Գլխավոր Լրահոս

Ինչ փոփոխություն է առաջարկում ավագանին տոմսային համակարգում

Ինչ փոփոխություն է առաջարկում ավագանին տոմսային համակարգում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունվարի 28-ին ուղերձով հանդես եկավ՝ նշելով, որ մայրաքաղաքում փետրվարից 1-ից կներդրվի նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ: Նրա խոսքով՝ այն կգործի 2025-ին ու կարող է փոխվել ամեն տարի առավելագույնը տասը դրամով։

Քաղաքապետը նաև նշեց, որ հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետները երկարեցնելու են ևս մեկ ամսով։

Այս փոփոխությունների կատարման համար ավագանին արտահերթ նիստ է գումարելու հունվարի 31-ին, նիստի օրակարգում մեկ հարց է՝ Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի N 95-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին։ Ի՞նչ է գրված նախագծում։

Առավելագույնը 10 դրամով փոփոխելու դրույթը չկա

Երևանի ավագանու արտահերթ նիստին բերված որոշման նախագծում որևէ դրույթ չկա, որը թույլ կտար երաշխավորել, որ ավագանին, օրինակ, 2026-ին, չի որոշի տրանսպորտը թանկացնել ևս 150 դրամով։ Չի բացառվում, որ նոր որոշում բերվի կամ այլ փոփոխություն իրականացվի։

Ավագանու որոշման նախագիծը ամրագրում է նոր ուղևորատոմոսի ներդրումը, ըստ այդմ՝ «Մեկ ուղևորություն» ֆիզիկական կամ էլեկտրոնային տոմսը արժենալու է 150 դրամ և գործելու է 3 օր, այսինքն՝ ձեռք բերման պահից 3 օրվա ընթացքում պետք է մեկ ուղոևորթյունը կատարել։

Պետք է արձանագրել կարևոր մի հանգամանք՝ միայն 150-դրամանոց տոմսն է գործելու մինչև այս տարեվերջ, մյուս փաթեթների մասով ժամկետի սահմանափակում չկա։ Այսինքն՝ 150-դրամանոց տոմսը ժամանակավոր է, չի բացառվում, որ այն հանրային դժգոհությունը մեղմելու համար է։ Քաղաքային իշխանությունը տարեվերջին ազատորեն կարող է այն փոխել։

Անսահմանափակ փաթեթների ժամկետների երկարացումը չի գործի փետրվարի 28-ից հետո ձեռքբերվելիք տոմսերի դեպքում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նաև հայտարարեց, որ ցանկանում են հունվար և փետրվար ամիսներին ձեռքբերված անսահմանափակ փաթեթների ժամկետները երկարացնել ևս մեկ ամսով, որպեզի քաղաքացիները զգան դրանց առավելությունները։

Երևանի ավագանու որոշման նախագծում այս մասով ամրագրվել է, որ 2025-ի հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ձեռքբերված «30 օր», «90 օր» և «365 օր» փաթեթների ժամկետները կավելացվեն ևս 30 օրով։

Փետրվարի 28-ից հետո բոլոր փաթեթները կգործեն նախկին ձևով։

Մեծ հաշվով որոշման մեջ ավելացվել է միայն 150-դրամանոց տոմսը, որը գնելուց հետո քաղաքացիները պետք է երեք օրվա մեջ օգտագործեն։ Ընդ որում, եթե մյուսների պարագայում տոմսի ժամկետը հոսում է ակտիվացնելուց հետո, ապա այս դեպքում՝ ձեռք բերելուց։ Մինչ այս նույն կերպ գործել է 100-դրամանոց տոմսը։ Այս տոմսն էլ քաղաքային իշխանությունը կարող է փոխել։

Ավելի վաղ՝ հունվարի 22-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրառմամբ տեղեկացրել էր, որ կքննարկվեն միասնական տոմսային փաթեթների սակագների վերանայման հնարավորությունները։ Մասնավորապես, նա առաջարկում էր մի շարք փոփոխություններ փաթեթներում։ Ավագանու արտահերթ նիստի օրակարգային հարցում այդ մասով փոփոխություններ չկան։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում