Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 7-ին հարցազրույց տվեց տեղական մի շարք լրատվամիջոցների, որի ընթացքում սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի հասցեին, ինչպես նաև զգալիորեն կոշտացրեց Բաքվի մի շարք պաշտոնական դիրքորոշումներ։
Ալիևի հայտարարություններում տոնայնության փոփոխությունից բացի կային նաև բովանդակային փոփոխություններ։ Ամենաուշագրավը Հայաստանի հարավով Ադրբեջանը Նախիջևանին կապող հաղորդակցությանն էր առնչվում։ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Հայաստանը պետք է բացի և բացելու է «Զանգեզուրի միջանցքը»։
Նախորդ տարվա ընթացքում Բաքվի հռետորաբանությունը այս հարցի վերաբերյալ մեղմվել էր։ Ադրբեջանը հայտարարում էր, որ եթե Երևանը Բաքվին միջանցք չտրամադրի, տարածաշրջանային որևէ հաղորդակցություն չի բացվելու և Հայաստանը շարունակելու է շրջափակված մնալ։ Ավելին, ադրբեջանցի պաշտոնյաները պնդում էին, որ Իրանի տարածքով «Զանգեզուրի միջանցքին» այլընտրանքային ճանապարհ են կառուցելու։
Այս հայտարարությամբ Ալիևը միջանցքի հարցում վերադառնում է Հայաստանի հետ վերջնագրերի և սպառնալիքների լեզվով խոսելու քաղաքականությանը։ Այսինքն, ադրբեջանական դիրքորոշման մեջ կրկին փոփոխություն է տեղի ունեցել և ունենք այն իրավիճակը, ինչ կար 2022-ին ու 2023-ի սկզբին։
Հատկանշական է նաև, որ այս հարցում ադրբեջանական դիրքորոշման կոշտացումը տեղի է ունենում Հայաստանի իշխող շրջանակների մոտ նախորդ տարեվերջի լավատեսության շրջանից հետո, երբ Ալիևի և Փաշինյանի կազանյան հանդիպումից հետո Երևանը ապաշրջափակման հարցով Բաքվին առաջարկությունների նոր փաթեթ էր ուղարկել, որը ամենայն հավանականությամբ ենթադրում էր պարզեցված ռեժիմով երկաթուղային բեռնափոխադրումների կազմակերպումը Ադրբեջանի համար Հայաստանի հարավով։
Ալիևի հարցազրույցից երկրորդ ակնառու թեման Հայաստանի կողմից սպառազինությունների ձեռք բերման հարցն էր։ Հենց այս համատեքստում Ադրբեջանի նախագահը Հայաստանը ֆաշիստական պետություն անվանեց և կոչ արեց ռազմատեխնիկական ոլորտում Երևանի նոր գործընկերներին դադարեցնել և չեղարկել համագործակցությունը հայկական կողմի հետ։ Նա նույնիսկ պահանջեց վերադարձնել արդեն իսկ ձեռք բերված սպառազինությունը։
Հայաստանը ֆաշիստական պետություն ներկայացնող այս պատմույթը ակտիվացել էր վերջին տարվա ընթացքում և նպատակ է հետապնդում հիմնավորել ադրբեջանական այն դիրքորոշումը, որ Երևանի կողմից սպառազինությունների ձեռք բերման հնարավորությունը պետք է սահմանափակվի։ Այն նաև կարող է օգտագործվել Հայաստանի դեմ նոր ռազմական էսկալացիա նախաձեռնելու համար։ Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ Ալիևի սպառնալիքները կյանքի կոչվելու միտում ունեն։
Ադրբեջանի նախագահի հայտարարություններից հատկանշական էին նաև նրա մեկնաբանությունները դելիմիտացիայի գործընթացի մասին։ Ալիևը այս գործընթացում ստեղծված երկկողմ ձևաչափը որակեց ոչ թե երկխոսություն, այլ մենախոսություն։ Նա, մասնավորապես, պնդեց, որ նախորդ տարվա ընթացքում Տավուշի հատվածի չորս գյուղերի նկատմամբ ադրբեջանական վերահսկողության հաստատումը հենց մենախոսության տրամաբանությամբ տեղի ունեցավ, երբ Երևանը կատարեց Բաքվի պահանջները։ Այս մեկնաբանությունը իրականում բնութագրում է նաև կողմերի մոտեցումը ողջ բանակցային գործընթացին ու երկկողմ հարաբերություններին։ Բաքվի համար դրանք միակողմանի գործընթացներ են, իսկ Հայաստանի իշխանությունները փորձում են երկխոսության պատրանք ստեղծել։ Այս հանգամանքը հստակ երևաց նաև Փաշինյանի արձագանքից Ալիևին։
Ադրբեջանի դիրքորոշումների այսօրինակ կարծրացումը ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո կանխատեսելի էր։ Այս փոփոխության մասին դեռևս նախորդ տարեվերջին ակնարկում էին նաև ադրբեջանական տարբեր պաշտոնյաներ։ Մեծ հաշվով Ալիևը ևս հարցազրույցի ընթացքում բաց տեքստով նշում էր, որ միջազգային իրողությունների փոփոխությունը բարդացնում է Հայաստանի իրավիճակը, ինչը պետք է հաշվի առնվի Երևանի կողմից։ Այս հարցազրույցի թիրախային լսարան կարելի է համարել նաև հենց ԱՄՆ նոր վարչակազմը, որին Ադրբեջանի նախագահը փորձում էր սիրաշահել։
Ալիևը հարցազրույցի ընթացքում ջանում էր Ադրբեջանը ներկայացնել որպես ԱՄՆ պոտենցիալ գործընկեր տարածաշրջանում և խոսում էր հարաբերությունները ռազմավարական մակարդակի հասցնելու հնարավորությունների մասին։ Այս գաղափարը համոզիչ դարձնելու համար նա թիրախավորում էր Թրամփի քաղաքական հակառակորդներին, օգտագործում էր նաև հակաիրանական հռետորաբանություն։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի արևմտյան լոբբիստները վերջին օրերին սոցիալական ցանցերում գրառումներ էին անում այն մասին, որ Ադրբեջանը հակադրվում է Իրանին։ Ամենայն հավանականությամբ, հենց հակաիրանյան խաղաքարտն է Բաքվում դիտարկվում որպես ԱՄՆ նոր վարչակազմի հետ մերձեցման հիմնական միջոց։
Հաշվի առնելով Ադրբեջանի հռետորաբանության և դիրքորոշումների մեջ տեղի ունեցած այս կանխատեսելի փոփոխությունները, որոնք պայմանավորված են միջազգային փոփոխվող կոնյունկտուրայով, կարելի է ենթադրել, որ 2025-ը շատ ավելի անկայուն տարի է լինելու Հայաստանի համար անվտանգության առումով։ Ակնհայտ է նաև, որ Հայաստանի իշխանությունները պետք է վերջապես գիտակցեն, որ ադրբեջանական ագրեսիայի զսպումը, երկրի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պաշտպանությունը առաջին հերթին Հայաստանի Հանրապետության գործառույթն է։ Արևմուտքի մի շարք առանցքային երկրներում ներքաղաքական անկայունության ու արտաքին քաղաքական նախապատվությունների փոփոխության պայմաններում անիմաստ է ակնկալել, որ արտաքին դերակատարները բավարար ռեսուրսներ ու քաղաքական կամք կունենան Ադրբեջանին զսպելու համար։
Տիգրան Գրիգորյան











