Գլխավոր Լրահոս

Ադրբեջանի հարձակման հավանականությունը բարձր չէ. ՀՀ Արտաքին հետախուզության զեկույց

Ադրբեջանի հարձակման հավանականությունը բարձր չէ. ՀՀ Արտաքին հետախուզության զեկույց

ՀՀ Արտաքին հետախուզական ծառայությունը (ԱՀԾ) Հայաստանի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման հավանականությունն այս տարի բարձր չի գնահատում. այս մասին նշվում է 2023-ի հոկտեմբերին ստեղծված կառույցի առաջին՝ ՀՀ արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ կանխատեսում-զեկույցում։ Զեկույցում նշվում է, որ կանխատեսումը հիմնվում է 2023-2024 թվականների զարգացումների՝ Ծառայության գնահատականի վրա։ Զեկույցի հեղինակները նշում են նաև սահմանափակումների մասին, որոնք օբյեկտիվորեն պայմանավորել են փաստաթղթի բովանդակությունը, այդ թվում՝ պետական գաղտնիքին և զգայուն հարցեր վերաբերող սահմանափակումները։ ՍիվիլՆեթը առաձնացրել է հատվածներ ԱՀԾ-ի զեկույցից։

Ադրբեջան-Հայաստան

Մեծ հավանականությամբ 2025-ին Հայաստան-Ադրբեջան տարբեր հարցերով բանակցությունների երկկողմ ձևաչափերը կշարունակեն մնալ մինչ այս կողմերի փորձածներից առավել արդյունավետը։

Տարբեր փաստերի, տեղեկությունների ու երևույթների վերլուծության հիման վրա սույն զեկույցի հրապարակման պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում։ Միաժամանակ, պայմանագրահենք խաղաղության և միջպետական հարաբերությունների բացակայության պայմաններում որպես Հայաստանի դեմ ուժի սպառնալիքի ադրբեջանական քաղաքականության գործիքակազմի մաս, կշարունակի պահպանվել սահմանին տեղային լարվածությունների և էսկալացիայի առաջացման ռիսկը, որի որոշակի նվազեցման երաշխիք կարող է լինել 2024-ից մեկնարկած սահմանազատման և սահմանագծման գործընթացի սահուն շարունակությունը՝ համաձայն երկուստեք հաստատված ընթացակարգի։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների նորմալացման գործընթացի ձգձգումները էականորեն ավելացնում են կայուն խաղաղության հաստատման մասով Ադրբեջանի իրական մտադրության վերաբերյալ անորոշությունը, նշվում է զեկույցում։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրահեն խաղաղության և դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը ստեղծում է միջպետական լարված հարաբերությունների պահպանման իրական ռիսկ, որն ավելի կարող է խորանալ տարածաշրջանում դաշնակցային վերադասավորումների կամ պատմական դաշնակցային հարաբերությունների վերափոխումների ազդեցությամբ։

Միջպետական լարված հարաբերությունների պահպանման ռիսկերն ավելացնում են նաև Ադրբեջանի պաշտոնական/իշխանական ագրեսիվ հռետորաբանությունը, Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձերը, ինչպես նաև տարբեր արհեստական թեմաների ավելացման միջոցով բանակցային գործընթացում սեփական միակողմանի պահանջները պարտադրելու Ադրբեջանի քայլերը։ 2025-ի ընթացքում նման գործիքակազմի կիրառման շարունակման հավանականությունը մնում է բարձր։

Ադրբեջանը 2025-ին շարունակելու է սեփական հարձակողական կարողությունների զարգացման տեմպը՝ կրճատելով ռազմական գործողության անցնելու վերաբերյալ բարձրագույն մակարդակում քաղաքական որոշումից մինչև հողի վրա մարտական գործողության մեկնարկ ժամանակահատվածը։ Այս շրջանակներում Ադրբեջանը շարունակելու է ավելի շարժունակ ստորաբաժանումների անցման, դրանց ռեզերվի պատրաստման, նոր սպառազինության ձեռքբերման և ներկրման, ինչպես նաև ռազմական ենթակառուցվածքների թարմացման աշխատանքները։

Իսրայել-Իրան 

Հակամարտության ընթացիկ բովանդակությունը, դրսևորման ձևերի փոփոխություններն ու խորացմանը նպաստող պայմանները 2025-ին Հայաստանի համար կշարունակեն գեներացնել անվտանգային, տնտեսական ու լոգիստիկ խնդիրներ։ Իրանի միջուկային ծրագրի զսպմանն ու հակազդմանը միտված տարբեր դերակատարների գործողությունները՝ տնտեսական պատժամիջոցներից մինչև թիրախային ռազմական հարվածներ, Հարավային Կովկասում կարող են ձևավորել առավել բարդ անվտանգային իրավիճակ։

Ռուսաստան-Ուկրաինա 

2025-ին ռուս-ուկրաինական հակամարտությունում ցանկացած սցենարով զարգացում ուղղակիորեն կամ անուղղակիորեն կազդի Հայաստանի անվտանգության միջավայրի վրա։ Այդ ազդեցության հնարավոր գործոններ են թե տարածաշրջանային դերակատարների հնարավոր ազատվող ռեսուրսների հանգամանքը և թե «ուժերի բևեռների» միջև Հարավային Կովկասում մրցակցության կամ փոխհակազդման գործողությունների ինտենսիվացումը։

ՀԱՊԿ-ի հեղինակությունը կմնա կասկածի տակ և հետևությունների աղբյուր մյուս անդամների համար

Ռազմական բլոկների կենսունակությունը կշարունակի մնալ մարտահրավերի ռեժիմում։ Այս առումով, ի հեճուկս հիմնադիր պայմանագրային կարգավորումներին՝ ՀԱՊԿ անգործունակությունը (անկենսունակությունը) Հարավային Կովկասում արձագանքելու այն խնդիրներին, որոնք ՀԱՊԿ կանոնադրական նպատակներն են, 2025-ին ամենայն հավանականությամբ չի փոխվի։ Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025-ին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր գնահատմամբ նշանակում է, որ անվտանգային այս կառույցի հեղինակությունը կշարունակի մնալ էականորեն կասկածի տակ և հետևությունների աղբյուր մյուս անդամ պետությունների համար։

Տնտեսական ռիսկեր

Ամենայն հավանականությամբ, արտաքին դերակատարների կողմից 2025-ին Հայաստանի Հանրապետության տնտեսական, լոգիստիկ կախվածությունը կշարունակվի օգտագործվել որպես քաղաքական ազդեցության գործիք։ 2025-ի՝ նախընտրական տարի լինելու հանգամանքով պայմանավորված՝ որոշ երկրներ կփորձեն Հայաստանի տնտեսական կախվածությունը է՛լ ավելի ընդգծված և ակնհայտ կերպով օգտագործել որպես քաղաքական ազդեցության, Հայաստանի ներքին գործերին միջամտելու և հանրային լայն շերտերի վրա ազդելու հնարավորություն։ 

Ներքին ապակայունացման և հանրային կարծիքի վրա բացասական ազդեցություն ունենալու նպատակով տարածաշրջանում սեփական ռազմավարական շահեր սպասարկող դերակատարները կփորձեն ստեղծել արհեստական լոգիստիկ խոչընդոտներ, վարչարարության անտեղի բարդացումներ, պայմանագրային պարտավորությունների կամայական մեկնաբանություններ։ Նման պայմաններում տնտեսական փոխկապակցվածությունների կամ կախվածությունների բազմազանեցման ուղղությամբ հնարավորությունների փնտրման և օգտագործման քայլերը Հայաստանի համար արտաքին վնասակար ճնշումները բալանսավորելու և տնտեսական զարգացում ապահովելու հնարավորության պատուհան կարող են դառնալ։

Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացումը՝ քիչ հավանական

Հայաստանի Հանրապետության համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ գործող պատժամիջոցները, որի հետևանքով մեր առկա տնտեսական ներուժի օգտագործումը սահմանափակված է երկրորդային պատժամիջոցների ռիսկերով։ Երկրորդային պատժամիջոցների ավելացման պայմաններում Հայաստանի տնտեսությունը կբախվի նոր սահմանափակումների։ 2025-ին թե Ռուսաստանի, թե Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը կամ մեղմացումը, որը Հայաստանի տնտեսության համար կունենա էական ազդեցության ներուժ, գնահատում ենք քիչ հավանական, հետևաբար՝ երկրորդային պատժամիջոցներով պայմանավորված ռիսկերը Հայաստանի համար 2025 թվականին արդիական կմնան։ Մյուս կողմից, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակական կիրառման, ռուս-ուկրաինական հակամարտության և էական այլ գործոնների համադրությունը բարձրացնում է Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղման հավանականությունը, հավելյալ ռիսկեր ստեղծում նաև Հայաստանի տնտեսության համար։

Էներգետիկ անվտանգության ռիսկեր

Էներգետիկ անվտանգության ռիսկերը շարունակելու են արդիական մնալ նաև 2025-ին։ Էներգետիկ կախվածությունը շարունակում է օգտագործվել որպես տարածված քաղաքական ազդեցության գործիք, թե՛ գլոբալ, թե՛ տարածաշրջանային հարաբերություններում, որից անմասն չէ նաև Հայաստանը։ Չբալանսավորված էներգետիկ կախվածությունը հավելյալ ռիսկեր է ստեղծում տնտեսական կայուն զարգացման, ինքնիշխան քաղաքականության և սոցիալական կայունության համար, և մեծացնում Հայաստանի դեմ կիրառվող արտաքին քաղաքական ճնշման արդյունավետությունը։

Տե՛ս նաև՝ Արտաքին հետախուզությունը անվտանգային ռիսկ է համարում կեղծ խոսույթ տարածող «փորձագետներին» և բլոգերներին

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում