Վրաստանի խորհրդարանի Վրացական երազանք խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն, հղում անելով 90 օրով արտաքին օգնության բոլոր ծրագրերը դադարեցնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը, հայտարարել է, թե օտարերկրյա գործակալների մասին օրենքի «հնարավոր է կարիքը չլինի»։
Մդինարաձեն նշել է, որ Թրամփի որոշումը կարող է վերացնել թափանցիկության օրենքի անհրաժեշտությունը։ Նա ասել է, թե սա ապացուցում է օրենքի անհրաժեշտությունը, և թող այժմ այս որոշումը «ռուսական» անվանեն։
Երկուշաբթի Սպիտակ տան հրապարակած գործադիր հրամանում ասվում է, որ ԱՄՆ «արտաքին օգնության արդյունաբերությունը և բյուրոկրատիան համահունչ չեն ամերիկյան շահերին և շատ դեպքերում հակասում են ամերիկյան արժեքներին»:
«Դրանք ծառայում են համաշխարհային խաղաղության ապակայունացմանը՝ օտար երկրներում առաջ մղելով գաղափարներ, որոնք ուղղակիորեն հակասում են երկրների և երկրների միջև ներդաշնակ և կայուն հարաբերություններին»,- ասված է հրամանում։
Հրամանում նաև նշվում է, որ Կառավարման և բյուջեի գրասենյակը պատասխանատվություն է կրելու այս դադարը կիրառելու և խորհրդակցություններ անցկացնելու համար՝ որոշելու՝ արդյոք «շարունակել, փոփոխել, թե դադարեցնել օտարերկրյա օգնության յուրաքանչյուր ծրագիր»։ Հրամանը սահմանում է նաև, որ պետքարտուղարը կարող է հրաժարվել դադարից։
Վրաստանի Օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որը կոչվում է «ռուսական օրենք», քանի որ նման է Ռուսաստանում այլախոհությունն ու քննադատությունը վերացնելու համար օգտագործվող օրենսդրությանը, քաղաքացիական հասարակության ցանկացած կառույցի կամ լրատվամիջոցի «օտար տերության շահերը սպասարկող կազմակերպություն» է որակում, եթե այն իր ֆինանսավորման առնվազն 20 տոկոսը ստանում է արտերկրից։ Նման կազմակերպությունները ենթակա են մոնիտորինգի յուրաքանչյուր վեց ամիսը մեկ, ինչը կարող է ներառել ներքին հաղորդակցությունների և գաղտնի աղբյուրների հանձնման պարտադրումը: Այն կազմակերպությունները, որոնք չեն կատարում պահանջները, ենթակա են խոշոր տուգանքների:
Վրաստանում քաղաքացիական հասարակության և լրատվական շատ կազմակերպություններ իրենց ֆինանսավորումը ստանում են ԵՄ-ից:
Վրաստանի կառավարող կուսակցությունն ընդունեց արտասահմանյան գործակալների մասին օրենքը 2024-ի մայիսին, ինչը հանդիպեց ուժեղ դիմադրության ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հանրության կողմից։ Օրենքի վերաներկայացումից հետո Վրաստանում տեղի ունեցան բողոքի ցույցեր, իսկ Արևմուտքը նախազգուշացրեց, որ կարող է խոչընդոտել Վրաստանի ԵՄ ձգտումները։
Չնայած օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերին՝ Վրաստանի կառավարությունը դեռ չի տուգանել կազմակերպություններին կամ հարկադրաբար գրանցել նրանց որպես արտասահմանյան գործակալներ։
Այնուամենայնիվ, կառավարող կուսակցության մի շարք անդամներ, այդ թվում վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Մդինարաձեն, հայտարարել են, որ կառավարությունը «պատրաստ է քննարկումների» վիճահարույց օրենքի վերաբերյալ։
Դեկտեմբերին Վրաստան կատարած այցի ժամանակ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն ասել էր, որ Վրաստանի կառավարությունը խոստացել է փոփոխել օտարերկրյա գործակալների մասին օրենքի բովանդակությունը։ Այդ նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ Վրաստանի և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Բերսենը նաև հայտնել էր, որ աշխատանքային խմբում կներգրավվի նաև Վենետիկի հանձնաժողովը։
Civilnet











