Հետախուզական տվյալներ ունենք, որ Բաքվի հայ պատանդներից հոգեներգործության արգելված միջոցներով Հայաստանի Հանրապետության դեմ ցուցմունքներ են կորզելու. այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի հետ զրույցում։
Դիտարկմանը, թե դուք ոչինչ չեք անում Բաքվի հայ գերիներին վերադարձնելու համար, քանի որ նրանք ձեր քաղաքական հակառակորդներն են, Փաշինյանը պատասխանել է. «Ես այնտեղ գտնվող որևէ մեկին իմ քաղաքական հակառակորդը չեմ համարում, և ավելին ասեմ, որ մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն լրջորեն մտահոգիչ է, այլև օգտագործվելու է և օգտագործվում է տարածաշրջանում նոր էսկալացիաներ հրահրելու համար»։
Փաշինյանն ասել է, թե հետախուզական տեղեկություններ ունեն, որ «այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզվեն նրանցից»։ «Մենք այս հարցը շատ լավ և շատ խորությամբ հասկանում ենք, մեզ հաշիվ ենք տալիս և բոլոր հասու միջոցներով փորձ ենք անում այդ խնդիրը լուծել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Ես արդարանալու համար չեմ ասում… այսօր կան գերտերություններ, որոնք նույն վիճակում գտնվող քաղաքացիներ ունեն տարբեր երկրներում և տարիներով չեն կարողանում հետ բերել»,- ասել է նա։
Բաքվի ռազմական դատարանում հունվարի 17-ին մեկնարկեց Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունը։
2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ իննամսյա շրջափակումից և երկրամասի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնխարար Դավիթ Բաբայանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Նրանց ներկայացված են բազմապիսի կեղծ մեղադրանքներ, որոնք նախատեսում են ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։ Ռազմական դատարանի առջև նրանցից բացի կանգնած է ևս ութ հոգի։ Ադրբեջանում պահվող հայ պատանդների թիվը պաշտոնապես 23 է։
Civilnet











