Թրամփի թիմակիցները, որոնք հայտնի են հայանպաստ գործունեությամբ. Ռուբիո, Գաբարդ, Ռամասվամ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նորանշանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լավատեղյակ է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և նրա հետ կա ուղիղ կապ. ՍիվիլՆեթին տված հարցազրույցում հայտնել է Ամերիկայի հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը՝ վերլուծելով Թրամփի վարչակազմի առանցքային նշանակումները։ Սարգսյանը նախ կոչ է անում չգերագնահատել այս կամ այն ամերիկյան պաշտոնյանի «հայամետ» լինելու հանգամանքը:
«Օրինակ, Մարկո Ռուբիոն հայամետ էր այնքանով, որ որպես սենատոր, հայկական բոլոր նախաձեռնությունների կողքին է եղել և աջակցություն ցուցաբերել։ Նույնիսկ պատահական չէ, որ հայկական լոբիստական կազմակերպությունները նրան «A» գնահատական են տվել որպես հայանպաստ սենատորի», - նշեց Սարգսյանը՝ խորհուրդ տալով տարբերել Չինաստանի և Իրանի կոշտ քննադատ սենատոր Ռուբիոյին պետքարտուղար Ռուբիոյից, որն արդեն պետության արտաքին քաղաքականություն մշակող և իրականացնող է:
Մյուս կողմից, Թրամփի վարչակազմից նույն Մարկո Ռուբիոյի ուշադրությունը հայկական խնդիրների վրա սևեռելու հարցում Սուրեն Սարգսանը կարևորում է հայկական կողմի՝ պաշտոնական Երևանի, Հայ առաքելական եկեղեցու և հայկական լոբիստական կազմակերպությունների արդյունավետ աշխատանքը. «Դա բնականաբար կախված է նաև մեր ակտիվ աշխատանքից, նաև՝ արժեհամակարգային տիրույթում, որովհետև նոր՝ պահպանողական արժեհամակարգ կրող վարչակազմ է գալիս»։
Հատկանշական է, որ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատուի կարգավիճակով ներկա է գտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։ «Քաղաքացիական պայմանագրի» պաշտոնական հաղորդագրությունից և լուսանկարներից հայտնի է դարձել, որ միջոցառման ընթացքում ՔՊ պատվիրակը հանդիպումներ է ունեցել մի շարք ազդեցիկ քաղաքական գործիչների հետ, այդ թվում՝ նախագահ Թրամփի երկարամյա գործընկեր Քրիստոֆեր Ռուդիի, նորանշանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, Պատրիկ Օրլանդոյի և այլ բարձրաստիճան հյուրերի հետ։
Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական համագործակցությունը նոր փուլ է թևակոխել Դոնալդ Թրամփի՝ իշխանության վերադարձից տառացիօրեն օրեր առաջ։
Հունվարի 14-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Այս փաստաթղթի շրջանակներում արտգործնախարար Միրզոյանն արդեն իսկ հայտնել է երկկողմ համագործակցությունը ԱՄՆ նոր վարչակազմի հետ շարունակելու և խորացնելու պատրաստակամության մասին։
Սուրեն Սարսգայնն առանձնացնում է Թրամփի վարչակազմի հետ աշխատանքի ևս մեկ` կրոնական ուղղություն, որի կարևորությունը, նրա խոսքով, շեշտակի բարձր է: Սպիտակ տան նոր ղեկավարն ու իր թիմը մեծ ուշադրություն են դարձնում քրիստոենական արժեքներին: Ըստ այդմ, պատահական չէ, որ Թրամփի երդմնակալության ժամանակ մի քանի ազդեցիկ կրոնական գործիչներ ելույթ ունեցան:
«Ուստի քրիստոնյաների իրավունքների պաշտպանությունը նրանց համար լինելու է նաև գերակա ուղղություններից մեկը: Այդ համատեքստում մենք (հայերս` որպես քիրստոնյա) որոշակի առավելություն ունենք, որը կարող ենք օգտագործել», - ընդգծեց Սարգսյանը։
Բացի Մարկո Ռուբիոյից, Թրամփի վարչակազմում, Սուրեն Սարգսյանի խոսքով, կլինեն այլ առանցքային պաշտոնյաներ, որոնք սերտ կապեր են ունեցել հայկական կազմակերպությունների հետ և տեղյակ են Հայաստանի խնդիրներին: Նրանցից է նախկին կոնգրեսական Թուլսի Գաբարդը, որին Թրամփն առաջադրել է որպես ԱՄՆ հետախուզական բոլոր կառույցները կառավարող մարմնի` Ազգային հետախուզության ղեկավար:
«Թուլսի Գաբարդը լինելու է Թրամփի վարչակազմի բարձրաստիճան միակ պաշտոնյան, որը եղել է Արցախում 2017 թվականին, մշտապես հայկական համայնքի կողքին է եղել։ Այնպես որ, կարծում եմ, Գաբարդի հետ կարելի է աշխատել, որովհետև կան մարդին նույնիսկ Երևանում, որոնք նրա հետ ուղիղ կապ ունեն», - պարզաբանեց Սարգսյանը:
Ըստ Սուրեն Սարգսյանի՝ Թուլսի Գաբարդից բացի Թրամփի թիմից ևս մեկ առանցքային դեմք հայկական լոբիստական կազմակերպությունների հետ սերտ համագոծկակցության փորձ ունի: Խոսքը Հանրապետական Վիվեկ Ռամասվամի մասին է: Ամենայն հավանականությամբ, նա Իլոն Մասկի հետ ղեկավարելու է արդյունավետ ծախսերի դեպարտամենտը, որի վրա դրված է պետական բյուջեի ծախսերը կրճատելու գործառույթ։
«Նա նույնպես հայամետ դիրքավորում ունի և իր նախընտրական արշավի ժամանակ խոսում էր հայերի մասին, խոսում էր Արցախի մասին, հենց օգտագործելով Արցախ բառը, էթնիկ զտում բառը և այլն։ Այսինքն, այն դեմքերն են, որոնք առնվազն գոնե մեր մասին գիտեն, Հայաստանի տեղը գիտեն, խնդիրներին ծանոթ են», - եզրափակեց Ամերիկայի հարցերով մասնագետ Սուրեն Սարգսյանը:
Civilnet










