Գլխավոր Լրահոս

Թերհավաքագրման ռիսկ. էկոնոմիկայի նախարարը խոսում է աճից, ֆինանսներինը՝ աճի վերանայումից

Թերհավաքագրման ռիսկ. էկոնոմիկայի նախարարը խոսում է աճից, ֆինանսներինը՝ աճի վերանայումից

Արշալույս Մղդեսյան

Ֆինանսների նախարարը հայտարարում է 2025-ի հարկային եկամուտների կանխատեսումների «դեպի ներքև» ճշգրտման անհրաժեշտության մասին, իսկ էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է, որ պլանավորված 5,5% տնտեսական աճի պարագայում խնդիրներ չեն լինի: 

2024-ին Հայաստանում հարկային հավաքագրումները բյուջեով  պլանավորվածից թերակատարվել են 224 մլրդ դրամով կամ մոտ 9%-ով: Չնայած նախորդ տարվա թերակատարմանը՝ կառավարությունը 2025-ի համար նախատեսել է 2024-ի փաստացի ցուցանիշից մոտ 14%-ով ավելի հավաքել՝ Հայաստանի՝ ավելի քան 500 մլրդ դրամը բյուջեի դեֆիցիտի պայմաններում: 

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 13-ի ասուլիսին մի քանի հնարավոր սցենար ներկայացրեց. «Եթե գնանք այն սցենարով, որը բյուջեում նախատեսել ենք՝ մոտավորապես 5,5% աճ, այդ դեպքում ոչ մի խնդիր չպետք է առաջանա: Մենք 2024-ի համար պլանավորել էինք 7% աճ, բայց նույնիսկ ավելի ցածր աճի պարագայում խնդիր չունեցանք, որովհետև ծախսերի թերակատարում էր եղել»: Նրա խոսքով, տարվա ընթացքում տարբեր հանգամանքներ են ազդում տնտեսության աճի տեմպի և ծախսերի կատարման որակի վրա:

Պապոյանը հատուկ ընդգծում է որակյալ ծախսերի կարևորությունը. «Մենք կարող էինք ավելի շատ փող ծախսել, քան ծախսել ենք: Բայց չենք ծախսել, որովհետև կան ծրագրեր, որոնք ես եկել եմ, ասել եմ՝ մենք չպետք է անենք, քանի որ չեմ տեսել այդ ծախսի և դրա հետևանքով տնտեսական աճի կամ տնտեսության դիմակայունության կամ մրցունակության բարձրացման կապը»:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, մինչդեռ, խոսում է հարկային եկամուտների կանխատեսումների՝ դեպի ներքև վերանայման անհրաժեշտության մասին: 

«2024-ի իրական պատկերը եղել է մի փոքր այլ, քան այն, ինչ մենք դրել էինք 2025-ի բյուջեն պլանավորելիս: Այս պատճառով որոշակիորեն ճշգրտվելու է 2025-ի հարկային եկամուտների կանխատեսումը, բնականաբար՝ դեպի ներքև»,- նշել է նա հունվարի 13-ի ասուլիսին։

2024-ին հարկային եկամուտները թերկատարվել են 224 մլրդ դրամով, իսկ ՀՆԱ-ի աճը 7% թիրախային ցուցանիշի փոխարեն ակնկալվում է 5%-ի շրջանակում: Այս պայմաններում, ըստ տնտեսագետների, հավակնոտ է 2025-ի համար սահմանված 2,72 տրլն դրամ եկամուտների թիրախը, որը մոտ 14%-ով գերազանցում է 2024-ի փաստացի ցուցանիշը:

Փորձագետները մատնանշում են, որ ռեկորդային՝ 500 մլրդ դրամը գերազանցող բյուջեի դեֆիցիտի պայմաններում հարկային եկամուտների թերհավաքագրումը կարող է հանգեցնել կապիտալ ծախսերի էական կրճատման:

Նման սահմանափակումների պարագայում անհասկանալի է մնում, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում ապահովել պլանավորված 5,5% աճը: 

Ենթադրվում է` հույսը Ամուլսարի ոսկու հանքի ակնկալվող շահագործումն է։ 

«Եթե Ամուլսարի հանքը չաշխատի, իհարկե, տնտեսական աճը կլինի ավելի ցածր: Եթե աշխատի, ապա տնտեսական աճը ոչ միայն այս, նաև հաջորդ տարիներին կվերանայենք ավելի բարձր ուղղությամբ: Ամուլսարի՝ ամբողջական ցիկլով աշխատելու պարագայում մեր ՀՆԱ-ն տարեկան լրացուցիչ 1% կաճի, պետությունը տարեկան լրացուցիչ 120 մլն դոլար հարկ կստանա»,- ասել է Պապոյանը:

Թեև երկու նախարարներն էլ վստահեցնում են, որ պահուստային ֆոնդում առկա 42-43 մլրդ դրամը և լրացուցիչ 16-18 մլրդ դրամի խնայողությունները կօգնեն կառավարել ռիսկերը, սակայն ռիսկերը մեծ են, որ այդ միջոցները բավարար չեն լինի առկա մարտահրավերները հաղթահարելու համար` առանց կապիտալ ծախսերի կրճատումների:

Կառավարության ծրագրում պահպանվում է 7% աճի թիրախը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում