Գլխավոր Լրահոս

Համընդհանուր հայտարարագրման համակարգի դեմ ստորագրահավաք է կազմակերպվում

Համընդհանուր հայտարարագրման համակարգի դեմ ստորագրահավաք է կազմակերպվում

«Իշխանության կողմից ներկայացված համընդհանուր հայտարարագրման համակարգը   խայտառակ ռեֆորմ է, որը վերաբերելու է բոլոր  քաղաքացիներին՝ չունենալով որևէ նպատակ ծառայելու պետությանը և հանրությանը, հետևաբար առկա է քաղաքացիների արդարացի մեծ դժգոհություն». ՍիվիլՆեթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Նա համոզմունք հայտնեց, որ այս համակարգի չեղակումն այլընտրանք չունի։

Առաքելյանը համընդհանուր հայտարարագրման դեմ ստորագրահավաք է նախաձեռնել՝ նպատակ ունենալով անել ամեն բան, որ «աղետալի ու տանջալից» համակարգն ամբողջությամբ վերանա։  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ  եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը կարևոր է «ապապետությունից պետություն անցման տրամաբանության մեջ»։

Մեկնաբանելով  վարչապետի այս հիմնավորումները՝ Մեսրոպ Առաքելյանը նշում է, որ Փաշինյանը նման ձևակերպումներով     տպավորություն է ստեղծում, թե իբր մարդիկ այս համակարգին էին սպասում պետություն ունենալու համար, և այն երկրները, որոնք այս համակարգը չունեն, փաստորեն պետականություն չունեն։ 

Առաքելյանը նաև անհիմն է համարում վարչապետի այն պատճառաբանությունը, որ այս համակարգի ներդրմամբ կառավարությունը կոռուպցիայի ու ստվերի դեմ է պայքարում։

Ըստ Առաքելյանի՝ նախկին և ներկա բոլոր կոռումպացված չինովնիկներին  Փաշինյանը լավ գիտի, և «մի քանի հազար պոտենցիալ կոռուպցիոն ռիսկերի մեջ թաթախված անձանց բացահայտելու համար գրեթե 2,5 միլիոն մարդ հայտարարագիր չպետք է լրացնի»։

Անդրադառնալով համընդհանուր հայտարարագրման դեմ ստարագրահավաքի նախաձեռնությանը՝ Առաքելյանը նշեց, որ  այս պահին դեռ քննարկում են գործողությունների մեխանիզմը։ 

«Այժմ իրազեկում ենք քաղաքացիներին այս աղետալի, այսպես կոչված, ռեֆորմի մասին, առկա է հանրության մեծ դժգոհություն։ Կարծում ենք՝ առաջիկայում դեռ ժամանակ ունենք, որովհետև մինչև մայիս, եթե նույնիսկ չլրացնեն, այնտեղ մի քանի ամիս էլ որևիցե վտանգ չկա չլրացնելու, տուգանքների մասին է խոսքը։ Առաջիկայում ավելի կոնկրետ կներկայացնենք ստորագրահավաքի ձևաչափը։ Նպատակ ունենք այնպիսի ձևաչափ մշակել, որը կստիպի չեղարկել այս օրենքը»,- նշեց Առաքելյանը։

Խորհրդարանական ընդդիմությունը ևս իր մտահոգություններն է հայտնել այս համակարգի ներդրման վերաբերյալ։ 

ԱԺ  «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Թադևոս Ավետիսյանը խորհրդարանում հայտարարել է, որ  նման ձևով ներդրվող եկամուտների հայտարարագրման համակարգը ժամանավրեպ է, դրված նպատակի տեսանկյունից ոչ լիարժեք ու ոչ համարժեք, իսկ քաղաքացիների համար դառնալու է ավելորդ վարչարարության ու տուգանքի հիմք։

«Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանի համոզմամբ էլ կառավարության այս նախաձեռնությունը «բյուջեն լցնելու համար է»։

Հայաստանում 2025 թվականից կտրուկ ընդլայնվում է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը։ Բոլոր վարձու աշխատողները, բացառությամբ օտարերկրյա քաղաքացիների, պարտավոր են ներկայացնել 2024 թվականի հարկային հայտարարագրեր Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային համակարգի միջոցով։ 

Համակարգն ավտոմատ կերպով գեներացնում է աշխատանքային եկամուտների վերաբերյալ տեղեկատվության մեծ մասը հարկային ծառայության բազայից։ Հայտարարատուները պետք է նաև նշեն ոչ աշխատանքային եկամուտները, ներառյալ վարձակալական վճարները և բանկային ավանդները։ Դրամական նվիրատվությունները և փոխառությունները ենթակա են հայտարարագրման, սակայն հարկման ենթակա չեն։ Ի տարբերություն պետական ծառայողների, սովորական քաղաքացիները հաշվետվություն են ներկայացնում միայն եկամուտների, այլ ոչ թե ծախսերի մասին։ Բացառություն են կազմում կրթության և բժշկական ապահովագրության սոցիալական ծախսերը, որոնց համար կարելի է ստանալ մինչև 100 հազար դրամի հարկերի վերադարձ։ Հայտարարագիրը կարելի է ներկայացնել Պետական եկամուտների կոմիտեի կայքի միջոցով՝ «Ես եմ» համակարգի, հարկ վճարողի անձնական էջի, նույնականացման քարտի կամ հատուկ կարգավորումներ ունեցող SIM քարտի միջոցով էլեկտրոնային նույնականացումից հետո։ Հայտարարագրերի ներկայացման ժամկետը մինչև 2025 թվականի մայիսի 1-ն է։ 

Ժամկետների խախտման համար նախատեսված են 5-50 հազար դրամի տուգանքներ։ Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն նաև պարզաբանում է մտցրել դրամական փոխանցումների հայտարարագրման կանոններում։ Մինչև 300 հազար դրամ գումարով գործարքները պարտադիր հայտարարագրման ենթակա չեն։ 300 հազար դրամի շեմը կիրառվում է յուրաքանչյուր առանձին գործարքի, այլ ոչ թե նման գործարքների ընդհանուր գումարի նկատմամբ։ Սա վերաբերում է անձնական դրամական փոխանցումներին, որոնք դասակարգվում են որպես նվիրատվություն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում