Գլխավոր Լրահոս

Իրատեսական չէ յուրաքանչյուր ռուսի վտարումը ուկրաինական հողի յուրաքանչյուր սանտիմետրից. Թրամփի խորհրդական

Իրատեսական չէ յուրաքանչյուր ռուսի վտարումը ուկրաինական հողի յուրաքանչյուր սանտիմետրից. Թրամփի խորհրդական

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ապագա Ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն արդեն նախապատրաստվում է: Նրա խոսքով՝ նրանց միջև հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ «առաջիկա օրերին կամ շաբաթներին»:

ABC News հեռուստաալիքի եթերում Ուոլցը հայտարարել է, որ «Ուկրաինայի հարցով համաձայնությունն անհնար է առանց Ռուսաստանի հետ երկխոսության», որի վրա Թրամփի թիմը կաշխատի առաջիկա ամիսներին:

«Բոլորը գիտեն, որ սա պետք է ավարտվի դիվանագիտական ճանապարհով: Ես պարզապես չեմ կարծում, որ իրատեսական է խոսել այն մասին, որ մենք պատրաստվում ենք վտարել յուրաքանչյուր ռուսի ուկրաինական հողի յուրաքանչյուր սանտիմետրից: Նույնիսկ Ղրիմը. նախագահ Թրամփն ընդունել է այս իրականությունը: Եվ կարծում եմ, որ ողջ աշխարհի կողմից այս իրականության ընդունումը մեծ առաջընթաց էր: Այժմ եկեք շարժվենք առաջ: Ինչպե՞ս կարող ենք այլևս չձգել այս հակամարտությունը»,- ասել է Ուոլցը:

«Նախագահ Թրամփի տեսանկյունից՝ անհնար է գործարքի գալ, եթե չկա որևէ երկխոսություն և հարաբերություններ մյուս կողմի [Ռուսաստանի] հետ, և մենք անպայման կհաստատենք դա առաջիկա ամիսներին: Առայժմ դրա համար ճշգրիտ շրջանակներ սահմանված չեն, մենք աշխատում ենք դրա վրա, բայց ես սպասում եմ գոնե հեռախոսազանգի առաջիկա օրերին կամ շաբաթներին: Սա կլինի քայլ, և մենք կշարժվենք առաջ»,- ասել է Ուոլցը:

Նա նշել է, որ պետք է կայունացնել իրավիճակը մարտի դաշտում. «Հարցերից մեկը, որը մենք կբարձրացնենք ուկրաինացիների առջև, կապված է ռազմական ուժի իրական խնդիրների հետ: Հիմա նրանց զորակոչային տարիքը 25 տարեկան է, ոչ թե 18, և ես կարծում եմ՝ շատերը չեն գիտակցում, որ Ուկրաինան կարող էր զորակոչել հարյուր հազարավոր նոր զինվորների: Հետևաբար, երբ մենք լսում ենք բարոյական ոգու խնդիրների կամ առաջնագծում դժվարությունների մասին, մենք ասում ենք՝ լսե՛ք, եթե ուկրաինացիները ողջ աշխարհին խնդրում են աջակցել ժողովրդավարությանը, նրանք իրենք պետք է լիովին նվիրված լինեն այդ գործին»:

«Նրանք, իհարկե, ցուցաբերել են անհավանական քաջություն և զբաղեցրել են ազնիվ և կայուն դիրք, բայց մեզ պետք է, որ մարդկային ռեսուրսների պակասի այս խնդիրները լուծվեն: Հարցը միայն զինամթերքը, զինատեսակները կամ ֆինանսական նոր ներարկումները չեն: Կարևոր է կայունացնել ռազմաճակատը, որպեսզի մենք կարողանանք անցնել որևէ կարգավորման»,- ասել է Ուոլցը:

Հարցին, թե որոնք են իրատեսական ժամկետները Ուկրաինայում հրադադարի համար, Ուոլցն ասել է. «Մենք կցանկանայինք տեսնել հրադադար ցանկացած պահի, ցանկացած օր: Կարծում եմ՝ սա կլիներ անհավանական դրական առաջին քայլը երկու կողմերից, որը թույլ կտա մեզ անցնել դիվանագիտական որևէ լուծման շրջանակների մշակման»:

«Այժմ պետք է շարժվել առաջ: Ինչպե՞ս դադարեցնել այս հակամարտությունը և թույլ չտալ դրա էսկալացիան մինչև մի մակարդակ, երբ արդեն աշխարհը ներքաշվի դրա մեջ: Մենք արդեն տեսնում ենք Հյուսիսային Կորեան, լսում ենք լարված հայտարարություններ Հարավային Կորեայից: Այս հակամարտությունը կարող է ընդլայնվել, և մենք պարտավոր ենք թույլ չտալ դա»,- ասել է Մայք Ուոլցը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում