Ելիզավետա Չուխարովա, OC Media
17-ամյա Լուիզա Գոյլաբիևան պատրաստվում է ամուսնանալ ոստիկանության կապիտան 47-ամյա Նաժուդ Գուչիգովի հետ և հավանաբար կդառնա նրա երկրորդ կինը։ Լուսանկարը՝ Սերգեյ Պոնոմարևի/Մեդուզա:
Դեկտեմբերի 18-ին Ռուսաստանի մուսուլմանների հոգևոր վարչության իսլամիստ հոգևորականների խորհուրդը ֆեթվա արձակեց, որը մուսուլման տղամարդկանց թույլ է տալիս մինչև չորս կրոնական ամուսնություն կնքել: Փաստաթուղթը հաստատել է գիտական և աստվածաբանական խնդիրների լուծման համար ստեղծված խորհրդատվական մարմինը՝ Ուլեմայի խորհուրդը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղիղ եթերի նախօրեին, որի ընթացքում նա ռուսներին կոչ էր անում ավելացնել բնակչության թիվը։ Այս նորության մասին հայտարարվեց Պուտինի ելույթից անմիջապես հետո։
«Այս ֆեթվայի մշակմանը մասնակցել են ոչ միայն աստվածաբանները, այլև իրավագետները։ Աստվածաբանական կարծիքը կներառի առաջարկություններ իմամի և նորապսակների համար, ինչպես նաև ամուսնության պայմանագրի ձևը»,- ասվում է խորհրդի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում։
Դեկտեմբերի 21-ին խորհրդի Մոսկվայի գրասենյակի նախագահ, մուֆթի Իլդար Ալյաուտդինովը ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ նման ամուսնությունը թույլատրվում է, եթե կինը չի կարող կամ չի ցանկանում երեխա ունենալ, ինչպես նաև այն դեպքում, երբ կա ամուսինների «սեռական անհամատեղելիություն»։
Նա նշել է, որ ֆեթվան պարզաբանում է կրոնական ամուսնության պարագայում ամուսինների իրավունքներն ու պարտականությունները և չի փոխարինում Ռուսաստանի ընտանեկան օրենսդրությանը, որը ճանաչում է պետական գրանցման գրասենյակներում կնքված միայն մեկ ամուսնություն՝ ամուսնության վկայականի տրամադրմամբ: Սակայն քանի որ կրոնական ամուսնության դեպքում գոյություն ունեն բազմակին ընտանիքներ, նա ասել է, որ այդ ամուսնությունների պարագայում պետք է ամրագրվեն կանանց իրավունքները։
«Միայն կրոնական ամուսնության մեջ գտնվող կնոջ իրավունքներն օրենքով ապահովված չեն։ Մեր աստվածաբանական կարծիքը կօգնի նրան անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իր իրավունքները պահպանելու համար»,- ասել է Ալյաուտդինովը։
Հաղորդվում է, որ այդ օրը Մոսկվայում բնակվող մուֆթի շեյխ Ռավիլ Գայնուտդինը հայտարարել է, որ ֆեթվան պաշտպանում է Ուկրաինայում սպանվածների այրիներին և որբերին և չի խախտում օրենքը:
Երկու օր անց, սակայն, Ռուսաստանի գլխավոր դատախազությունը ծանուցում ուղարկեց խորհրդին, որում ասվում էր, որ ֆեթվան խախտում է Ռուսաստանի Սահմանադրությունը, Ընտանեկան օրենսգիրքը և «Խղճի ազատության և կրոնական միավորումների մասին» դաշնային օրենքը:
Դրանից հետո խորհուրդը հետ է կանչել ֆեթվան։ Հաղորդվում է, որ Ալյաուտդինովը հայտարարել է, թե դա պայմանավորված է ինչպես իշխանությունների, այնպես էլ հասարակության արձագանքով:
«Սա Աստծո կամքն է, և Ռուսաստանի մուսուլմանների հոգևոր վարչության իսլամիստ հոգևորականների խորհուրդը վեճերում ներգրավվելու իմաստ չի տեսնում»,- Telegram-ում գրել է Գայնուտդինը:
Դարավոր պատմություն Հյուսիսային Կովկասում
Իսլամագետ և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ահմեդ Յարլիկապովի խոսքով, բազմակնությունը Հյուսիսային Կովկասում գոյություն ունի դարեր շարունակ և չի հակասում շարիաթի կամ տարածաշրջանի սովորութային օրենքների ավանդական համակարգին, որը հայտնի է որպես ադաթ:
«Հյուսիսային Կովկասում բազմակնությունը չի դադարել նույնիսկ խորհրդային տարիներին։ Առավել ևս՝ հեղափոխությունից առաջ, քանի որ կայսրությունը տեղի կառավարություններին թույլ էր տալիս գործել իրենց օրենքներով։ Եվ, փաստորեն, դա ճանաչվել է պետության կողմից այն իմաստով, որ կարելի է երկրորդ, երրորդ կամ չորրորդ կին ունենալ»,- OC Media-ին ասել է Յարլիկապովը:
Սակայն նա հավելում է, որ իրականում կայսրությունը ճանաչել է միայն առաջին կնոջը։
«Մյուսները չեն օգտվել այն առավելություններից, որոնց իրավունքն ունեին»,- ասել է Յարլիկապովը:
Յարլիկապովի խոսքով, երբ Կովկասում ուժի մեջ մտան խորհրդային օրենքները, մարդիկ պարզապես դադարեցին ակնհայտ ցուցադրել բազմակնությունը։ Այդ պրակտիկան շարունակվում էր ընդհատակում, և համայնքներում բոլորը տեղյակ էին, թե ովքեր ունեն երկրորդ կամ երրորդ կին:
Յարլիկապովը կարծում է, որ դեկտեմբերի ֆեթվան Ռուսաստանի մուսուլմանների հոգևոր վարչության իսլամիստ հոգևորականների խորհի կողմից «յուրօրինակ PR հնարք էր»։
«Նրանք որսացին պետության տրամադրությունը, որը միջոցներ է ձեռնարկում ծնելիության բարձրացման ուղղությամբ, և որոշեցին հանդես գալ դրա աջակցությամբ և պաշտոնական մակարդակով նախաձեռնությամբ։ Նրանք ակնկալում էին, որ պետությունը կգովաբանի իրենց։ Ցավոք, կամ, բարեբախտաբար, դա չեղավ», - ասել է Յարլիկապովը:
Նա ասում է, որ ֆեթվան, այնուամենայնիվ, ավելորդ էր, քանի որ Ղուրանը միանշանակ թույլատրում է բազմակնությունը, մինչդեռ ֆեթվա նախատեսված է ընդունել միայն վիճելի դեպքերում:
«Եթե մուսուլմանն ուզում է երկրորդ կին ունենալ, նա [կրոնական առումով] ոչ մի խոչընդոտ չունի, բացառությամբ Ղուրանում նշված մի պայմանի՝ երկու կանանց պետք է հավասարապես վերաբերվել, ամուսինը չի կարող կանանցից մեկին զրկել ինչ-որ բանից մյուսի հաշվին: Հետևաբար, այս ֆեթվայի հայտնվելը բավականին տարօրինակ էր», - ասում է Յարլիկապովը:
Չնայած դրա թույլատրելիությանը, այնուամենայնիվ, մուսուլմանների մեծ մասը բազմակնություն չի կիրառում, ասում է Յարլիկապովը, թեև շատերն ունեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ մի քանի ընտանիք պահելու համար:
2019-ին Գերմանական Heinrich Böll Foundation հիմնադրամի անցկացրած հետազոտության համաձայն, Դաղստանն ունի ամենաշատ բազմակին ամուսնությունները Հյուսիսային Կովկասում` գրանցված ամուսնությունների ընդհանուր թվի 15%-ը: Հաջորդ տեղում է Չեչնիան՝ 11%, ապա Կաբարդինա-Բալկարիան՝ 10%, Ինգուշեթիան՝ 6%։
Հարցված տղամարդիկ երկրորդ կին ունենալու տարբեր դրդապատճառներ են նշել: Հարցվածներից շատերը որպես ընդունելի լեգիտիմ պատճառներից մեկը նշել են ուղղակի այդպիսի հնարավորության առկայությունը, որը նախատեսված է Ղուրանում: Դա հատկապես վերաբերում է չեչեն և ինգուշ տղամարդկանց (62% և 47% համապատասխանաբար):
Տղամարդկանց համար երկրորդ կին ունենալու հաջորդ կարևոր պատճառն առաջին ամուսնությունից երեխաներ ունենալու անհնարինությունն է։ Երեխաների բացակայությունը հատկապես կարևոր է Չեչնիայից (39%) և Ինգուշեթիայից (44%) տղամարդկանց համար, թեև Կաբարդինա-Բալկարիայից հարցվածները նույնպես մտահոգված են ժառանգ ունենալու հարցում (27%):
Օրինականացման փորձ
Անշուշտ, սա առաջին անգամը չէ, որ Ռուսաստանում և Հյուսիսային Կովկասում բազմակնությունն ավելի պաշտոնական մակարդակով է քարոզվում։
1999-ին Ինգուշեթիայի նախագահ Ռուսլան Աուշևը հրամանագիր արձակեց, որով թույլատրվում էր բազմակնությունը հանրապետությունում։ Այն մասամբ ընդունվեց ժողովրդագրական մարտահրավերների դեմ պայքարելու համար, որոնք առաջացել էին 1992-ի օս-ինգուշական հակամարտությունից հետո, որի պատճառով տարածաշրջանում տղամարդկանց մահացության մակարդակը կտրուկ աճել էր։
Աուշևի հրամանագիրը նախատեսում էր երկրորդ, երրորդ և չորրորդ ամուսնությունները Քաղաքացիական կացության ակտերի գրասենյակի միջոցով գրանցելու հնարավորություն՝ վերացնելով բազմակնության համար քրեական հետապնդումը։ Փաստաթուղթը, սակայն, նախատեսում էր խիստ պայման՝ տղամարդը պարտավոր էր ֆինանսապես ապահովել բոլոր կանանց և հավասար ուշադրություն դարձնել նրանց։
Հրամանագիրը շուտով կասեցվեց Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Բորիս Ելցինի կողմից, ապա չեղարկվեց 2000-ի հուլիսին: Թեև բազմակին ամուսնությունը թույլատրելի էր, հանրապետությունում 15 այդպիսի ամուսնություն էր գրանցվել։
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը նույնպես հաճախ է արտահայտվել բազմակնության օգտին՝ նշելով, որ երկրորդ անգամ կամուսնանար, բայց իր առաջին կնոջից՝ Մեդնիից լավը չի գտնի։ Միևնույն ժամանակ, հայտնի է, որ Կադիրովն ունեցել է առնվազն երկու այլ կին, որոնք նրա համար երեխաներ են ծնել, որոնց Մեդնին դաստիարակում է որպես իր երեխաների։
«Կարծում էի՝ գիտես»
Այսօր, եթե Հյուսիսային Կովկասում մուսուլման տղամարդը ցանկանում է ամուսնանալ երկրորդ, երրորդ կամ չորրորդ անգամ, նա պետք է պարզապես մզկիթ գա իր հարսնացուի հետ. նախորդ կանանցից ոչ մեկի համաձայնությունը պարտադիր չէ: Նախորդ կանանց տղամարդիկ նույնիսկ պարտավոր չեն տեղեկացնելու իրենց՝ նորից ամուսնանալու մտադրության մասին, եթե ամուսնությունը կնքվել է շարիաթի բոլոր օրենքներին համապատասխան:
Դաղստանի բնակչուհի Աիշան, ում անունը փոխվել է իր գաղտնիությունը պաշտպանելու համար, OC Media-ին ասել է, որ ամուսնու երկրորդ ընտանիքի մասին իմացել է միայն գրեթե տասը տարվա ամուսնությունից հետո:
«Այդ ժամանակ մենք արդեն երեք երեխա ունեինք։ Նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ նա կարող էր ամուսնանալ ուրիշի հետ: Մեր միջև այնպիսի սեր կար։ Մենք միմյանց ճանաչում էինք գրեթե մանկուց»,- հիշում է Աիշան։
Նրա խոսքով, ամեն անգամ, երբ ամուսինը տանը չէր լինում, ինքն արդարանում էր նրա փոխարեն՝ ասելով, որ ամուսինն այցելել է ծնողներին, աշխատանքի է կամ ընկերների հետ է։
«Այնուհետև նա ինքն իրեն մատնեց և զարմացած դեմք ընդունեց. «Կարծում էի՝ գիտես»,- ասում է Աիշան։
Ամուսնու երկրորդ ամուսնության մասին իմանալուց հետո Աիշան խնդրում է հանդիպել մյուս կնոջը:
«Մտածում էի, որ գուցե ընկերներ դառնանք, միասին ապրենք. ավելի հեշտ կլինի տնտեսությունը վարել և մեծացնել երեխաներին»,- պատմում է Աիշան։
Թեև, ըստ նրա, հաջողվեց «ընդհանուր լեզու» գտնել մյուս կնոջ հետ, սակայն մեկ տարի անց նա ամուսնալուծվեց։ Քանի որ նրանց ամուսնությունը միայն կրոնական էր, որը երբեք չէր գրանցվել պետության կողմից, որպեսզի նա կարողանար նպաստ ստանալ որպես միայնակ մայր, ամուսնալուծությունը ևս ընդունվել է կրոնական տեսանկյունից:
«Նա միշտ կտրուկ էր, կոպիտ, իսկ վերջերս միանգամայն անտանելի դարձավ։ Նա իմ, երեխաների վրա ձեռք բարձրացրեց, միշտ դժգոհ էր։ Ես եղբորիցս օգնություն խնդրեցի, նա հասկացավ ինձ ու օգնեց ինձ ու երեխաներին հեռանալ։ Իհարկե, եղբայրս փորձեց ինձ հետ պահել այդ մտքից, բայց վստահ եմ, որ ավելի վատ կլիներ: Ես դեռ վախենում եմ, որ ամուսինս ինձ կգտնի, ես ոչ մեկին չեմ ասել, թե ուր եմ գնացել»,- ասում է Աիշան:
Սակայն նա ընդգծում է, որ ամուսնալուծության պատճառը երկրորդ կինը չի եղել։
«Նրա հետ հնարավոր էր խոսել»,- ասում է Աիշան:
Եվրոպայում բնակվող չեչեն Զելիմխանը, որը նույնպես խնդրել է փոխել իր անունը, ունի կին և հինգ երեխա, սակայն ասում է, որ դեմ չէր լինի նորից ամուսնանալ:
«Այսօր շատ մարդիկ կան, որոնք կողքից ինչ-որ կապեր ունեն, սիրուհիներ։ Ես անձամբ ճանաչում եմ այլ կրոնի մի քանի մարդկանց՝ ուղղափառների, որոնք երկրորդ կին ունեն: Նրանք երբեք չեն ասում «սիրուհիս»: Իմ շատ լավ ընկերն ուղղափառ է: Նա միշտ ասում է «սա իմ ավագ ընտանիքն է», «սա իմ կրտսեր ընտանիքն է»,- OC Media-ին ասում է Զելիմխանը:
Նա կարծում է, որ այսօրվա աշխարհում շատ հեշտ է հարաբերություններ ունենալ, հատկապես՝ հաշվի առնելով ծանոթությունների կայքերի քանակը, բայց «ավելի լավ է պաշտոնապես ամուսնանալ, որպեսզի բոլորն իմանան, որ սա քո պաշտոնական ընտանիքն է և քո հետևից որևէ բան չասեն։ Եվ այդ դեպքում կինը հանգիստ կլինի, իսկ տղամարդը՝ է՛լ ավելի հանգիստ»:
Զելիմխանը նաև կարծում է, որ բազմակնությունը ոչ մի կերպ չի խախտում կանանց իրավունքները, քանի որ «ոչ ոք դա չի անում բռնի ուժով»։
«Պատճառները կարող են շատ տարբեր լինել։ Կա՛մ կինը չի կարողանում երեխա ունենալ, կա՛մ ունի երեխաներ, բայց, օրինակ, միայն աղջիկներ, և նա ժառանգ է ուզում։ Կամ տղամարդը նյութական հարստություն ունի և կարող է պահել մեկ, երկու կամ երեք ընտանիք: Կան սովորական արական կարիքներ, երբ տղամարդը շատ ու ավելին է ուզում, բայց չի ուզում անհավատարիմ լինել [կնոջ հանդեպ]»,- ասում է Զելիմխանը։
Այնուամենայնիվ, նա նշում է, որ կա մի սխալ, որը չի կարելի անել․ դա բոլոր կանանց մեկ տուն բերելն է, ինչը շարիաթի օրենքներով բացահայտ արգելված է:
«Ֆինանսապես ոչ բոլորը կարող են դա իրենց թույլ տալ։ Դուք պարտավոր եք, նույնիսկ եթե կանանցից մեկը դա չի ցանկանում, նրա համար գնել նույն բանը, ինչ մյուս կնոջ համար եք գնել: Մեկի համար հեռախոս եք գնել, ապա մյուսին ևս պետք է հեռախոս գնել: Մի կնոջ համար զգեստ եք գնում, մյուսին`ևս զգեստ: Միևնույն ժամանակ, ես մի ընկեր ունեմ, որն ամուսնացել է չորս հարուստ կանանց հետ և մի տնից մյուս տուն է գնում»,- ասում է Զելիմխանը։
Թեև նա կարծում է, որ բազմակնությունը կարող է լավ բան լինել, նա չի հասկանում, թե ինչու էր ֆեթվա անհրաժեշտ, երբ նման ամուսնություններ արդեն տեղի են ունենում:
Նա ասում է, որ Եվրոպայում բազմակնությունը մի փոքր ավելի քիչ է տարածված մուսուլմանների շրջանում, քանի որ կանայք «խանդի պատճառով կարող են իրենց ամուսիններին զրկել ինչ-որ բանից, օրինակ՝ խլել նրանց երեխաներին»:
«Այս ամենի պատճառն այն է, որ այստեղ բոլոր օրենքները հօգուտ կանանց են։ Ահա թե ինչու Եվրոպայում շատերն ամուսնանում են, օրինակ՝ Թուրքիայում։ Այնտեղ շատ այրիներ կան, որոնց ամուսինները զոհվել են Սիրիայի պատերազմում։ Բայց ես չգիտեմ, թե ինչպես են նրանք սողանցքներ գտնում, քանի որ, ըստ Ղուրանի, եթե մեկ օր անցկացնում ես մի կնոջ հետ, մեկ օր էլ պետք է անցկացնես մյուսի հետ: Ես չգիտեմ, թե ինչպես են դա համատեղում [մեկ կին ունենալը Եվրոպայում, մեկը՝ Թուրքիայում]»,- ասում է Զելիմխանը։
Սայթաքուն ճանապարհ դեպի շարիաթի օրենքներ
Ֆեթվայի թողարկումը սուր քննադատության է արժանացել պաշտոնյաների, հասարակական ակտիվիստների և Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից, շատերը պնդում են, որ դա կարող է հետագայում հանգեցնել Ռուսաստանում իսլամական օրենքների կիրառմանը:
ՌԴ պետդումայի Ընտանիքի, հայրության, մայրության և մանկության հարցերով հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Նինա Օստանինան դեկտեմբերի 19-ին Gazeta.Ru-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը աշխարհիկ երկիր է, և որ մարդիկ պետք է ենթարկվեն աշխարհիկ օրենքներին:
Նման քննադատական տեսակետ է Telegram-ում արտահայտել Մարդու իրավունքների նախագահական խորհրդի անդամ Կիրիլ Կաբանովը՝ նշելով, որ Ռուսաստանում արդեն գործում է իսլամական բանկ, և որ բազմակնության օրինականացմանը կարող են հետևել մուսուլմանները՝ հրաժարվելով հետևել ռուսական այլ օրենքներին ու շարիաթի դատարանների ներդրմանը։
Նույնկերպ, նախկին ռուսամետ ուկրաինացի քաղաքական գործիչ Օլեգ Ցարովը, որն այժմ ապրում է Ռուսաստանում, կարծում է, որ կրոնական բազմակնության օրինականացմանը կարող է հետևել օրենսդրական մակարդակում այդպիսի պրակտիկայի ընդունումը:
«Մեզ սովորեցրել են մտածել, որ բազմակնությունը հնարավոր է։ Բայց հետո վաղ թե ուշ հարց է առաջանալու, որ նման բազմակին կրոնական ընտանիքներում անհրաժեշտ է ինչ-որ կերպ պաշտպանել երեխաների, ամուսինների և […] կանանց իրավունքները ամուսնալուծության, ժառանգության ժամանակ»,- Ցարովը գրել է Telegram-ում՝ հավելելով, որ, պետությունը պետք է որոշի, թե ինչպես է վերաբերվում բազմակնությանը, և ավելի լավ է որոշի հիմա, քան այդ հարցը թողնի ապագային։
Այնուամենայնիվ, նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանի Սահմանադրությունում ամուսնության սահմանումն արդեն իսկ ամրագրված է որպես մեկ տղամարդու միություն մեկ կնոջ հետ։
Պատգամավոր Միխայիլ Մատվեևն իր հերթին ասել է, որ բազմակնությանը կհետևեն մուսուլման որոշ երկրներում նկատվող այլ պրակտիկաներ, ինչպիսիք են կանանց քարկոծումը:
«Միջնադարն ավելի արդիական է, քան երբևէ, և նիքաբների, բազմակնության և հավանաբար վաղն էլ քարկոծման մասին «նորմերը» կարծես այլևս հեռավոր անցյալ չեն»,- Telegram-ում գրել է Մատվեևը։
Ֆեթվան քննադատության է արժանացել նաև Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից, որը պաշտոնապես դեմ է բազմակնությանը:
Դեկտեմբերի 20-ին բարձրաստիճան հոգևորական Վախթանգ Կիփշիձեն պնդել է, որ բազմակնության հարցը «կասկածելի կարգախոս է դարձել, որը ոմանք փորձում են դիտարկել որպես ժողովրդագրական խնդրի լուծման միջոց»:
«Հիշեցնեմ ձեզ, որ Ռուսական կայսրությունում մինչև 1917-ն ուղղափառ բնակչությունն աճում էր ահռելի տեմպերով, չնայած այն հանգամանքին, որ բազմակնություն չկար։ Հետևաբար, բնակչության աճի պակասի պատճառը ոչ թե բազմակնության, այլ ավանդական ընտանիքի ինստիտուտի ոչնչացումն է»,- NEWS.ru-ին ասել է Կիփշիձեն։
Դաղստանից իրավապաշտպան Սվետլանա Անոխինան OC Media-ին ասել է, որ ֆեթվան «բացարձակ անհեթեթ բան է, որը ոչ մեկին պետք չէ»:
«Նրանք դա բացատրում են նրանով, որ ցանկանում են պաշտպանել երկրորդ կանանց իրավունքները։ Այնուամենայնիվ, մենք չենք պաշտպանում առաջին կանանց, պաշտոնական կանանց իրավունքները,- OC Media-ին ասել է Անոխինան,- Ես հասկանում եմ, որ սա շատ ծիծաղելի նախաձեռնություն է, որն ուղղակիորեն կապված է մեր կախարդական պետության ներքին քաղաքականության հետ: Նրանք որոշել են զբաղված ձևանալ և որոշակի ակտիվություն ցուցաբերել»,- ասել է Անոխինան։
Civilnet











