Գլխավոր Լրահոս

Արտաքին հետախուզությունը անվտանգային ռիսկ է համարում կեղծ խոսույթ տարածող «փորձագետներին» և բլոգերներին

Արտաքին հետախուզությունը անվտանգային ռիսկ է համարում կեղծ խոսույթ տարածող «փորձագետներին» և բլոգերներին

ՀՀ Արտաքին հետախուզական ծառայությունը (ԱՀԾ) Հայաստանի 2025-ի ռիսկերի շարքում հատուկ ուշադրություն է հատկացնում կեղծ խոսույթ ձևավորող, մանիպուլացնող գնահատականներ տարածող «փորձագետների» և «բլոգերների» կուլտիվացումը։ ԱՀԾ-ի պատրաստած «ՀՀ արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ» կանխատեսում-զեկույցում հատուկ բաժին է հատկացված երկրին սպառնացող տեղեկատվական ռիսկերին։ Զեկույցի այդ մասից հատվածներ առանձնացված են ստորև։

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ աճում են հանրային կարծիքը դրանց օգտագործմամբ մանիպուլացնելու հնարավորությունները։ Որպես հիբրիդային ճնշման գործիքակազմի մաս, ավելանում են որոշ արտաքին դերակատարների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խեղաթյուրված տեղեկություններով թիրախավորելու, մեր տեղեկատվական տիրույթում Հայաստանի շահերին հակասող խոսույթներ ներմուծելու դեպքերը՝ մեր ներքաղաքական կյանքին միջամտելու, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքականության գործողություններն ուղղորդելու նպատակով։

Ծառայության ուշադրության կենտրոնում գտնվող տեղեկատվական ռիսկերը Հայաստանի Հանրապետության դեմ իրականացվող հիբրիդային գործողությունների մաս են կազմում։ Այդ ռիսկերին առնչվող գործիքակազմը ներառում է ինչպես տեսանելի քարոզչությունը, երբ իրականացնողը հայտնի է, այնպես էլ՝ քողարկված քարոզչությունը, ընդ որում, շատ դեպքերում քարոզչության նշված տեսակները կիրառվում են միաժամանակ։ Հայաստանի դեմ տեսանելի քարոզչությունը հիմնականում իրականացվում է օտարերկրյա պետական/իշխանական մարմինների կամ նրանց հետ կապված աղբյուրների միջոցով։ Վերջին շրջանում նոր միտում է քարոզչության մեջ անմիջապես հատուկ ծառայությունների ներգրավումը, որոնք «երրորդ պետություններից ստացված հետախուզական տեղեկություններին» հղում անելով, ներքաղաքական և աշխարհաքաղաքական կեղծ խոսույթ ձևավորող ուղերձներ են տարածում։ Քողարկված քարոզչության մեջ ներգրավված են հայկական կամ օտարերկրյա ներկայացող լրատվամիջոցներ, հայազգի կամ հայազգի ներկայացող անձինք, ինչպես նաև օտարազգի ներկայացող «անկախ» փորձագետներ, որոնց ֆինանսավորման աղբյուրները և մոտիվացիան այլ են։

Ազդեցության օպերացիաներն ու դրանց գործիքակազմը 

Հայաստանի Հանրապետության առջև ծառացած գլխավոր տեղեկատվական ռիսկերից մեկը արտաքին որոշ դերակատարների կողմից վնասակար ազդեցության օպերացիաների իրականացումն է, որոնք ավանդական լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի և տարբեր բնույթի կայքերի օգտագործմամբ փորձում են խեղաթյուրել մեր քաղաքացիների ընկալումը երկրի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող գործընթացների վերաբերյալ՝ այդպիսով ձգտելով կանխորոշել ժողովրդավարական հասարակարգի պայմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից կայացվող որոշումները։ Միևնույն ժամանակ, փորձ է արվում Հայաստանի գործընկեր պետությունների շրջանում Հայաստանի նկատմամբ սերմանել անվստահություն, ինչպես նաև ձևավորել մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններին չհամապատասխանող կեղծ օրակարգեր՝ այդպիսով փորձելով Հայաստանի Հանրապետությանը ներկայացնել որպես միջազգային ապակառուցողական դերակատար։

Վնասակար ազդեցության օպերացիաների իրականացման առավել վտանգավոր մեթոդներից մեկը սոցիալական ցանցերում կեղծ, անանուն և որոշ դեպքերում գողացված օգտահաշիվների միջոցով ապատեղեկատվության տարածումն է՝ հաճախ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններն իրական փաստերի հետ համադրելու մարտավարությամբ։ Սոցիալական ցանցերի շահագործումը զուգահեռվում է ավանդական լրատվամիջոցների միջոցով ապատեղեկատվության տարածման հետ, ընդ որում, օգտագործվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր սահմաններից դուրս գործող հայտնի ԶԼՄ-ներ։ Հայաստանի օրինական շահերի դեմ այսպիսի վնասակար գործողություններում հաճախ ներգրավվում են նաև Հայաստանի իրավապահ մարմինների կողմից վարվող քրեական գործերի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող և այս կամ այն երկրում ապաստան ստացած անհատներ։ Մեկ այլ գործիք է տարածաշրջանի երկրներին, այդ թվում՝ Հայաստանին թիրախավորող այսպես կոչված վերլուծական կայքերը, որոնց մի մասը մեծ հավանականությամբ ուղղորդվում է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։

Գործընկեր երկրների շրջանում Հայաստանի Հանրապետության նկատմամբ անվստահություն ձևավորելու, Հայաստանի միջազգային հեղինակությունը վնասելու առումով տիպային օրինակ է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացվող «բնապահպանական» արշավը, որը, փաստերի խեղաթյուրման և կեղծ փաստերի գեներացման ու տարածման միջոցով մի կողմից թիրախավորում է Հայաստանի Հանրապետության արդյունաբերությունը՝ նպատակ ունենալով վնաս հասցնել տնտեսության կարևոր ճյուղերին, խաթարել այլ հարևան պետությունների հետ մեր հարաբերությունները, ստվերել օտարերկրյա արտաքին ներդրումների իրականացման հեռանկարը, ինչպես նաև բանակցային գործընթացում ավելացնել Հայաստանի նկատմամբ բազմամակարդակ ճնշումը։ Մյուս կողմից, Հայաստանի դեմ «բնապահպանական» քարոզչությամբ Ադրբեջանը փորձում է ուշադրությունը շեղել շրջակա միջավայրին իր իսկ հասցրած վնասներից։ Սույն գործիքակազմի բաղկացուցիչ մաս է Ադրբեջանի կողմից որպես անկախ ՀԿ-ներ ներկայացվող, սակայն իրականում պետական վերահսկողությամբ և ֆինանսավորմամբ աշխատող կառույցների օգտագործումը։

Մեկ այլ մեթոդ է կեղծ կայքերի ստեղծումը, որոնք, իրական լրատվականների տպավորություն ստեղծելով, փորձում են Հայաստանում և տարածաշրջանի այլ երկրներում տարածել արտաքին որոշ դերակատարների շահերը սպասարկող թեզեր։ Դրա օրինակ են Հայաստանին և տարածաշրջանի այլ երկրներին թիրախավորող կայքերը, որոնք մեծ հավանականությամբ հանդիսանում են այլ հատուկ ծառայությունների կողմից արդեն իսկ բացահայտված Portal Kombat ապատեղեկատվական ցանցի մաս։ Այս ցանցին պատկանող կայքերը հիմնականում տարածում են այլ հարթակներից վերցված կողմնակալ, խեղաթյուրված կամ կեղծ տեղեկություններ և հաճախ հղում են տալիս ոչ վստահելի աղբյուրների (այդ թվում՝ Տելեգրամ ալիքների), որոնք շեշտը դնում են սենսացիոն, իրականությանը չհամապատասխանող գրառումների վրա՝ շահարկելով հանրությանը մտահոգող հարցերը կամ փորձելով արհեստականորեն գեներացնել այդպիսիք։

Հիբրիդային այլ վտանգների հետ զուգահեռումը

Վնասակար ազդեցության օպերացիաները հաճախ օժանդակ գործառույթ են իրականացնում և նպատակ ունեն բազմապատկել այլ հիբրիդային վտանգների ազդեցությունը։ Տեղեկատվական լցոնումները տեղի են ունենում ազդեցության գործակալների ակտիվացմանը զուգահեռ, որոնք ի թիվս տարբեր մարդկային ու տեղեկատվական ռեսուրսների, հոգևոր ու մշակութային ինստիտուցիոնալ կառույցների շահագործմամբ փորձում են հանրության որոշ շերտերին գիտակցաբար կամ անգիտակցաբար ծառայեցնել արտաքին դերակատարների շահերին։ Առավել հաճախ կիրառվող մեթոդներից է շարունակում մնալ կեղծ խոսույթ ձևավորող, մանիպուլացնող գնահատականներ տարածող «փորձագետների» և «բլոգերների» կուլտիվացումը։

Ներքին անկայունացման հիբրիդային գործողություններից են իբրև թե «տեղական» քաղաքական ակտիվության կուլտիվացիան, դրա ֆինանսավորումը, տեղեկատվական աջակցությունն ու կազմակերպումը։ Խոսքը հաջորդիվ օգտագործման նպատակով քաղաքական կուսակցությունների, ակտիվիստական խմբերի, ուսանողության և երիտասարդության խմբերի արհեստական քաղաքական ակտիվացման, հանրային դիվանագիտության, կրթական ու ճանաչողական միջոցառումների քողի տակ գաղափարական պատրաստման և հավաքագրման մասին է։ Նման գործողությունների նպատակը Հայաստանի դիմադրողականության խարխլումն է, և ի վերջո արտաքին դերակատարների կողմից Հայաստանի շահերին դեմ գնացող ազդեցության համար ընկալունակ և «հարմար» իշխանության ձևավորումը։

2024-ին Հայաստանի պետական շահերի դեմ ուղղված առավել վտանգավոր բնույթի գործողությունները ներառել են արտաքին դերակատարների կողմից Հայաստանում անկայունություն, բռնություն և սահմանադրական կարգի տապալում իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ու Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչներից զինված խմբերի հավաքագրման, կազմակերպման, հոգեբանական, գաղափարական ու մարտական պատրաստման փորձեր, որոնք գնահատում ենք որպես օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի շահերի դեմ ագրեսիվ գործողություն։ Այս մասով մեր

երկրի օպերատիվ ու իրավապահ մարմինների թե նախականխիչ ու թե հակազդման գործողությունների մասին Հայաստանի հանրությունը թույլատրելիի սահմաններում պարբերաբար տեղեկացվում է։

Տեղեկատվական ռիսկերի միտումները

2025-ին Հայաստանի Հանրապետությանն առնչվող տեղեկատվական և արտաքին միջամտությանն առնչվող և վերը նկարագրված ռիսկերը մեծ հավանականությամբ կընդարձակվեն՝ պայմանավորված 2026-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններով։

Ընթացիկ տարին մեծ հավանականությամբ տեղեկատվական «նախապատրաստման» շրջան կլինի, որի նպատակը ի թիվս այլնի կշարունակի լինել մեր հանրային խոսույթն արհեստականորեն աշխարհաքաղաքական անայլընտրանք կողմնորոշումների ընտրության առաջ դնելը և Հայաստանի իրական շահերին չհամապատասխանող օրակարգեր գեներացնելը։ Հավանական է, որ կաճեն նաև տարբեր արտաքին դերակատարների կողմից կիբերհարձակումների ռիսկերը, որոնք կարող են արտահայտվել այդ թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնական տվյալների արտահոսքերով, լրտեսական ծրագրա-ապահովման միջոցներով գաղտնակիրների և որոշում կայացնողների թիրախավորմամբ։

2025-ի ընթացքում Հայաստանի Հանրապետության դեմ իրականացվող տեղեկատվական գործողություններն ուղղված կլինեն այդ թվում ներքին անկայունության առաջացմանը և հասարակության բևեռացմանը։ Կշարունակեն ձեռնարկվել նաև այլ պետությունների հետ Հայաստանի հարաբերություններին վնասող գործողություններ, այդ թվում՝ մեր արտաքին քաղաքականության վերաբերյալ կեղծ տեղեկատվության շրջանառման, առկա տվյալների մանիպուլացման միջոցով։ 

Հավանական ենք համարում Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում տարբեր բաղադրիչների մասով Հայաստանի նկատմամբ ճնշման գործադրումը, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասով։ Մեծ հավանականությամբ, կշարունակվեն Հայաստանի միջազգային հեղինակությանը, ինչպես նաև տնտեսական ներուժին վնասող գործողությունները, այդ թվում՝ բնապահպանական, ջրային ռեսուրսների թեմաների օգտագործմամբ, ավանդական կամ ընտանեկան արժեքները խեղաթյուրող մեկնաբանությունների, սեփական վնասակար նպատակները այլ արտաքին դերակատարներին վերագրելու մարտավարության գործադրմամբ։

Տե՛ս նաև՝

Ադրբեջանի հարձակման հավանականությունը բարձր չէ. ՀՀ Արտաքին հետախուզության զեկույց

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում