Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հունվարի 21-ին Ազգային ժողովում անդրադարձավ կադաստրային քարտեզի ճշգրտման աշխատանքներին։ Նա հիշեցրեց, որ գործընթացը մեկնարկել է 2020-ից։ Նախ փորձել են մի տեղում հավաքել քարտեզները, քանի որ մինչ այդ յուրաքանչյուր քարտեզ առանձին էր պահվում։
«Հավաքագրելուց հետո մեկ միջավայրում մենք տեսանք, որ առկա են բազմաթիվ համայնքներ, որտեղ միևնույն գույքը և՛ այն համայնքում է գծագրված, և՛ մյուսում։ 2021-ին կառավարությունն ընդունեց կադաստրային քարտեզներում տեղ գտած սխալների ուղղման կարգը։ Ընդունումից հետո շուրջ 50% տարածքը կադաստրային քարտեզների արդեն ուղղված է», - ասաց Թովմասյանը։
Նա նաև պարզաբանեց, որ ուղղվել են Սյունիքի և Կոտայքի մարզի որոշ հատվածներ, Վայոց Ձորը, Արարատի և Արմավիրի մարզերը։
«Հիմա շարունակում ենք Կոտայքի, Գեղարքունիքի ուղղումը։ Շիրակի մարզն է ուղղված արդեն։ Մենք արձանագրում ենք նաև դիմում-բողոքների հստակ նվազեցում», - նշեց Թովմասյանը։
Նա նաև հավելեց, որ կոմիտեի բազաներում ի սկզբանե եղել են 2,6 մլն չնույնականացված սուբյեկտներ, որոնցից շուրջ կես միլիոնն է մնացել։
«Չենք կարողանում նույնականացնել, թե ով է, և սրա համար դիմում ենք համայնքներին», - ամփոփեց կոմիտեի ղեկավարը։
Civilnet











