Բաթումիում ծեծի են ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ, ընդդիմության առաջնորդ Գիորգի Գախարիան և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» իրավապաշտպան կազմակերպության անդամ Զվիադ Կորիձեն։ Նրանց վրա հարձակման համար մեղադրվում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները, այդ թվում՝ պատգամավոր Դիմիտրի Սամխարաձեն և Աջարիայի Գերագույն խորհրդի անդամ Գիորգի Մանվելիձեն։
Չորեքշաբթի առավոտյան տեղական լրատվամիջոցները հայտնեցին, որ Գախարիայի և Կորիձեի վրա հարձակվել են իշխող կուսակցության գործիչները՝ գրեթե 15 րոպե տարբերությամբ։ «Վրացական երազանք»-ի անդամները, ըստ մամուլի, առաջինը հարձակվել են Կորիձեի վրա:
Ըստ Interpressnews-ի՝ Գախարիան Բաթումիում էր՝ մասնակցելու իր հիմնադրած «Հանուն Վրաստանի» կուսակցության համանուն երիտասարդական կազմակերպության անդամի դատավարությանը:
«Հանուն Վրաստանի» կուսակցության անդամ Լևան Գոգիչաիշվիլին ասել է, որ Գախարիայի վրա հարձակվել են Սամխարաձեն, Մանվելիձեն և այլ անձինք, որոնց ինքը չի կարողացել ճանաչել։
Բժիշկ Թաքո Շանթաձեն, որը բուժել է Գախարիային միջադեպից հետո, լրատվամիջոցներին ասել է, որ ընդդիմադիր գործիչն ստացել է քթի կոտրվածք և ուղեղի ցնցում, սակայն բուժում ստանալուց հետո ինքնակամ լքել է հիվանդանոցը։
Ավելի ուշ «Հանուն Վրաստանի» կուսակցության մեկ այլ անդամ՝ Բերդիա Սիչինավան մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Գախարիան միջադեպի ժամանակ մենակ է եղել, և որ նրա վրա հարձակվել են «մոտ 10 հոգի»` հյուրանոցի ներսում:
«Իհարկե, դա բախում չի եղել, դա կազմակերպված հարձակում էր, որն իրականացվել էր Գիորգի Գախարիայի դեմ, որը մենակ է եղել»,- ասել է Սիչինավան։
Նա հավելել է, որ «Հանուն Վրաստանի» կուսակցությունը միտումնավոր չի բացահայտում Գախարիայի վրա հարձակվողների անունները՝ քննադատելով իրավապահ մարմիններին և ակնարկելով, որ նրանք չեն բացահայտելու հարձակվողներին և չեն հետապնդի նրանց:
«Նրանք արդեն ունեն դրա համար համապատասխան ապացույցներ, եթե չեն ոչնչացնում այդ ապացույցները, որպեսզի այն հանրությանը հասանելի չլինի, հետևաբար, մենք նրանց ենք թողնում հարձակվողների անունները տալու արտոնությունը»,- ասել է նա։
«Հանուն Վրաստանի» առաջնորդներից Նաթիա Մեզվրիշվիլին Գախարիայի վրա հարձակման առնչությամբ բողոք է ներկայացրել Աջարիայի դատախազություն։ Նա Facebook-ում գրել է, որ պահանջում են բացահայտել և ձերբակալել Գախարիայի վրա հարձակման «բոլոր հանցագործներին և հանցավոր հրաման տվողներին»։
«Գործն անհապաղ պետք է տեղափոխվի դատախազություն և դադարեցվի ապացույցների ոչնչացումը»,- ասել է նա։
Միջադեպից հետո հյուրանոցի մենեջեր Մեգի Ժղենտին լրագրողներին ասել է, որ հյուրանոցն «ամբողջությամբ պահպանել է» Գախարիայի և Կորիձեի վրա հարձակումների կադրերը, և որ իրենք պատրաստ են տեսագրությունը հանձնել ոստիկանությանը։
Ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել Գախարիայի վրա հարձակման առնչությամբ՝ «բռնության ակտ» հոդվածով, որը ըստ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Նոնա Կուրդոբանիձի՝ «չափազանց մեղմ» հոդված է։
Չորեքշաբթի ավելի ուշ իշխանամետ «Իմեդի» հեռուստաալիքը հայտնել է, թե ծեծկռտուքը հրահրել է Գախարիան։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի դեմ «կառավարության տարիներ շարունակվող արշավ»
Հաղորդվում է, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի աշխատող Կորիձեն «Շերատոն» հյուրանոցում հարձակման է ենթարկվել Գախարիայի վրա հարձակումից 15-20 րոպե առաջ:
Նա ասել է, որ հյուրանոցի նախասրահում մենակ է եղել, հեռախոսով խոսելիս, երբ իր վրա հարձակվել է նույն խումբը, որը հարձակվել էր Գախարիայի վրա։
Կորիձեն ասել է, որ Բաթումիում էր Netgazeti և Batumelebi լրատվամիջոցների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիի ձերբակալության առթիվ։
Նա լրագրողներին պատմել է, որ իրեն է մոտեցել Մանվելիձեն, որը իրեն շնորհավորել է Նոր տարվա առթիվ ու խմիչք առաջարկել, որից Կորիձեն հրաժարվել է։ Այնուհետև Մանվելիձեն վերադարձել է իր սեղանի մոտ, իսկ մի քանի րոպե անց նախասրահ է մտել Սամխարաձեն և մոտեցել Կորիձեին։
«Նա ինձ [ասաց]՝ ես քեզ ճանաչում եմ, դու Զվիադ Կորիձեն ես, ես գիտեմ, թե ինչի համար ես այստեղ»,- պատմել է Կորիձեն՝ հավելելով, որ ինքը ոչինչ չի պատասխանել։
«Նա հայհոյանք հնչեցրեց [ընդդիմադիր Միացյալ] ազգային շարժման հասցեին։ Ես դրան ուշադրություն չդարձրի։ Հետո արագ քայլեց դեպի դուռը, ապա նորից ներս մտավ ու սկսեց բղավել. ի՞նչ ասացիր կոցիների [«Վրացական երազանք»-ի կողմնակիցներին բնորոշելու համար կիրառվող նվաստացուցիչ եզրույթ է] մասին: Ո՞ւմ ես հայհոյում»,- պատմել է նա։
«Նա անցավ հայհոյանքների, վիրավորանքների և սկսեց ոտքով հարվածել սեղանին […] Երբ տեսա նրան, բոլոր սեղանների մոտ գտնվող մարդիկ շարժվեցին, և նա եկավ դեպի ինձ, ես սկսեցի գնալ դեպի նախասրահ։ Անվտանգության աշխատակիցներից օգնություն խնդրեցի, անվտանգության աշխատակիցները ներգրավվեցին։ Այդ պահին նրանցից մեկն ինչ-որ բանով հարվածեց ինձ։ Ակնոցս ամբողջությամբ կոտրվեց»,- պատմել է նա։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ը դատապարտել է Կորիձեի վրա հարձակումը՝ նշելով, որ դա վրացական քաղաքացիական սեկտորի և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի ներկայացուցչի դեմ «կանխամտածված բռնություն և հաշվեհարդար է [Բիձինա] Իվանիշվիլիի կուսակցության կողմից։ Հայտարարությունում նաև նշվում է, որ հարձակումը «մեր կազմակերպության դեմ կառավարության կողմից տարիներ շարունակվող արշավի շարունակությունն է»։
Մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչներ դատապարտել են հարձակումները և համերաշխություն հայտնել Գախարիային և Կորիձեին։
«Վրացական երազանք»-ի անդամ Լադո Բոժաձեն հայտարարել է, որ Գախարիայի վրա հարձակումը «քաղաքական վենդետա չէ», այլ «կոնֆլիկտ, որը տեղի է ունեցել հյուրանոցում»։ Բոժաձեն նաև ասել է, որ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Կորիձեի վրա հարձակման փաստի առթիվ։
Չորեքշաբթի երեկոյան նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը չնայած իր պաշտոնավարման ավարտին իրեն երկրի նախագահ է հռչակել, X-ում դատապարտել է Գախարիայի վրա հարձակումը՝ հայտարարելով, որ «բռնությունն անընդունելի է՝ լինի քաղաքական առաջնորդի, թե որևէ քաղաքացու նկատմամբ»:
«Սա չի կարելի և չպետք է հանդուրժել»,- գրել է Զուրաբիշվիլին։
Civilnet











