ԵՄ խորհուրդը երկուշաբթի որոշում է կայացրել կասեցնելու վիզայի ազատ ռեժիմը Վրաստանում տրված դիվանագիտական անձնագրերի համար։
«Սա կարող է հանգեցնել նրան, որ վրացի դիվանագետները և պաշտոնյաները ստիպված լինեն վիզայի դիմել ԵՄ ճամփորդելու համար»,- ասված է ԵՄ խորհրդի հաղորդագրությունում:
«Հիմնարար իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները ԵՄ ինտեգրման հիմնական սկզբունքներն են: Պաշտոնյաները, որոնք ներկայացնում են այս արժեքները ոտնահարող երկիր, չպետք է օգտվեն ԵՄ ավելի հեշտ մուտք գործելու հնարավորությունից»,- ասել է Լեհաստանի ներքին գործերի և վարչարարության նախարար Թոմաշ Սիմոնյակը։
ԵՄ խորհրդի հաղորդագրության համաձայն՝ որոշումն ընդունվել է ի պատասխան անցյալ տարի Վրաստանի կառավարության կողմից ընդունված հակասական՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի և այսպես կոչված «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքի, որը հայտնի է որպես ԼԳԲՏ «քարոզչության» օրենք:
«ԵՄ-ն համարում է, որ այս օրենքները խախտում են վրաց ժողովրդի հիմնարար իրավունքները, այդ թվում՝ միավորումների և արտահայտման ազատությունը, անձնական կյանքի իրավունքը, հասարակական կյանքին մասնակցելու իրավունքը և մեծացնում են խտրականությունն ու խարանը»,- ասված է հաղորդագրությունում:
Նաև նշվում է, որ սա «արձագանք է վրացական իշխանությունների կողմից խաղաղ ցուցարարների, քաղաքական գործիչների և անկախ լրատվամիջոցների դեմ բռնաճնշումներին»:
Ավելի քան 60 օր Վրաստանի տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են անցկացնում կառավարության՝ ԵՄ-ից վերջին շրջադարձի դեմ:
Երեքշաբթի լրատվամիջոցների հետ զրույցում Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է, որ Վրաստանի ժողովրդավարական հետընթացը չէր կարող մնալ առանց ԵՄ-ի արձագանքի: Ըստ Հերչինսկու՝ ԵՄ-ի նպատակը ոչ թե վրաց ժողովրդին, այլ ճնշումների, ահաբեկման և շարունակվող բռնությունների համար պատասխանատուներին պատժելն է:
ԵՄ խորհուրդը հայտնել է, որ վիզայի տրամադրման պարզեցված ռեժիմը կկասեցվի Վրաստանի պաշտոնական պատվիրակությունների անդամների համար, որոնք մասնակցում են ԵՄ երկրի տարածքում միջկառավարական կազմակերպությունների կազմակերպած պաշտոնական հանդիպումներին և այլ միջոցառումների: Այն կազդի նաև Վրաստանի ազգային և տարածաշրջանային կառավարությունների և խորհրդարանների, Վրաստանի Սահմանադրական դատարանի և Գերագույն դատարանի անդամների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրերի բոլոր տերերի վրա:
Կարող են լինել նաև լրացուցիչ միջոցառումներ:
ԵՄ խորհուրդը նշել է, որ «մասնակի կասեցման ուժի մեջ մտնելուց հետո [...] անդամ պետությունները կարող են որոշել ընդունել ազգային միջոցառումներ՝ դիվանագիտական, ծառայողական/պաշտոնական անձնագրերի և հատուկ անձնագրերի տերերի համար վիզայի պահանջ կիրառելու համար»:
Երեքշաբթի Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Բուդապեշտը չի կասեցնի վրացի դիվանագետների համար վիզայի ազատ ռեժիմը:
«Հունգարիան չի կասեցնի Վրաստանի հետ ծառայողական և դիվանագիտական անձնագրերի համար վիզայի ազատ ռեժիմի գործող համաձայնագիրը, քանի որ Հունգարիայի կառավարությունը կարծում է, որ Վրաստանի ապագան պետք է որոշվի այնտեղ, և վրացիները հստակ որոշել են, անկախ նրանից՝ Բրյուսելին դուր է գալիս դա, թե ոչ»,- նշել է նա:
Վարչապետ Վիկտոր Օրբանի ղեկավարությամբ Հունգարիան եղել է «Վրացական երազանքի» ամենաուժեղ աջակիցներից մեկը ԵՄ-ում: Օրբանը միջազգային առաջին առաջնորդն էր, որը ճանաչեց «Վրացական երազանքի» հաղթանակը հոկտեմբերին՝ շնորհավորական ուղերձ հղելով քվեարկությունն ավարտվելուց ընդամենը րոպեներ անց և շատ ավելի վաղ, քան արդյունքները պաշտոնապես հաստատվել էին:
Օրբանը և հունգարացի այլ պաշտոնյաներ նույնպես աջակցել են «Վրացական երազանքի» հռետորաբանությանը և դավադրության տեսություններին, ինչպես նաև հետևողականորեն արգելափակել են Վրաստանի ժողովրդավարական հետընթացին ի պատասխան ԵՄ միջոցառումները:
Խորհրդի որոշումից հետո Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին նսեմացրել է որոշման նշանակությունը՝ պնդելով, որ դա ընդամենը «տեխնիկական» քայլ է:
«Եվրամիությունը դիվանագետներին և դիվանագիտական անձնագրերի տերերին ասում է, որ իբր նրանք սպառնալիք են ԵՄ անդամ պետությունների հասարակական կարգի համար. այս պնդումը միանգամայն անհիմն է և հակասում է Վրաստանի հետ ավելի սերտ կապեր խթանելու ԵՄ հանձնառությանը»,- ասել է Բոչորիշվիլին՝ պատասխանելով լրագրողի հարցին:
«Մենք ուշադիր կհետևենք, թե ինչպես է ԵՄ յուրաքանչյուր անդամ պետություն իրականացնում Խորհրդի որոշումը: Մեզ համար առավել կարևոր է Եվրամիության հետ հարաբերությունների ավելի լայն պատկերը»,- ավելացրել է նա:
Իր հերթին խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ֆեյսբուքյան գրառմամբ նշել է, որ ժողովրդավարությունը ոտնահարելու վերաբերյալ Բրյուսելի մեղադրանքները կեղծ են և կեղծավոր:
«Սակայն [Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ] Սաակաշվիլիի՝ ավտորիտար ռեժիմի հիմնադրի՝ բանտից ազատ արձակման պահանջից հետո դա զարմանալի չէ»:
2024-ի դեկտեմբերի 17-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ դիվանագիտական անձնագրերի տերերի համար վիզայի ազատ ռեժիմը կասեցնելու վերաբերյալ ԵՄ արտգործնախարարների համաձայնությունը «միանշանակ հակավրացական քայլ է»:
«Չնայած այն հանգամանքին, որ այս առաջարկությունն ըստ էության ունի նաև խորհրդանշական նշանակություն, այն պետք է գնահատել որպես միանշանակ հակավրացական քայլ, որը, իհարկե, խաթարում է եվրոպական կառույցների նկատմամբ վստահությունը վրաց հասարակության ընկալման մեջ»,- ասել է նա:
Civilnet











