Վրաստանը Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն տեսնելու անկեղծ ցանկություն ունի։ Այս մասին հունավրի 30-ին Երևանում հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին։
«Մենք պատրաստակամ ենք անել այն ամենը, ինչ կարող ենք՝ հասնելու համար այս նպատակին, որպեսզի վստահ լինենք, որ մեր տարածաշրջանը կայուն է, խաղաղ և բարգավաճում է։ Հուսանք, որ խաղաղության պայմանագիրը Հայաստանի և Ադրբեջանի համար կամփոփվի այնպիսի դրույթներով, որ երկուստեք ընդունելի կլինի։ Միայն սա կարող է հիմք հանդիսանալ այս տարածաշրջանի կայունության համար, կայուն խաղաղության հասնելու համար։ Եվ մեր տարածաշրջանի ներուժն օգտագործելու համար միայն պետք է հիմնվել այս հիմքի վրա»,- նշեց Վրաստանի արտաքին գործերի նախարարը։
Վրաստանի արտգործնախարան անդրադարձել է նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ հատկապես ընդգծելով Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների օկուպացիայից բխող մարտահրավերները։ Նախարարը նշել է, որ այս իրավիճակը լուրջ հումանիտար, տնտեսական և սոցիալական խնդիրներ է առաջացրել երկրի համար։
Միաժամանակ, նախարարը կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև փոխադարձ հարգանքը՝ շեշտելով, որ երկու երկրները հաստատակամորեն հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Նա հավաստիացրել է, որ այս սկզբունքները կպահպանվեն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններում։
Վրաստանի արտգործնախարարը խոսել է նաև Երևանում կայանալիք Հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 14-րդ նիստի մասին։ Նա ընդգծել է հանձնաժողովի առանձնահատուկ կարևորությունը՝ նշելով, որ նիստը ղեկավարում են երկու երկրների վարչապետերը։
Նախարարը շեշտել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև գոյություն ունեն ամուր կապեր տարբեր ոլորտներում։ Ըստ նրա, երկու երկրները կիսում են ընդհանուր շահեր և հետաքրքրություններ, ինչպես նաև ցանկություն ունեն խորացնելու համագործակցությունը մի շարք բնագավառներում, այդ թվում՝ տնտեսության, տրանսպորտի, շրջակա միջավայրի պահպանության և զբոսաշրջության ոլորտներում։
Civilnet











