» քայլ են, որը «խարխլում է վրացական հասարակության վստահությունը արևմտյան հաստատությունների նկատմամբ»:

Ցուցարարների, լրագրողների և ակտիվիստների դեմ բռնության ֆոնին Վրացական երազանքի ներկայացուցիչների դեմ պատժամիջոցներ են սահմանել մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Բալթյան երկրները:

Վրացական երազանքը պնդել է, որ կոնկրետ երկրի «հակավրացական» դիրքորոշման մակարդակը կախված է նրանից, թե որքան խորն է այնտեղ արմատավորվել «Պատերազմի գլոբալ կուսակցությունը» և որքան ուժեղ են այդ երկրում «Խորը պետության մետաստազները»:

Վրազական երազանքը նախկինում ևս օգտագործում էր այս երկու եզրույթները հակաարևմտյան և հակաեվրոպական հռետորաբանության աճի ֆոնին: Ուկրաինայում պատերազմի բռնկումից կարճ ժամանակ անց այն սկսեց պնդումներ անել «Պատերազմի գլոբալ կուսակցության» գոյության մասին, որը ձգտում է Վրաստանը ներքաշել հակամարտության մեջ և բացել «երկրորդ ճակատ» Ռուսաստանի դեմ:

Վրացական երազանքի բառապաշարում համեմատաբար վերջերս է հայտնվել «Խորը պետություն» եզրույթը, որը հաճախ օգտագործվում է կառավարություններ վերահսկող տարբեր կազմակերպությունների կամ գործակալությունների խմբերը բնորոշելու համար: Դեկտեմբերին իշխող կուսակցությունը «Խորը պետությանը» մեղադրել էր վերջին տարիներին աշխարհում տեղի ունեցած անկարգությունների և պատերազմների համար:

Սակայն չորեքշաբթի օրվա հայտարարության մեջ իշխող կուսակցության դավադրությունն ավելի է խորացել՝ նոր պնդմամբ, որ «Խորը պետությունը» «Գլոբալ պատերազմի կուսակցության» գործիքն է: Այսպիսով, Վրացական երազանքի վերջին գնահատման համաձայն, «Գլոբալ պատերազմի կուսակցությունն» է այն մարմինը, որը վերահսկողություն ունի «Խորը պետության» նկատմամբ:

Վրացական երազանքը պնդել է, որ «յուրաքանչյուր քաղաքական գործիչ և պաշտոնյա, որը հակավրացական հայտարարություններ է անում, լինի նախագահ, վարչապետ, պատգամավոր, Եվրախորհրդարանի անդամ, դիվանագետ, թե պաշտոնյա, «Խորը պետության» ցանցի անդամ է, որը գործում է ոչ թե Ամերիկայի կամ Եվրոպայի ժողովրդի շահերից, այլ «Պատերազմի գլոբալ կուսակցության» ազդեցության ներքո»:

Վրաստանի Իշխող կուսակցությունը փորձել է ամրապնդել իր պատումը՝ հղում անելով ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հայտարարություններին, որը «Խորը պետություն» եզրույթն օգտագործում է դաշնային բյուրոկրատիայի որոշ պաշտոնյաների վերաբերյալ և խոստացել է պայքարել նրանց դեմ՝ հաճախ օգտագործելով «ճահիճը չորացնել» արտահայտությունը:

«Նախագահ Թրամփը [ԱՄՆ նախագահական] ընտրություններից առաջ հայտարարել է, որ կա՛մ Ամերիկան կոչնչացնի «Խորը պետությունը», կա՛մ «Խորը պետությունը» կոչնչացնի Ամերիկան», - նշել է Վրաստանի իշխող կուսակցությունը:

Վրացական երազանքն իր ներկայացուցիչների դեմ պատժամիջոցները բացատրել է որպես «Պատերազմի գլոբալ կուսակցության» ցանկություն՝ Վրաստանում երկրորդ ճակատ բացելու համար: Բացի այդ, այն պնդել է, որ եվրոպական երկրների մեծ մասն այսօր խաղում է «Խորը պետության» խաղը և ի վիճակի չէ պաշտպանել սեփական ազգային շահերը:

Հայտարարությունը Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա նույնպես բացատրում է որպես «Խորը պետության էֆեկտ»՝ չնշելով այն փաստը, որ Ռուսաստանը լայնածավալ ռազմական ագրեսիա է իրականացնում կոնկրետ երկրի դեմ՝ ոչնչացնելով նրա քաղաքները և սպանելով հազարավոր խաղաղ բնակիչների:

Հայտարարությունը կոնկրետ անհատների անուններ է տալիս, ինչպիսիք են ԱՄՆ կոնգրեսական, Վրացական երազանքի խիստ քննադատ Ջո Ուիլսոնը, միջազգային դավադրության տեսությունների հաճախակի թիրախներից մեկը՝ Ջորջ Սորոսը: Իշխող կուսակցությունը Ուիլսոնին անվանել է «դեգրադացված քաղաքական գործիչ՝ զրոյական քաղաքական մշակույթով», իսկ Սորոսի դեպքում Վրացական երազանքը մեջբերել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, որը հայտարարել էր, թե «Սորոսի կայսրությունը» դուրս է մղվում ԱՄՆ-ից, բայց Բրյուսելն դեռ նրա ձեռքում է:

Իշխող կուսակցությունը նաև հիշատակել է ԵՄ-ի դեմ ծայրահեղ աջ շրջանակներում տարածված պնդումները, օրինակ այն, որ «ԼԳԲՏ քարոզչությունը և միգրացիոն քաղաքականությունը» պատճառ են դառնում, որ ԵՄ երկրները «կորցնեն իրենց ինքնությունը»: Իշխող կուսակցությունը այս համատեքստում նույնպես հղում է անում «Խորը պետությանը»:

Վրացական երազանքը վերջին երեք տարիների ընթացքում հաճախ է օգտագործել դավադրության պնդումները, հատկապես Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ շարունակվող լայնածավալ պատերազմի և Վրաստանում հակակառավարական բողոքի ցույցերի համատեքստում:

2023-ի մարտին օտարերկրյա գործակալների մասին օրենքի առաջին տարբերակի դեմ հանրային բողոքի ցույցերից հետո «Պատերազմի գլոբալ կուսակցության» տեսությունը լրացվեց «ԼԳԲՏ քարոզչության» և «լիբերալ ֆաշիզմի» տեսություններով:

Իշխող կուսակցությունն այս պնդումներն ինտենսիվ օգտագործում է թե՛ ներքին, թե՛ միջազգային քննադատների դեմ:

Միխեիլ Գվաձաբիա, OC Media

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում