Բանկային փոխանցումներից՝ կրիպտոարժույթ. ինչպես հայտարարագրել եկամուտները

2024-ից մեկնարկած ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլում ենք. «ՍիվիլՆեթ բիզնեսի» Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում ասում է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) փոխնախագահ Ռաֆայել Գևորգյանը: Նա նշում է, որ մինչև 2025-ի մայիսի 1-ը անհրաժեշտ է ներկայացնել 2024-ի հաշվետու տարվա հայտարարագրերը:
Եկամուտների հայտարարագրումը վերաբերում է գրանցված բոլոր աշխատողներին։ Նրանք պետք է հայտարարագրեն 2024-ին ստացած եկամուտները:
Եկամուտների հայտարարագրում. ի՞նչ է փոխվում 2025-ից
Նախ ՊԵԿ փոխնախագահը նշում է, թե որ դրամական մուտքերն են համարվում եկամուտ, որոնք ենթակա են հայտարարագրման:
«Եկամուտ համարվում են բոլոր այն դրամական մուտքերը, որոնք քաղաքացիները ստանում են տարբեր աղբյուրներից։ Դրանք կարող են լինել նվիրատվություններ, ժառանգություն, գույքի վաճառքից կամ վարձակալությունից ստացված եկամուտներ, աշխատավարձ կամ քաղաքացիաիրավական պայմանագրերով ստացված վարձատրություններ», - բացատրում է Գևորգյանը։
Նա նշում է, որ քաղաքացիների մեծ մասի համար, ովքեր միայն աշխատավարձ են ստանում, գրեթե ոչինչ չի փոխվի: «Նրանք տարին մեկ անգամ հնարավորություն կունենան ծանոթանալու իրենց գործատուի կողմից վճարված եկամուտների և հարկերի մասին տեղեկատվությանը և հաստատելու դրա ճշտությունը», - հավելում է ՊԵԿ փոխնախագահը։
Գևորգյանի խոսքով՝ սա կարևոր մշակութային փոփոխություն է, քանի որ շատ դեպքերում քաղաքացիները աշխատավարձից վճարվող հարկերը չեն ընկալում որպես սեփական գումարներ, որոնք վճարվում են պետական բյուջե։ «Հայտարարագրման համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս քաղաքացիներին ավելի իրազեկված լինել և պահանջատեր՝ վճարված գումարների տնօրինման տեսանկյունից», - ընդգծում է նա։
Միաժամանակ, պետական կառավարման տեսանկյունից համակարգը հնարավորություն կտա իրականացնել առավել թիրախային սոցիալական և տնտեսական քաղաքականություն։ «Մենք կունենանք շատ ավելի համապարփակ պատկերացում քաղաքացիների տնօրինվող եկամուտների մասին և կհասկանանք, թե ինչ աջակցության կամ ծրագրերում ներգրավվելու կարիք ունեն տարբեր խմբեր», - նշում է Գևորգյանը։
Ինչպե՞ս հայտարարագրել եկամուտները
ՊԵԿ փոխնախագահ Ռաֆայել Գևորգյանը մանրամասնում է հայտարարագրման տեխնիկական կողմը և ներկայացնում է նոր համակարգի հնարավորությունները:
«Մենք թողարկել ենք նոր հավելված՝ «Սելֆ պորտալ», որը հասանելի է թե՛ վեբ, թե՛ բջջային տարբերակով», - նշում է Գևորգյանը։ Համաձայն պաշտոնյայի, նախկինում քաղաքացիները պետք է անցնեին մի շարք բարդ գործընթացներ՝ հարկ վճարողի հաշվառման համար ստանալու, էլեկտրոնային համակարգում գրանցվելու և հաշվետվություններ ներկայացնելու համար։ Այժմ այս ամենը հնարավոր է անել առանց տեղից շարժվելու», - հավելում է նա։
Նոր համակարգում ID քարտի փոխարեն ներդրվում է Mobile ID տեխնոլոգիան։ «Քաղաքացին պետք է պարզապես դիմի բջջային օպերատորներից մեկին և փոխարինի իր ֆիզիկական սիմ քարտը նորով, որը հնարավորություն կտա անվտանգ նույնականացում իրականացնել համակարգ մուտք գործելիս», - բացատրում է Գևորգյանը։ Սիմ քարտի փոխարինման ծառայությունը կարժենա 200-300 դրամ։
ՊԵԿ փոխնախագահը նաև տեղեկացնում է, որ առաջիկա ամիսներին հասանելի կդառնա նաև էլեկտրոնային սիմ քարտերի տարբերակը։ Բացի այդ, կառավարությունը շարունակաբար ներդնում է նոր նույնականացման համակարգեր, որոնք կգործեն ոչ միայն ՊԵԿ համակարգերում, այլ նաև բոլոր պետական և մասնավոր ծառայություններում։
Հարկ է նշել, որ համակարգում զգալի ծավալի տեղեկատվություն, ինչպես օրինակ աշխատավարձի մասին տվյալները, կլինեն նախապես լրացված։ «Մենք փորձում ենք մեծացնել թվայնացումը և ընդլայնել ինտեգրումը տարբեր պետական ծառայությունների հետ, ներառյալ նպաստների և կենսաթոշակների համակարգերը», - պարզաբանում է Գևորգյանը։ Նրա խոսքով, սա թույլ կտա քաղաքացիներին տեսնել իրենց բոլոր եկամուտները մեկ հարթակում և հաստատել դրանց ճշտությունը։
Ներընտանեկան փոխանցումներ և նվազագույն շեմ
«Գործող օրենսդրության համաձայն, եթե քարտից քարտ փոխանցումը փոխառություն է, պետք է հայտարարագրվի որպես այդպիսին, իսկ եթե վերադարձման ենթակա չէ՝ որպես նվիրատվություն», - բացատրում է ՊԵԿ փոխնախագահ Ռաֆայել Գևորգյանը։ Նա շեշտում է, որ ո՛չ փոխառությունը, ո՛չ նվիրատվությունը հարկային պարտավորություններ չեն առաջացնում։
Հասկանալով քաղաքացիների մտահոգությունները՝ ՊԵԿ-ը նախատեսում է սահմանել տարեկան նվազագույն շեմ, որից վերև միայն անհրաժեշտ կլինի հայտարարագրել չհարկվող եկամուտները։ Բացի այդ, քաղաքացիները կարող են օգտվել բանկերի տրամադրած տարեկան քաղվածքներից, որտեղ արդեն իսկ տեսակավորված են բոլոր մուտքերը։
Արտերկրից ստացվող փոխանցումներ
Արտերկրից, հատկապես արտագնա աշխատանքի մեկնած հարազատներից ստացվող գումարները նույնպես դիտարկվում են որպես նվիրատվություն, եթե դրանք աջակցության բնույթ են կրում։ «Եթե գումարն իր էությամբ նվիրատվություն է և չի ենթադրում որևէ ծառայության մատուցում կամ ապրանքի վաճառք, ապա այն հարկվող գործարք չէ», - հստակեցնում է Գևորգյանը։
Արտերկրյա ընկերությունների հետ աշխատանք
Այն դեպքերում, երբ Հայաստանի քաղաքացին աշխատանքային հարաբերություններ ունի արտերկրյա ընկերությունների հետ, հարկման հարցը կարգավորվում է կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի շրջանակներում։ Գևորգյանը նշում է, որ յուրաքանչյուր դեպք պետք է առանձին քննարկվի՝ հաշվի առնելով մի շարք գործոններ՝
- Մատուցվող ծառայությունների տեսակը
- Հարկային ռեզիդենտության հարցը
- Եկամտի տեսակը
- Կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի դրույթները
- Երկու երկրներում գործող հարկային դրույքաչափերը
«Հիմնականում եթե արտերկրում վճարված հարկի դրույքաչափն ավելի ցածր է, քան Հայաստանում, պետք է վճարվի տարբերությունը», - պարզաբանում է ՊԵԿ փոխնախագահը՝ հավելելով, որ սովորաբար զարգացած երկրներում հարկային դրույքաչափերն ավելի բարձր են, քան Հայաստանում։
Կրիպտոակտիվների հարկում
ՊԵԿ փոխնախագահ Ռաֆայել Գևորգյանը նշում է, որ կրիպտոակտիվների հարկման հարցում Հայաստանը դեռևս օրենսդրական բաց կա: «Կրիպտոակտիվները կարող են տարբեր բնույթ ունենալ՝ նմանվելով թե՛ արժույթի, թե՛ բորսայական ապրանքների», - բացատրում է նա։
Ներկայում Կենտրոնական բանկը մշակում է համապարփակ կարգավորում կրիպտոակտիվների համար։ Մինչ նոր կարգավորման ընդունումը, հարկային մոտեցումը կախված կլինի նրանից, թե տվյալ կրիպտոակտիվը գոյություն ունեցող իրավական դաշտում որ ակտիվին է առավել նման։ «Եթե այն նման է արժեթղթերի, կկիրառվի արժեթղթերին համապատասխան մոտեցում», - հստակեցնում է Գևորգյանը։
Հարցի սոցիալական կողմը
Գևորգյանը հատուկ ընդգծում է, որ հայտարարագրման համակարգի ներդրումը նոր հարկային բեռ չի ենթադրում։ «Հարկային դրույքաչափերը և պատասխանատվությունը մնում են նույնը։ Մենք պարզապես հեշտացնում ենք գործընթացը», - նշում է նա։
Համակարգի ներդրման հիմնական նպատակներից է պետական ֆինանսների առավել թիրախային կառավարումը։ «Հաճախ քննադատություն ենք լսում, որ սոցիալական աջակցության համակարգերը չեն աշխատում թիրախային, և գումարները չեն հասնում իրական կարիքավորներին», - նշում է Գևորգյանը։ Նոր համակարգը թույլ կտա ավելի արդյունավետ բաշխել պետական միջոցները և հասկանալ տարբեր եկամտային խմբերի կարիքները։
Բացի այդ, համընդհանուր հայտարարագրման համակարգը հնարավորություն կտա ապագայում մշակել թիրախային քաղաքականություններ տարբեր եկամտային խմբերի համար։
Civilnet










