Շվեյցարիայի հայկական և հայանպաստ կազմակերպությունների խորհուրդը (Conseil des Associations arméniennes et arménophiles de Suisse - CAAS) խորը մտահոգություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ցյուրիխում Հայոց ցեղասպանության մասին արած հայտարարությունների կապակցությամբ:
Հունվարի 24-ին Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ի պատասխան Ցեղասպանության մասին հարցի, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է, որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է»։ Փաշինյանն ակնարկել էր, թե Ցեղասպանության հարցը օրակարգ են բերել խորհրդային առաջնորդները։
«Այս հայտարարությունները, որոնք մենք համարում ենք վիճահարույց, առնչվում են Հայոց ցեղասպանության հիշատակին և օրինական հարցեր են բարձրացնում մարդկության դեմ ուղղված այս հանցագործության և դրա միջազգային ճանաչման նկատմամբ Հայաստանի կառավարության հանձնառության վերաբերյալ:
Ավելի քան կես դար Հայոց ցեղասպանության ճանաչումը եղել է զոհերի ժառանգների և պատմական արդարության համար պայքարող կազմակերպությունների առաջնահերթություն: Որպես Շվեյցարիայի հայկական սփյուռք՝ մենք համարում ենք, որ այս ճանաչման կարևորության նսեմացումը կամ հարաբերականացումն անհամատեղելի է աշխարհասփյուռ հայության ակնկալիքների հետ:
Հիշեցնում ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հիմնված է անվիճելի պատմական փաստերի վրա, որոնք հաստատվել են հարյուրավոր հետազոտողների կողմից: Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվել է ակադեմիական հաստատությունների և մի շարք պետությունների, այդ թվում՝ Շվեյցարիայի կողմից՝ իր Ազգային խորհրդի միջոցով, բայց առաջին հերթին՝ հենց Հայաստանի Հանրապետության կողմից: Այս ճանաչման պայքարը քաղաքական բաժանումներից անդին է և մարմնավորում է արդարության համընդհանուր որոնումը»:
CAAS-ը Հայաստանի կառավարությանը կոչ է անում ստանձնել իրենց պատասխանատվությունը. «Որևէ պարագայում չի կարելի թույլ տալ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ստորադասվի քաղաքական կամ դիվանագիտական նկատառումներին և չի կարելի թույլ տալ հայ ազգի հակառակորդներին օգտագործել նման խոսքերը ժխտողական նպատակներով: Մենք կոչ ենք անում վարչապետին պարզաբանել իր խոսքերը և միանշանակ վերահաստատել միջազգային ասպարեզում Հայոց ցեղասպանության ճանաչման իր հանձնառությունը»:
Շվեյցարահայերի կազմակերպությունը նշում է, որ եթե Հայաստանի կառավարությունը շարունակի հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարից, ապա CAAS-ի, ընդհանրապես Սփյուռքի և այս գործի բոլոր դաշնակիցների պարտքը կլինի անխոնջ շարունակել պատմական այս պայքարը. «Զոհերի հիշատակը, ժառանգների պատիվը և արդարության ու ճշմարտության հիմնարար սկզբունքները պահանջում են, որ այս պայքարը երբեք չդադարի՝ անկախ քաղաքական հանգամանքներից կամ հանդիպած խոչընդոտներից»:
«Հայաստանի կառավարության նման՝ մենք ձգտում ենք տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության: CAAS-ը ստեղծվել է մասնավորապես Հայաստանի Հանրապետության հետ մեր համերաշխությունն արտահայտելու համար, հատկապես՝ նրա ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության առումով: Հենց դրա համար էլ կարևոր է, որ Սփյուռքը և Հայաստանը մնան ամուր և հետևողական միջազգային իրավունքի, արդարության և պատմական ճշմարտության հանդեպ իրենց հանձնառության մեջ այս դժվարին ժամանակներում»,- նշված է հայտարարությունում:
Այսօր Նիկոլ Փաշինյանի պնդումների վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Լեմկինի՝ ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտը՝ նրան կոչ անելոով չկրկնել Ցեղասպանության ժխտողական խոսույթները։
Ցյուրիխում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած լրագրող և գիտնական Վիգէն Չըթըրեանն էլ գրել է, որ «1915-ի Ցեղասպանության իրողությունը հարցականի տակ դնելը Հայաստանի ռազմավարական մարտահրավերների պատասխանը չէ։ Ընդհակառակը, դա միայն ավելի շատ ցավ կպատճառի հայերին և վնաս՝ Հայաստանի պետական շահերին»:
Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Փաշինյանի ցյուրիխյան հանդիպմանը նրա հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը «ազգային աղետ» է որակել։
Civilnet











