Ռուսաստանը պատրաստ է քարտեզագրական նյութեր տրամադրել Երևանին և Բաքվին. Օվերչուկ

Ռուսաստանը մշտապես աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման և սահմանազատման գործընթացին և պատրաստ է դիմումի հիման վրա քարտեզագրական նյութեր տրամադրել Երևանին և Բաքվին։ Մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել երկրներին՝ հիմնվելով նման բնույթի աշխատանքի իր մեծ փորձի վրա: Օվերչուկը նաև նշել է, որ Մոսկվան լավ առաջընթաց է արձանագրում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցում։
Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովները որոշել են սահմանազատումը շարունակել հյուսիսից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից, և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի հետ:
Մեկնաբանելով Եվրամիության հետ Հայաստանի մեկնարկած գործընթացը և պնդումները, թե Հայաստանը կարող է միաժամանակ պահպանել իր տեղը Եվրասիական տնտեսական միությունում, Օվերչուկն ասել է, որ եվրոպական շուկաների բացումը ենթադրելու է շուկաների փակում ԵԱՏՄ-ի երկրների հետ։
Civilnet










