Գլխավոր Լրահոս

Ժողովրդավարության գլոբալ անկումը և հնարավոր հետևանքները Հայաստանի համար

Ժողովրդավարության գլոբալ անկումը և հնարավոր հետևանքները Հայաստանի համար

Տիգրան Գրիգորյան

Անցյալ գարնանից ՍիվիլՆեթի հետ Democracy Watch նախաձեռնությունը սկսելուց ի վեր մենք հիմնականում կենտրոնացել ենք Հայաստանի ներքին մարտահրավերների և տագնապալի միտումների վրա: Սակայն, ինչպես ցույց է տալիս ժողովրդավարական անցումների և կայացման վերաբերյալ ակադեմիական գրականությունը, միջազգային միջավայրը մեկ այլ կարևոր գործոն է, որը նպաստում է այս գործընթացներին:

Ժողովրդավարացման երրորդ ալիքի ընթացքում Եվրոպական տնտեսական համայնքի, իսկ հետագայում՝ Եվրոպական միության հետ ինտեգրման հեռանկարը հզոր խթան էր քաղաքական անցման մեջ գտնվող երկրների համար: Խորհրդային բլոկի փլուզումից հետո ժողովրդավարությունն առժամանակ դարձավ միակ տարբերակը՝ առանց քաղաքական կամ գաղափարախոսական կենսունակ որևէ այլընտրանքի:

Սակայն այսպես կոչված «Պատմության ավարտի» լավատեսությունը կարճատև էր: Արևմտյան ազդեցության թուլացումը և ավտորիտար ու հիբրիդային վարչակարգերի վերելքը նոր դարաշրջան են բացել: Անցյալ տարի Freedom House-ը իր «Անցումային շրջանի երկրները» զեկույցում ժողովրդավարության անկում արձանագրեց 20-րդ տարին անընդմեջ: Ավելին, Թրամփի նախագահության և Եվրոպայում աջ պոպուլիզմի վերելքի հետ մենք ականատես ենք լինում խորը տեղաշարժի. լիբերալ ժողովրդավարության հիմնարար սկզբունքները այժմ խարխլվում են  հենց Արևմուտքում:

Այս անկումն արտահայտվում է ոչ միայն գլոբալ ինդեքսներում կամ վարկանիշներում, այլև կոնկրետ գործողություններում և հռետորաբանության մեջ: Ժողովրդավարական նորմերի՝ ուժեղ ինստիտուտների կառուցման, կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքականությունը բիզնեսից տարանջատելու և քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հանդուրժողականության խթանման պաշտպանությունը գնալով դժվարանում է, երբ.

- չընտրված տեխնոմիլիարդատերերը չափազանց մեծ ազդեցություն ունեն ԱՄՆ քաղաքականության մշակման վրա,

- պաշտոնաթող նախագահը ներում է շնորհում որդուն, իսկ գործող նախագահը երկիրը ղեկավարում է որպես ընտանեկան ձեռնարկություն, 

- վիրավորական, պառակտող հռետորաբանությունը դարձել է քաղաքական խոսույթի մեյնսթրիմ:

Հակաժողովրդավարական գլոբալ այս միտումները թափանցել են նաև մեր տարածաշրջան: Վրաստանը, որը ժամանակին համարվում էր բարեփոխումների և ժողովրդավարացման փարոս, ավտորիտար մտահոգիչ շրջադարձ է արել: Ընդդիմության առաջնորդները հարձակման են ենթարկվում փողոցներում, իսկ անկախ լրագրողների դեմ քրեական հետապնդում է իրականացվում: Սա վկայում է ավտորիտարիզմի տարածման և վարակիչ վատ օրինակների լայն երևույթի մասին, որոնք վեարձևում են քաղաքական լանդշաֆտը: 

Նման միջավայրում Հայաստանի ժողովրդավարական ընթացքը գնալով բարդանում է: Արևմուտքում ժողովրդավարության հիմքերի թուլացման և տարածաշրջանում ժողովրդավարական կառավարման հետընթացի պայմաններում Հայաստանի իշխող էլիտաները կարող են ավելի հակվել որդեգրելու ժողովրդավարության իրենց սեփական մեկնաբանությունը: Հայկական որոշ շրջանակներում պահպանվող այն համոզմունքը, որ իշխող կուսակցությունը և նրա ղեկավարությունը, թեև գուցե անկարող, հիմնականում ժողովրդավարամետ են, վիճելի է: 

Արցախյան երկրորդ պատերազմից հետո տագնապալի միտումները, ինչպիսիք են վարչական և իրավապահ լծակների չարաշահման միջոցով տեղական ընտրությունների բազմաթիվ արդյունքների չեղարկումը կամ գրեթե բոլոր անկախ ինստիտուտների նկատմամբ վերահսկողության ամրապնդումը, ակնհայտորեն հակասում են ժողովրդավարական սկզբունքներին:

Ռիսկերն իրական են, և Հայաստանի ժողովրդավարական հաջողությունը չպետք է երաշխավորված համարել: Հետընթացը կանխելու համար կենսական է իսկապես անկախ քաղաքացիական հասարակության դերակատարների և լրատվամիջոցների աջակցությունը: Այս ոլորտները առերեսվում են մեծացող ճնշումների և կարիք ունեն ուշադրության և ուժեղ պաշտպանություն առաջիկա ամիսներին:

Democracy Watch -ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է:

Read the article in English: Global Democratic Erosion: Implications for Armenia’s Future

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում