ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին։ Երկու երկրների վարչապետերն առանձնազրույցից հետո հանդես են եկել հայտարարություններով։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայացուցիչների պարբերական փոխայցերը տնտեսական համագործակցության, միջկառավարական հանձնաժողովի ամենամյա կանոնավոր նիստերը, երկու երկրների բարեկամության առկա փոխգործակցության ծավալների աճի և համատեղ ձևավորված հարուստ օրակարգի վկայությունն են։ Վարչապետի խոսքով, նախորդ տարի Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը նոր լիցք է հաղորդել երկու երկրների միջպետական հարաբերություններին։
«Վստահ եմ, որ մեր կառավարությունների համատեղ ջանքերով, և առանց որևէ սահմանափակումների շարունակելու ենք խորացնել բազմոլորտ համագործակցությունը։
Մեր հանձնաժողովն այսօր հանգամանորեն քննարկել է ՀՀ-ի և Վրաստանի միջև տնտեսության, տրանսպորտի, կապի և հաղորդակցության, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության ընթացիկ ծրագրերն ու փոխգործակցության նոր հեռանկարները։ Պետք է արձանագրեմ, որ մեր եղբայրական երկրների համագործակցության և ջերմ վերաբերմունքը խարսխվել է շատ կոնկրետ և ամուր իրողությունների վրա»,- ասել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նաև ընդգծել է, որ Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար և աներկբայորեն հարգում են միմիանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
«Մեր երկրները ռազմավակարան գործընկերներին հարիր հարգանքով և հոգատարությամբ են վերաբերվում տարբեր հարցերում առկա դիրքորոշումներին ու առաջնահերթություններին՝ ձգտելով ոչ միայն չվնասել, այլև առավելագույն աջակցություն ցուցաբերել միմյանց շահերի առաջմղմանը»,- ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև, որ Հայաստանի և Վրաստանի հասարակությունները կիսում են արժեհամակարգային, մշակութային և կենցաղային բազմաթիվ ավանդույթներ, որոնք անխախտ են դարձնում մեր երկրների բարեկամությունը։
Նիկոլ Փաշինյանը նաև վրացի գործընկերներին տեղեկացրել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և լիարժեք վերագործարկմամբ, որը պետք է տեղի ունենա բոլոր երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունը լիարժեք հարգելու շրջանակում։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իր հերթին ընդգծել է. «Այս գործընկերությունը խիստ կարևոր է ամբողջ տարածաշրջանի անվտանգության, կայուն զարգացման և բարգավաճման համար։ Այսօր մենք անցկացրինք հայ-վրացական տնտեսական հանձնաժողովի 14-րդ նիստը։ Այն արդյունավետ էր։ Ուզում եմ հատուկ նշել, որ այսօրինակ նիստերի կանոնավոր անցկացումը խիստ կարևոր է մեր համագործակցության հետագա ընդլայնման համար, որպեսզի հասնենք մեր նպատակներին»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Կոբախիձեն նաև կարևորեց միմյանց ռազմավարական շահերի և տարածքային ամբողջականության հանդեպ փոխադարձ հարգանքը։ Վրաստանի վարչապետը Հայաստանի պաշտոնակցին հրավիրեց Թբիլիսի։
Civilnet











