Միխեիլ Գվաձաբիա, OC Media
Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ «Վրացական մղձավանջի չճանաչման ակտ» անունն ստացած նախագիծը, որը չի ճանաչում Վրաստանի նոր ձևավորված կառավարությունը, նախատեսվում է ուղարկել ԱՄՆ Կոնգրես։ Միևնույն ժամանակ Սալոմե Զուրաբիշվիլին ընդունել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը մասնակցելու հրավերը։
Fox News-ը հայտնել է, որ վերոհիշյալ նախագիծը, պետք է Կոնգրես մուտք արվեր հունվարի 8-ին։
Այնուամենայնիվ, հունվարի 9-ի դրությամբ առաջարկվող օրենսդրությունը չի հայտնվել Կոնգրեսի կայքում:
Ակտը վերջինն է որոշումների և հայտարարությունների շարքից, որոնք ընդգծում են Միացյալ Նահանգների և Վրացական երազանքի կառավարության հարաբերությունների վատթարացումը։
Ըստ Fox News-ի, որի տրամադրության տակ է հայտնվել առաջարկվող օրինագծի պատճենը, օրենսդրությունը կարգելի հարաբերությունների ճանաչումը կամ կարգավորումը «Վրաստանի ցանկացած կառավարության հետ, որը ղեկավարում է Բիձինա Իվանիշվիլին կամ նրա որևէ վստահված անձ՝ Իվանիշվիլիի ռեժիմի կողմից վրաց ժողովրդի դեմ շարունակվող հանցագործությունների պատճառով»:
«Իվանիշվիլիի ռեժիմը պետք է մեկուսացված մնա»
Օրինագծում ասվում է, որ ԱՄՆ «դաշնային ոչ մի պաշտոնյա կամ աշխատակից չի կարող որևէ գործողություն ձեռնարկել, և որևէ դաշնային միջոց չի կարող տրամադրվել՝ որևէ կերպ ճանաչելու կամ այլ կերպ ենթադրելու Միացյալ Նահանգների կողմից Բիձինա Իվանիշվիլիի կամ Վրաստանի որևէ կառավարության ճանաչումը»:
Օրինագիծը հեղինակել է Ներկայացուցիչների պալատի երկու անդամ՝ հանրապետական Ջո Ուիլսոնը և դեմոկրատ Սթիվ Քոհենը։ Երկուսն էլ Վրացական երազանքի բացահայտ քննադատներ են:
«Պատժամիջոցների ենթարկված օլիգարխ Իվանիշվիլիի Վրացական երազանք կուսակցությունն այժմ դարձել է Պուտինի գործիքը»,- Fox News-ին ասել է Քոհենը, որը օրինագծի անվանման հեղինակն է։
«Նրանք կեղծեցին հոկտեմբերի ընտրությունները և անօրինական կերպով ընտրեցին հնազանդ նախագահի,- ասել է նա,- քանի դեռ Իվանիշվիլիի ռեժիմը չի համաձայնել ազատ և արդար ընտրություններ անցկացնել, այն պետք է լիովին մեկուսացված մնա ժողովրդավարական բոլոր կառավարությունների կողմից»։
Օրինագծի մյուս հեղինակ Ջո Ուիլսոնը նաև «Ասադի ռեժիմի դեմ նորմալացման ակտի» հեղինակն է, որն ընդունվել է 2024-ի փետրվարին։ Այս ակտն արգելում է Սիրիայում այժմ տապալված Բաշար Ասադի կառավարության հետ հարաբերությունների ճանաչումը կամ կարգավորումը։ Նախագահ Ջո Բայդենն այս օրինագիծը ստորագրել է անցյալ ամիս:
«Մենք նույն քաղաքականությունն ենք վարելու Իվանիշվիլիի ռեժիմի հետ»,- Fox News-ին ասել է Ուիլսոնը՝ համեմատելով երկու նախագծերը։
Վրացական երազանքը դեռ չի մեկնաբանել նոր օրինագծի ներկայացումը, սակայն նախօրեին հրապարակված ծավալուն հայտարարությունում իշխող կուսակցությունը խիստ քննադատել է իր միջազգային քննադատներին՝ Վիլսոնին անվանելով «զրոյական քաղաքական մշակույթ ունեցող դեգրադացված քաղաքական գործիչ»:
Ինչպես նշում է Fox News-ը, թեև ԱՄՆ նախագահի իրավասությունն է ճանաչել այս կամ այն առաջնորդին կամ կառավարությունը, ԱՄՆ օրենսդիրները մատնանշում են անցյալի նախադեպերը, երբ Կոնգրեսը հրաժարվել է ճանաչել այն ռեժիմները, որոնց համարել է ոչ լեգիտիմ: Սա վերաբերում է այնպիսի դեպքերի, ինչպիսիք են Ռուսաստանի կողմից ուկրաինական և վրացական տարածքների օկուպացումը, ինչպես նաև 1940-ին Խորհրդային Միության կողմից բալթյան երկրների բռնակցումը:
«Վրացական մղձավանջի չճանաչման ակտը» միակ օրինագիծը չէ, որը ներկայացվել է ԱՄՆ նոր Կոնգրես։ Անցյալ շաբաթ Կոնգրես է ներկայացվել մեկ այլ փաստաթուղթ՝ «Վրաստանի հաշվետվողականության, ճկունության և անկախության կառուցման տարբերակների մոբիլիզացում և ընդլայնում» ակտը: Դրա հեղինակը ևս Ուիլսոնն է։
Այս նախագիծն առաջին անգամ ներկայացվել է անցած տարվա մայիսին՝ ի պատասխան Վրաստանի օտարերկրյա գործակալների մասին օրենքի: Այն պահանջում է լրացուցիչ պատժամիջոցներ Վրաստանի պաշտոնյաների նկատմամբ, ինչպես նաև վրացական լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ֆինանսավորում:

Զուրաբիշվիլին մասնակցելու է Թրամփի երդմնակալությանը
Բացի քննադատական օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալուց և սոցիալական ցանցերում կոշտ գրառումներ անելուց՝ Վիլսոնը Վրաստանի ինքնահռչակ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին (նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է 2024-ի դեկտեմբերի 29-ին, սակայն նա հայտարարել է, որ շարունակում է կատարել նախագահի պարտականությունները) հրավիրել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը, որը նախատեսված է հունվարի 20-ին:
Հինգշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Զուրաբիշվիլին հաստատել է իր մասնակցությունը միջոցառմանը` հայտարարելով, որ ԱՄՆ-ում «բարձր մակարդակի հանդիպումներ» է ունենալու։
Ըստ Fox News-ի՝ «Վրացական մղձավանջի չճանաչման ակտում» Զուրաբիշվիլին մասին ևս հիշատակում կա։ Առաջարկվող օրինագծում ասվում է, որ ԱՄՆ-ն նրան կճանաչի որպես «Վրաստանի գործող նախագահ նախքան 2024-ի հոկտեմբերի 26-ի կեղծված ընտրությունները» և որպես երկրի միակ օրինական ղեկավար։
Զուրաբիշվիլին վերջին շաբաթներին հասցրել է անձամբ խոսել Թրամփի հետ՝ վերջինիս երդմնակալության արարողությունից առաջ։ Անցյալ ամիս Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողության ժամանակ նա հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Թրամփի հետ։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ «ներկայացրել է գողացված ընտրությունների և Վրաստանի ժողովրդի նկատմամբ չափազանց տագնապալի բռնաճնշումների» մասին ողջ իրականությունը:
Վրաց-ամերիկյան հարաբերությունները նկատելիորեն վատթարացել են «ռուսական ոճի» օրենքների ընդունման, կեղծված ընտրությունների, ԵՄ անդամակցության գործընթացի կասեցման և վրացական իշխանությունների կողմից հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնությունների ֆոնին:
Նոյեմբերի վերջին Վաշինգտոնը դադարեցրեց ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ, իսկ դեկտեմբերին պատժամիջոցներ սահմանվեցին Վրացական երազանքի պատվավոր ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի և կուսակցության բարձրաստիճան այլ պաշտոնյաների, ինչպես նաև ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի նկատմամբ։
Մինչ այդ Վաշինգտոնն արդեն պատժամիջոց էր կիրառել վրացի մի քանի ազդեցիկ դատավորների նկատմամբ, որոնց քննադատները հաճախ համարում էին կառավարությանը մոտ կանգնած «դատական կլանի» մաս: Պատժամիջոցներ են կիրառվել նաև Ներքին գործերի նախարարության հատուկ առաջադրանքների վարչության պետ Զվիադ Խարազիշվիլիի նկատմամբ, որն առանցքային դեր է ունեցել բողոքի ցույցերի մասնակիցներին դաժանաբար ճնշելու գործում։
Վրացական երազանքի հռետորաբանությունը գնալով ավելի է կոշտանում այն երկրների նկատմամբ, որոնք քննադատում են նրա կառավարումը և պատժամիջոցներ են սահմանել երկրում ժողովրդավարության հետընթացի պատճառով:
Հունվարի 8-ին հրապարակված ծավալուն հայտարարությունում իշխող կուսակցությունը խիստ քննադատել է այն պետություններին, ինստիտուտներին և քաղաքական գործիչներին, որոնք սահմանում են այդ պատժամիջոցները, և օտարերկրյա քննադատներին անվանել է «խորքային պետության ցանցի» անդամներ:
Միևնույն ժամանակ, Վրացական երազանքի պաշտոնյաները հրապարակայնորեն հայտարարել են, որ անհամբեր սպասում են Վաշինգտոնում Թրամփի երդմնակալությանը։ Նրանք հաճախ են վկայակոչել նորընտիր նախագահի հայտարարությունները՝ պնդելով, որ նա կպայքարի «խորքային պետության» դեմ և Ուկրաինայում վերջ կդնի Ռուսաստանի պատերազմին, որում, ըստ Վրացական երազանքի դավադրապաշտական տեսության, «Գլոբալ պատերազմի կուսակցության» արտաքին ուժերն ամենասկզբից փորձել են ներքաշել Վրաստանին։
Այնուամենայնիվ, Թրամփի երդմնակալության մոտենալուն զուգահեռ, Վրացական երազանքն այս ընթացքում փորձել է հավասարակշռել իր հայտարարած ակնկալիքները: Դեկտեմբերին կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն, ասել է. «Մենք չպետք է հուսահատվենք և ոչ էլ չափից դուրս հույսեր կապենք հունվարի 20-ից հետո ընկած ժամանակահատվածի հետ»։
Civilnet











