Այն երկրներում, որտեղ ներդրվել է աշխատաժամանակի կրճատ հնարավորությունը, արտադրողականությունը բարձր է. հունվարի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Վերջինիս ղեկավարած գերատեսչությունն առաջարկում է Հայաստանում կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով օրական 8-ից 7, շաբաթական՝ 40-ից 35 ժամ և պահպանել աշխատավարձը։
Նախարարի խոսքով՝ աշխատաժամանակի կրճատման հարցը դրվել է հանրային քննարկման։
«Սա նախագիծ է, այն դրել ենք հանրային քննարկման, որոշում չէ։ Պետք է դեռ քննարկենք, ոլորտի ներկայացուցիչների, կառավարության մեր գործընկերների, քաղաքացիական հասարակության հետ ու գտնենք ընդհանուր եզրեր, որովհետև պետք է հաճախ նաև աշխատողների իրավունքների համատեքստից ծրագրերը նայենք, միայն գործատուները չեն, բայց նաև շատ կարևոր է նրանց լսել։ Ի վերջո, սա նոր ինստիտուտ է, և մենք պիտի աշխատանքի ոլորտում նոր ինստիտուտներ փորձենք ներդնել. սոցիալական հարցերի նախարարությունը նախ և առաջ աշխատանքի նախարարություն է, հետո նոր՝ սոցիալական հարցերի»։
Ըստ Մկրտչյանի՝ անգամ Էկոնոմիկայի նախարարությունն իր ռազմավարության տարբեր փաստաթղթերում նշում է, որ երկրի տնտեսության ակտիվացման կարևոր նախապայմաններից մեկը լինելու է արտադրողականության բարձրացումը կամ բարձր արտադրողականություն ունեցող աշխատողների աշխատաշուկա ներգրավումը, ուստի պետք է հասկանալ՝ ինչպիսի միջավայրերում են արտադրողականությունները բարձրանում։ Միջազգային փորձն ուսումնասիրելուց հետո պարզ է դարձել, որ ամենահետաքրքիր, նորարարական և բավականին լավ արդյունքներ արձանագրած գործիքներից մեկը աշխատաժամանակի կրճատումն է։
«Երկրներ կան, որ արդեն ակտիվ քննարկում են և երկրներ կան, որ արդեն անցել են 4-օրյա աշխատանքային գրաֆիկի։ Տարբեր հասարակական կազմակերպություններ ու անգամ արհմիությունները հայտարարություններով են հանդես եկել, որ աջակցում են ծարգրին։ Ընդամենը մեկ-երկու տարի է, ինչ աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնին տվել ենք լիազորություն ամբողջությամբ վերահսկողություն իրականացնելու աշխատանքային օրենսգրքի նկատմամբ»։
Նախարարը շեշտում է, որ այստեղ կարևոր է նաև տալ անձնական կյանքի և աշխատանքի հավասարակշռման հնարավորություն, աշխատանքից բավարարվածության, սոցիալ-հոգեբանական խնդիրներից խուսափելու հնարավորություն։
Գեղեցիկ Ոսկանյան
Civilnet











