Գլխավոր Լրահոս

ChatGPT-ի չինական մրցակիցը՝ Deepseek-ը, խուճապ է առաջացրել Սիլիկոնյան հովտում

ChatGPT-ի չինական մրցակիցը՝ Deepseek-ը, խուճապ է առաջացրել Սիլիկոնյան հովտում

Չինական DeepSeek ընկերությունը թողարկել է անվճար չատ-բոտ՝ խուճապ առաջացնելով Սիլիկոնյան հովտի ներդրողների շրջանում և գերազանցելով ամերիկյան ChatGPT-ին դատողություններ անելու մի շարք թեստերում։

Չինական DeepSeek-R1 արհեստական բանականության հավելվածը դարձել է Apple App Store-ում ամենաբարձր վարկանիշ ունեցող անվճար հավելվածը ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Չինաստանում։

Դրա հանրաճանաչությունն աճել է թողարկման պահից՝ հերքելով այն լայնորեն տարածված կարծիքը, որ ԱՄՆ-ն արհեստական բանականության ոլորտում անվիճելի առաջատար է։

DeepSeek-ի տվյալներով՝ նոր չատ-բոտն օգտագործում է ավելի էժան չիպեր և հիմնված է տվյալների ավելի փոքր բազայի վրա։

ԱԲ օգնականն աշխատում է բաց կոդով DeepSeek-V3 մոդելի հիման վրա, որը, ըստ հետազոտողների, մշակվել է 6 մլն դոլարից պակաս գումարով, ինչը զգալիորեն քիչ է մրցակիցների կողմից նմանատիպ մշակումների վրա ծախսված միլիարդավոր դոլարներից։ Սակայն այս պնդումը վիճարկվում է ԱԲ ոլորտի այլ մասնագետների կողմից։

R1-ի ի հայտ գալը, կարծես թե, հերքում է ֆինանսական շուկաներում լայնորեն տարածված այն դրույթը, որ արհեստական բանականությունը կխթանի պահանջարկը մատակարարման ողջ շղթայում՝ չիպեր արտադրողներից մինչև տվյալների մշակման կենտրոններ, գրում է Reuters գործակալությունը։

DeepSeek-ը խուճապ է առաջացրել բորսաներում։ Երկուշաբթի առավոտյան Եվրոպայում Nasdaq 100 էլեկտրոնային ֆոնդային բորսայի ֆյուչերսները նվազել են 2,6%-ով, S&P 500-ինը՝ 1,4%-ով։ Ամերիկյան Nvidia տեխնոլոգիական ընկերության բաժնետոմսերն ընկել են գրեթե 10%-ով։ ԱԲ ներդրումներին կողմնորոշված SoftBank Group-ի բաժնետոմսերն ընկել են ավելի քան 8%-ով, ինչը դարձել է սեպտեմբերի 30-ից ի վեր ամենամեծ միօրյա անկումը։

DeepSeek ընկերությունը հիմնադրել է չինացի միլիարդատեր Լյան Վենֆենը, որը կառավարում է High-Flyer ներդրումային հիմնադրամը։

Deepseek-ը ամբողջությամբ ֆինանսավորվում է High-Flyer-ի կողմից և չի ծրագրում ներդրողների միջոցներ ներգրավել։

«Ընկերությունը կենտրոնացած է հիմնարար տեխնոլոգիաների, այլ ոչ թե առևտրային հավելվածների ստեղծման վրա։ Այն պարտավորվել է բաց կոդ տրամադրել իր բոլոր մոդելների համար»,- գրում է ChinaTalk պորտալը։

Ամերիկյան ընկերությունները, այդ թվում՝ OpenAI-ը և Google DeepMind-ը, դարձել են «դատողությունների մոդելների» (Reasoning models) մշակման պիոներներ՝ ԱԲ հետազոտությունների համեմատաբար նոր ոլորտում, որտեղ փորձեր են արվում ստեղծել մարդու ճանաչողական հնարավորություններին համապատասխանող մոդելներ։

Դեկտեմբերին Սան Ֆրանցիսկոյում գտնվող OpenAI-ը թողարկել է իր o1 մոդելի լրիվ տարբերակը, սակայն գաղտնի է պահել մշակման մեթոդները։

DeepSeek չատ-բոտի թողարկումը R1 ձևաչափով Սիլիկոնյան հովտում բուռն վեճեր է առաջացրել այն մասին, թե արդյոք արհեստական բանականության մշակմամբ զբաղվող ամերիկյան ընկերությունները, այդ թվում՝ Meta-ն և Anthropic-ը, կկարողանան պաշտպանել իրենց տեխնիկական առավելությունը։

Տեխնոլոգիական բաժնետոմսերի սինգապուրյան խորհրդատու Վեյ-Սերն Լինգը BBC-ին ասել է, որ չինական ԱԲ օգնականը կարող է «պոտենցիալ կերպով խաթարել ԱԲ ողջ մատակարարման շղթայի ներդրումային հիմնավորումը»։

Սակայն Ուոլ Սթրիթի բանկային հսկա Citi-ն զգուշացրել է, որ չնայած DeepSeek-ը կարող է մարտահրավեր նետել ամերիկյան OpenAI-ի նման ընկերությունների գերիշխող դիրքերին, չինական ֆիրմաների առջև ծառացած խնդիրները կարող են խոչընդոտել նրանց զարգացումը։

«Մեր գնահատականներով, անխուսափելի սահմանափակումների պայմաններում ԱՄՆ-ի հասանելիությունն ավելի կատարելագործված չիպերին կարելի է դիտարկել որպես առավելություն»,- նշվում է վերլուծաբանների զեկույցում։

Աղբյուրը՝ BBC

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում