Գլխավոր Լրահոս

Ստամբուլում հարձակման է ենթարկվել ոչ թե Տատեան հայկական վարժարանը, այլ դրա նախկին շենքը

Ստամբուլում հարձակման է ենթարկվել ոչ թե Տատեան հայկական վարժարանը, այլ դրա նախկին շենքը

Անի Գրիգորյան, #CivilNetCheck 

Հայաստանյան լրատվամիջոցները տարածում են տեղեկություն, թե հունվարի 22֊ին զինված հարձակում է տեղի ունեցել Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գործող Տատեան հայկական վարժարանի վրա։ 

«Զինված հարձակման հետևանքով կոտրվել են վարժարանի ապակիները, իսկ պատերին փամփուշտի հետքեր են մնացել»,- գրել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը՝ հղում անելով sondakika.com կայքին։ 

Հոդվածներում նշվում է, որ այս հարձակման գործով երկու կասկածյալ է բերման ենթարկվել, որոնցից մեկի տնից ապօրինի ատրճանակ և 14 պարկուճ է առգրավվել։ Տեղեկության համաձայն՝ բերման ենթարկվածներից մեկն ազատ է արձակվել, իսկ մյուսի գործն ուղարկվել է դատարան։ 

Այս տեղեկությունը տարածել են նաև news.am, yerkir.am, lurer.com, armtimes.com, oragir.news, aravot.am և այլ լրատվամիջոցներ։

Մինչդեռ, «Ակօս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը #CivilNetCheck-ին հայտնեց, որ հարձակման ենթարկված շենքում ոչ թե հայկական վարժարան է, այլ թուրքական դպրոց։ 

Ըստ նրա՝ Տատեան հայկական վարժարանը ևս գործել է այդ շենքում, սակայն տասը տարի առաջ տեղափոխվել է նոր վերանորոգված մասնաշենք։  

Բաց աղբյուրներում առկա լուսանկարները ու տեսանյութերը ևս փաստում են, որ հարձակման է ենթարկվել ոչ թե վարժարանի ներկայիս շենքը, այլ նախկինը։ Վարժարանի կայքից էլ տեղեկանում ենք, որ այն գործում է նոր շենքում։ Հատկանշական է, որ նոր մասնաշենքը կառուցվել է հին շենքի դեմ դիմաց։ 

Շենքը թեև ներկայում էլ պատկանում է հայկական ծխական խորհրդին, սակայն վարձակալության է տրված և այդտեղ գործում է թուրքական դպրոց։ 

Թուրքական շատ լրատվամիջոցներ են գրել, թե հարձակման է ենթարկվել Տատեան հայկական վարժարանը. այս խառնաշփոթի պատճառը միգուցե դեռևս շենքի մուտքին առկա «Տատեան» մեծ գրությունն է։ Սակայն նույն մուտքին առկա ցուցանակը փաստում է, որ այդտեղ գործում է Կադրո Անատոլիայի մասնավոր ավագ դպրոցը, որը այդ շենքում է 2017-ից։ 

Այս շենքը ավելի քան 180 տարվա պատմություն ունի, կառուցվել է Հովհաննես Տատեանի կողմից։ 

Հովհաննես Տատեանի կողմից կառուցված շենքը, որտեղ ժամանակին գործել է Տատեան վարժարանը

Արդյոք վարժարանի վրա հարձակումը կապվա՞ծ է դրա հայկական լինելու հետ. Էստուկյանը նշեց, որ չի կարող որևէ կերպ հաստատել կամ հերքել, սակայն նշեց, որ կան տեղեկություններ, որ հարձակումն իրականացրած անձինք գինովցած են եղել։ 

Ստամբուլի ոստիկանական բաժանմունքից ևս հայտնել են, որ հարձակվողները նախկինում ևս ներգրավված են եղել տարբեր հանցագործություններում։ 

Փաստերի ստուգում

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում