Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մտահոգիչ է համարում Ադրբեջանի սադրիչ հայտարարությունները, ինչպես նաև այդ երկրում տեղի ունեցող պարբերական զորավարժություններն ու ինտենսիվ թռիչքները, որոնք, ըստ Գրիգորյանի, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու։
«Մենք վերջին տարիներին տարբեր ուղղություններով աշխատել ենք, որ կայունություն ստեղծենք տարածաշրջանում, այն է՝ ԵՄ դիտորդների ներկայությունը ՀՀ սահմանին, Հռոմի ստատուտի ընդունումը, որը, կարծում ենք, կարևոր գործոն է կայունության տեսանկյունից, ՀՀ-ում տեղի ունեցող ռազմական բարեփոխումները՝ սրանք կայունության որոշակի գործոններ են»,- ասել է Գրիգորյանը։
Այսօր՝ ավելի վաղ, հրապարակվել է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության առաջին զեկույցը, որի համաձայն՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չի գնահատվում։
Պաշտոնական Երևանը որպես էսկալացիա հրահրող է որակում Ադրբեջանի նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ռազմատենչ հայտարարությունները։
Իլհամ Ալիևը տարեսկզբի մեծ հարցազրույցում հայտարարել էր, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» «պետք է բացվի և կբացվի»։ Ալիևը նկատի ունենալով Հայաստանը, նաև հայտարարել էր․ «Նրանք չպետք է որպես աշխարհագրական պատնեշ կանգնեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև։
Civilnet











