«Ես խնդրում եմ հայ գյուղացուն շատ հետևողական պայքար ծավալել կարտոֆիլի ցեցի դեմ, որովհետև եթե մենք սրա դեմը չառնենք, սա կլինի մեր գյուղատնտեսության վերջը»,- «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» ծրագրում ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:
Ըստ Բերբերյանի՝ անցյալ տարի միայն երկու գյուղի հողերն էին վարակված«մորմազգիների թիթեռով», որին գյուղացին «կարտոֆիլի ցեց է կոչում, այս տարի արդեն 45 գյուղ է, եկող տարի կարող է լինել ողջ Արարատյան դաշտը: «Այս միջատները ոչնչացնում են բոլոր մորմազգիները՝ ծխախոտը, լոլիկը, կարտոֆիլը: Սա հիմա միայն Արարատյան դաշտում է, բայց կարող տարածվել նաև Իջևանում: Սա երկու տարի ձվադրումից հետո կարող է մնալ հողում կամ պահեստում: Բայց այնպես չէ, որ պայքարելու հնար չկա. ու շատ ամոթ է, որ «Հայլուր»-ով ինչ-որ մասնագետներ ասում են, թե սա նոր վարակ է, սրա դեմ պայքարի միջոց դեռ չկա»,- նշեց նա:
Բերբերյանը կոչ արեց գյուղացիներին երկու տարի վարակված հողերում չմշակել մորմազգիներ: «Թող մշակեն սոխ կամ սխտոր: Վարունգին էս թրթուրը բոլորովին չի մոտենում: Ուղղությունները կարող ենք գյուղացուն ցույց տալ: Պետությունը անվճար ձմերուկի սերմեր պիտի տա, սեխի սերմեր, միայն թե նվազագույնը երկու տարի մորմազգի այդ հողերում չմշակվի,- բացատրեց նա:- Թրթուրն ակտիվանում է շուրջ տաս աստիճանում և ձվադրում ամեն տասնհինգ օրը մեկ, դրա համար ամեն տասնհինգ օրը մեկ պետք է հողերը մշակվեն»:
Նրա դիտարկմամբ՝ գյուղնախարարությունը կամ գիտակցաբար ստում է, կամ տգետ է այնքան, որ հայտարարում է, թե անասնակերի հետ կապված խնդիր չկա: «Մենք արդեն իսկ ունենք անասունների գլխաքանակի անկում. դա կապված է կանաչ հյութալի կերի կուտակում չապահովելու հետ: Իսկ նրանց, որ ասում են, թե բավարար չափով ծղոտ են կուտակել, ես ուղղակի մի անգամ էլ դաս կտամ, որ ծղոտն ուղղակի ծավալային կեր է, և ոչ կաթնատվության վրա է ազդում, ոչ՝ մսատվության»,- նշեց նա:
Բերբերյանի խոսքով՝ խախտումներով է կատարվել նաև մեծաքանակ ցողենի սերմացուի ներկրումը: «Անցյալ տարի ցորենի սերմացուի ներկրումն օրենքի խախտում էր. այդ սերմերը, ըստ օրենքի, պիտի սորտափորձաքննություն անցնեին մեր գոտիականության վրա երեք տարի շարունակ, նոր ներկրվեին,- նշեց նա՝ ցուցադրելով ներկրված սերմացուի պիտակները, որոնց վրա միայն ցորենի տեսակն էր նշված,- նման պիտակներ երևի վերջին անգամ 37 թվին են եղել»:
Եվս մեկ անշրջելի խնդիր է մնում ոռոգումը: «Հազար անգամ տարիներ շարունակ ասել ենք, որ Ջրօգտագործման ընկերությունները գյուղացու գլխին պատուհաս են. միայն վերջերս վարչապետը շատ տեղին հայտարարեց, որ խայտառակ խախտումներ են հայտնաբերել: Շուտ պիտի նկատեր»:
Civilnet











