Կոպիրկինը կանչվել է ԱԳՆ, նրան բողոքի հայտագիր է հանձնվել

Հունվարի 15-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳ նախարարություն։ Գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ պատճառը այն հայտարարություններն են, որոնք հնչել են հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման ընթացքում։
«2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր:»,- նշված է հաղորդագրությունում։
***
Ռուսաստանցի հաղորդավար Դմիտրի Կիսելյովը «Շաբաթվա լուրեր» հեղինակային հաղորդման ժամանակ բարձրացրել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը, մեջբերել Ալիևի վերջին հարցազրույցից հատված, որում նա սպառնացել է բացել «միջանցքը»։
«Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ անտեսել է և՛ սեփական պարտավորությունները, որոնք ստանձնել էր նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ, և՛ Իլհամ Ալիևի խիստ պահանջը՝ բացել «Զանգեզուրի միջանցքը»,- հայտարարել է Կիսելյովը։ Վերջինս խոսել է նաև սպառազինությունների մասին՝ նշելով, որ Հայաստանը «շատ զենքեր է ստանում Ֆրանսիայից և հստակ պատրաստվում է պատերազմի»։ Կիսելյովը մտքերը եզրափակել է սպառնալիքով՝ Ռուսաստանը կարող է դադարեցնել գազի մատակարարումը Հայաստան, եթե վերջինս շարունակի ԵՄ անդամակցության ուղղությամբ մեկնարկած գործընթացը։
Civilnet










