2025-ի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել նոր իրավակարգավորումներ՝ էլեկտրաէներգիայի վթարային անջատումների դեպքում քաղաքային համայնքներում դրա վերականգնման ժամկետը կազմելու է 3 ժամ, իսկ գյուղական համայնքներում՝ 6 ժամ. «Արմենպրեսի» հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ֆինանսատեխնիկական դիմումների քննարկման վարչության պետ Հայկ Ղոսալմյանը։
«Եթե նշված ժամանակահատվածը գերազանցում է սահմանվածը, ապա, ինչպես նախկինում, գործելու է տույժ, որը կազմում է սպառողների սպառած էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 2 500 դրամը, իսկ նոր կարգավորումների համաձայն, եթե կրկնակի չափն է գերազանցել նշված ժամանակահատվածը, ապա՝ ամսական միջին արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 3 500 դրամը, իսկ եթե այդ դեպքը կրկնվում է մեկ օրացույցային տարվա ընթացքում երկրորդ անգամ, ապա միջին ամսական գնված էլեկտրաէներգիայի արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 10 000 դրամը», - ասաց Հայկ Ղոսալմյանը։
2024-ին սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման դեպքում ՀԷՑ ՓԲԸ-ն այն պարտավոր էր վերականգնել ընդհատման պահից ոչ ուշ, քան քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում՝ 4 ժամում, գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում` 8 ժամում։
Պաշտոնյայի խոսքով՝ սա կանխարգելող երևույթ է, որպեսզի ընկերությունը աշխատանքները այնպես կազմակերպի, որ վթարների և վերականգնման քանակը նվազեցվի։
«Սպառողի վճարման հաշվում ցանցը ավտոմատ կերպով հաշվի կառնի՝ առանց սպառողի դիմում գրելու, որից հետո կնվազեցվի էլեկտրաէներգիայի արժեքից և սպառողը վճարման ժամանակ կիմանա, որ արդեն հաշվի է առնվել այդ տույժը՝ իր հաշվարկային փաստաթղթում», - ասաց Ղոսալմյանը։
Հարցին, թե արդյոք գումարի չափը կարող է կանխել թերացումները, Ղոսալմյանը պատասխանեց․ «Որոշ չափով՝ այո, որոշ չափով՝ ոչ, որովհետև եթե ուզում ենք բարելավել ընդհանուր համակարգի վիճակը, ապա համակարգում անհրաժեշտ է կատարել համապատասխան ներդրումներ, որպեսզի վիճակը գնալով բարելավվի, բայց ինչ-որ առումով՝ այո, դա կարող է նաև գործոն հանդիսանալ»։
«Եվս մեկ կարևոր գործոն ասեմ՝ տույժ չի վճարվում այն պարագայում, եթե տվյալ վթարային ընդահտումները հետևանք են ֆորսմաժորի»,- եզրափակեց Ղոսալմյանը։
Լիա Ավագյան
Civilnet











